Իրանի և վեց տերությունների միջև համաձայնությունը լուրջ հնարավորություն է բացում Հայաստանի տնտեսության համար, վստահ է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը.- «Որովհետև դա Հայաստանի տնտեսության համար լրացուցիչ թթվածին կլինի»։
Պատասխանելով «Ազատության» հարցին, թե հնարավոր է՝ Իրանի հետ նոր պայմանավորվածություննե՞ր ձեռք բերվեն, նախարարն ասաց.- «Ամեն ինչ կախված է ժամկետներից և հետագա ընթացքից, նաև կախված է նրանից, թե որքան պատրաստակամություն կլինի մեր գործընկեր երկրի կողմից՝ դրանք նորից վերանայելու, ընդլայնելու, խորացնելու։ Համենայնդեպս, Հայաստանի Հանրապետությունը դրանում միշտ շահագրգռված է եղել և մնալու է»։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների ու Գերմանիայի, իսկ մյուս կողմից՝ Իրանի միջև հուլիսի 14-ին Վիեննայում կնքվեց պատմական համաձայնագիր, ըստ որի Թեհրանը պարտավորվել է ձեռք չբերել, չստեղծել միջուկային զենք, 2/3-ով կրճատել է իր ցենտրիֆուգների թիվը և թույլատրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը ստուգումներ անցկացնել իր միջուկային կենտրոններում: Փոխարենը՝ Իրանի նկատմամբ դեռ 1995 թվականից սահմանված պատժամիջոցները աստիճանաբար հանվելու են:
Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը «Ազատությանը» փոխանցեց, որ այդ համաձայնագիրը լայն հնարավորություններ է բացում Հայաստանի համար:
«Նախ հավանաբար Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը կարագանա, հետո հնարավորություններ կստեղծվեն, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ավելի մեծ ներդրումներով հանդես գա։ Բոլոր հնարավորությունները ընդլայնվում են։ Հիմնականում խնդիրը բանկային համակարգի մեջ էր»,- ասաց Զախարյանը։
Չնայած նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքը տեղի ունեցավ դեռ 2012-ի նոյեմբերին, սակայն առ այսօր շինարարական աշխատանքները տեղից չեն շարժվել:
Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին 2013-ի դեկտեմբերին հայտարարեց, որ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման հետաձգվելը պայմանավորված է Իրանի ու Հայաստանի միջև բանկային անհրաժեշտ համագործակցության բացակայությամբ, ինչն էլ պատժամիջոցների հետևանք է։
Հայաստանի իշխանությունները միշտ խոսել են հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների կարևորության, անգամ՝ ռազմավարական բնույթի մասին: Մինչդեռ թվերը այլ բան են վկայում: Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, 1999-2014թթ. ընթացքում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ Իրանի չափաբաժինը ավելի քան երկու անգամ նվազել է: Եթե 1999-ին հայ-իրանական առևտուրը Հայաստանի ողջ արտաքին առևտրաշրջանառության 10.8 տոկոսն էր (112.7 միլիոն դոլար, 1999թ. Հայաստանի ողջ արտաքին առևտուրը 1 միլիարդ 35 միլիոն դոլար էր), ապա 2014-ին՝ 4.9 տոկոսը (291.1 միլիոն դոլար, 2014թ․ Հայաստանի ողջ արտաքին առևտուրը 5 միլիարդ 920 միլիոն դոլար էր):
Այսինքն 16 տարվա ընթացքում Հայաստանի արտաքին առևտուրը կրկնակի արագ է աճել, քան հայ-իրանական առևտուրը:
Հայաստանում «Մելլաթ» բանկի գործադիր տնօրեն Թուրաջ Մեհրդատը այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ չի կասկածում՝ պատժամիջոցների վերացումը լուրջ խթան կհանդիսանա հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների համար:
«Բնականաբար, Իրան-Հայաստան ֆինանսական հարաբերությունները կբարելավվեն: Երկար տարիներ մենք չէինք կարողանում օգտագործել այն ֆինանսական, բանկային գործիքները, որոնք միջազգային բանկերը օգտագործում են առևտրատնտեսական հարաբերությունները խթանելու համար: Վերստին ձեռք բերելով այդ գործիքները՝ կարող ենք օգնել և՛ տեղական, և՛ միջազգային կազմակերպություններին հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները բարելավելու համար»,- ասաց Մեհրդատը: