Թբիլիսին Բաքվից պահանջում է Սաակաշվիլիին

Միխեիլ Սաակաշվիլի - Իլհամ Ալիև հանդիպումը, 29-ը ապրիլի, 2015թ.

Վրաստանի գլխավոր դատախազությունը երեկ դիմել է Ադրբեջանին՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալելու և արտահանձնելու պահանջով։ Այս մասին այսօր «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությանն ասել է Վրաստանի գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Նատիա Սուխիաշվիլին՝ հավելելով, որ պաշտոնական Բաքվի պատասխանը դեռևս չեն ստացել։

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի խորհրդական Սաակաշվիլին Բաքու է ժամանել երեկ՝ մասնակցելու Բաց հասարակություններ երրորդ գլոբալ ֆորումին: Այսօր նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Գրուզիա օնլայն»-ը, վկայակոչելով ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովին, հաղորդում է, որ պաշտոնական Բաքուն չի պատրաստվում Սաակաշվիլիին արտահանձնել Վրաստանին։ «Կան ավելի վեհ բաներ, ինչպիսին են ինքնահարգանքն ու բարու հանդեպ ամուր հիշողությունը։ Սաակաշվիլիին ընդունելով՝ Ադրբեջանը ցույց տվեց, որ չի մոռանում և չի շրջվում ընկերներից հանուն քաղաքական նպատակահարմարության», - ասել է Մուսաբեկովը։

Հիշեցնենք՝ երեկ Թբիլիսիում սկսվեց Միխեիլ Սաակաշվիլիի դեմ դատը անցած տարի հարուցված քրեական գործով՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, ցուցարարների դեմ բռնություն կիրառելու, «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու և աշխատակիցներին ծեծի ենթարկելու հրահանգներ տալու մեղադրանքներով:

Վրաստանի նախկին նախագահը, ով այժմ ղեկավարում է Ուկրաինայի նախագահի Խորհրդատվական խորհուրդը, պնդում է, որ իր նկատմամբ հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի:

Այս ամսվա սկզբին Ուկրաինան մերժեց Միխեիլ Սաակաշվիլիին արտահանձելու՝ վրացական դատախազության պահանջը։