Մատչելիության հղումներ

Իրանի հարցով համաձայնությունը «Հայաստանի համար նոր հնարավորություններ կբացի»


Քարնեգի հաստատության վերլուծաբանի կարծիքով՝ համաձայնագիրը նաև կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը:

Իրանի միջուկային ծրագրի հարցում ձեռք բերված համաձայնությունը հսկայական հնարավորություններ է բացում Հայաստանի համար, համոզված է Քարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Փոլ Սթրոնսկին:

«Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում վերլուծաբանը նշեց, որ համաձայնագրի իրականացման և Իրանից որոշ պատժամիջոցների հանման դեպքում հայկական կողմը կարող է խորացնել Իրանի հետ տնտեսական համագործակցությունը առևտրի, փոխադրումների և տեխնոլոգիաների ոլորտում։ «Իրանի հետ առևտուրը Հայաստանի արտաքին առևտրի ընդամենը հինգ տոկոսն է կազմում, ինչի պատճառը պատժամիջոցներն էին։ Այսպիսով՝ Իրանից պատժամիջոցները հանելուն պես Հայաստանի համար նոր հնարավորություններ կբացվեն», - ասաց Սթրոնսկին։

Նրա խոսքով, Հայաստանը նաև իրական հնարավորություն է ստանում իր տարածքով իրանական գազ տեղափոխելու դեպի Եվրոպա, ինչն իրական է նույնիսկ Ռուսաստանի հակազդեցության դեպքում։ «Ես միանշանակ Հայաստանին կխրախուսեի քննարկել Իրանի և Վրաստանի հետ իրանական էներգակիրների՝ իր տարածքով փոխադրման հնարավորությունները», - ասաց Փոլ Սթրոնսկին։

Վերլուծաբանի կարծիքով, համաձայնագիրը պետք է նպաստի Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը:

Համաձայնագրին այլ կերպ է նայում նախկինում ռազմական փորձագետ, Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի ավագ վերլուծաբան Սթիվեն Բլանքը, ում կարծիքով՝ ամեն ինչ կախված կլինի Թեհրանից: Ըստ Բլանքի, մասնավորապես, պատժամիջոցների մի մասի վերացման դեպքում Իրանն իրավունք կստանա ազատորեն վաճառել նավթ և գազ, որից, մոտավոր հաշվարկներով, 150 միլիարդի հավելյալ եկամուտ կստանա: Վերլուծաբանի կարծիքով, այդ գումարի մի մասը կարող է օգտագործվել հարևանների վրա իրանական ազդեցության ավելացման համար։

«Իրանը կփորձի ավելացնել սեփական դերակատարությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում, սակայն հնարավոր է անի դա ավելի քաղաքակիրթ մեթոդներով», - ասաց վերլուծաբանը։

Բլանքի խոսքով, համաձայնության արդյունքում Իրանը կարող է փոխվել և այդ դրական փոփոխությունը տարածել հարևանների վրա: Եվ, ընդհակառակը, կարող է հավատարիմ մնալ նույն սկզբունքներին և նավթից ստացվող դոլարների շնորհիվ ավելի մեծ ծավալներով հովանավորել «Համաս» ու «Հըզբոլա» ահաբեկչական խմբավորումներին։

«Եթե Իրանը հավատարիմ մնա բարիդրացիական հարևանության սկզբունքներին և չփորձի իշխանափոխություն կազմակերպել հարևան պետություններում, ինչը դեռևս մեզ անհայտ է, ապա միջուկային ծրագրի շուրջ այս համաձայնագիրը դրական կանդրադառնա Հարավային Կովկասի երկրների վրա, հակառակ դեպքում՝ ազդեցությունը բացասական է լինելու», - ասաց վերլուծաբանը։

Երկու մասնագետները համամիտ են մեկ բանում՝ հայ - իրանական հարաբերությունները համաձայնագրի վավերացման դեպքում որևէ կերպ չեն տուժի, այլ, ընդհակառակը, կշահեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG