Հուլիսի 14-ին Իրանի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների և Գերմանիայի միջև Վիեննայում կնքված համաձայնագիրը բխում է Միացյալ Նահանգների շահերից, չորեքշաբթի երեկոյան Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Այս միջուկային համաձայնագիրը համապատասխանում է Միացյալ Նահանգների և դրա դաշնակիցների ազգային անվտանգության պահանջներին: Դրանով կանխվում է ամենալուրջ վտանգը` Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերման հեռանկարը: Եթե դա տեղի ունենար, ապա Իրանի կողմից հարուցված մյուս խնդիրներն է'լ ավելի կխորանային: Այդ իսկ պատճառով այս համաձայնագիրը մեր երկիրն ու ողջ աշխարհն ավելի անվտանգ ու ապահով է դարձնում»,- ասաց Օբաման` պնդելով, որ համաձայնագրի տապալման դեպքում իրադրությունը շատ ավելի մտահոգիչ կլիներ:
«Այդ իսկ պատճառով դրա այլընտրանքը՝ Իրանի միջուկային ծրագրի հանդեպ սահմանափակումների և տեսչական այցերի բացակայությունը կլիներ, Իրանը շատ ավելի մոտ կլիներ միջուկային զենքի ձեռքբերմանը, տարածաշրջանային միջուկային մրցավազքի վտանգ կծագեր, ի վերջո` պատերազմի հավանականությունը զգալիորեն կմեծանար: Պարզ է, որ այդ ամենը վտանգ կներկայացներ մեր անվտանգության համար»,- հայտարարեց Սպիտակ տան ղեկավարը:
Բարաք Օբաման, սակայն, խոստովանում է, որ Վիեննայում կնքված համաձայնագիրը հնարավորություն է տալիս լուծել Իրանին առնչվող բազմաթիվ խնդիրներից միայն մեկը:
«Այս համաձայնագրով մենք կարողացանք հասնել մեր գլխավոր առաջնահերթությանը, կարող ենք վստահ լինել, որ Իրանը միջուկային զենք չի ստեղծի: Բայց նույնիսկ առանց միջուկային զենքի, Իրանը լուրջ մարտահրավեր է ներկայացնում մեր ազգային շահերի և արժեքների համար` թե՛ տարածաշրջանում և թե՛ ողջ աշխարհում»,- ասաց Օբաման:
Սպիտակ տան ղեկավարի համոզմամբ՝ այս համաձայնագրից հետո Իրանի հետ այլ խնդիրների շուրջ բանակցելն անհամեմատ ավելի դյուրին կլինի: Այդ խնդիրների թվում առանցքայինը թերևս Թեհրանի կողմից ահաբեկչական կառույցներին ցուցաբերած օժանդակությունն է:
«Մենք դեռևս խնդիրներ ունենք՝ կապված Իրանի կողմից ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցության, «Հըզբոլա»-ի տիպի կառույցների ֆինանսավորման, ողջ տարածաշրջանի և մասնավորաբար Իսրայելի հասցեին հնչեցված սպառնալիքների, մի շարք երկրների, օրինակ՝ Եմենի ապակայունացմանն ուղղված քայլերի հետ: Հիմնվելով այս համաձայնագրի դրույթների վրա՝ մենք հուսով ենք, որ կշարունակենք բանակցել Իրանի հետ: Հուսով ենք նաև, որ այս համաձայնագիրը խթան կհանդիսանա, որպեսզի Իրանը հարևանների հետ հարաբերություններում ավելի քիչ թշնամանք ու ագրեսիա ցուցաբերի, ավելի հակված լինի համագործակցություն ծավալելուն»,- նշեց Օբաման:
ԱՄՆ նախագահը, սակայն, հատուկ ընդգծեց` Իրանի հետ կնքված համաձայնագրի և Կուբայի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված քաղաքականության միջև զուգահեռներ անցկացնելն այնքան էլ ճիշտ չէ:
«Ի տարբերություն Կուբայի, Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները մենք չենք վերականգնում: Մեր շփումները շարունակելու են սահմանափակ մնալ»,- ընդգծեց Օբաման:
Սպիտակ տան ղեկավարի այս բոլոր վերապահումները թերևս մեկ հիմնական նպատակ ունեն` վստահեցնել ամերիկյան Կոնգրեսի անդամներին, որ Վիեննայի համաձայնագրի վավերացումը որևէ լուրջ վտանգ ԱՄՆ ազգային շահերի համար չի ներկայացնում: Կոնգրեսականները խնդրին պետք է անդրադառնան 60-օրյա ժամկետում:
«Ես հուսով եմ, որ Կոնգրեսի բոլոր անդամները այս համաձայնագիրը կգնահատեն փաստերից, այլ ոչ թե քաղաքական հաշվարկներից կամ [նախկինում որդեգրած] կեցվածքից ելնելով, կամ էլ հիմնվելով այն փաստի վրա, որ դա ես եմ ներկայացնում: Հուսով եմ, որ Կոնգրեսի գնահատականը հիմնված կլինի ոչ թե լոբբիստական ջանքերի, այլ այն ըմբռնման վրա, թե ինչն է համապատասխանում Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային շահերին»,- ասաց ԱՄՆ-ի նախագահը։