Մատչելիության հղումներ

Կայացավ Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքը


Մեղրիի Ալվանք գյուղի տարածքում հինգշաբթի օրը տեղի ունեցավ Մեղրիի հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը:

Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը նախատեսվում է ավարտել 5 տարվա ընթացքում: Ըստ Հայաստանի եւ Իրանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության, շինարարության ավարտից հետո 15 տարի Մեղրիի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան պետք է տեղափոխվի Իրան, իսկ 15-րդ տարվա ավարտին ՀԷԿ-ը պետք է անհատույց փոխանցվի հայկական կողմին:

Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նախքան հիմնարկեքի արարողությունը գնահատական տվեց ՀԷԿ-ից ակնկալվող արդյունավետությանը։

«Եթե հաշվի առնենք, որ այս ՀԷԿ-ի հզորությունը եւ տարեկան արտադրանքը բավականին լուրջ թիվ են կազմում` 130 մեգավատտ եւ շուրջ 800-850 կիլովատտ/ժամ տարեկան արտադրանք, եւ եթե փորձելու լինենք համեմատել մեր գոյություն ունեցող մյուս ՀԷԿ-երի հետ, ապա կտեսնեք, որ սրա էֆեկտիվությունը շատ բարձր է, որ չօգտագործել այս պոտենցիալը ուղղակի ընդունելի չի լինի, եւ որ մեր գլխավոր խնդրի` երկրի էներգետիկ անվտանգության գլխավոր խնդիրը լուծելու նախապայմաններից մեկն է դառնում այս ՀԷԿ-ի կառուցումը», - ասաց Մովսիսյանը։

Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն հիդրոէլեկտրակայանի շինարարության մոտավոր ժամկետին անդրադարձավ։

«Բոլոր քարտեզները, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ուսումնասիրում եմ վերջնական` պարզ լինի, թե ինչ պատկեր է գոյանում։ Այդ դեպքում, հնարավոր է, ասենք, 5 տարուց ավելի նվազ լինի կամ գուցե, ասենք, մի փոքր ավելի լինի, փոփոխվի», - ասաց Նամջուն։ - «Ինչպես պարոն Մովսիսյանը իր խոսքում նշեց, տնտեսապես ձեռնտու եւ լավ նախագիծ է սա»։

Հայաստանի եւ Իրանի էներգետիկայի նախարարները ստորագրեցին փաստաթուղթ, այն դրեցին տարածքում եւ բահերով ցեխ լցրեցին:

Հիմնարկեքի արարողությանը հետեւեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Ինչպես փոխանցեցին իրանցի լրագրողները, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Հայաստան չի այցելել, քանի որ մեկնել է աֆրիկյան երկրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG