Թբիլիսիում մեկնարկել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ դատը։ «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության լրագրող Գեորգի Կաբալաձեի փոխանցմամբ՝ Ուկրաինայում բնակվող Սաակաշվիլին հրաժարվել է նույնիսկ Skype-ով մասնակցել դատական նիստին։
Մեղադրանքի հաստատման դեպքում՝ դատարանը նրան հեռակա կարգով կդատապարտի 8 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք՝ անցած տարվա հուլիսին Վրաստանի գլխավոր դատախազությունը Միխեիլ Սաակաշվիլիի դեմ քրեական գործ հարուցեց՝ մեղադրելով նրան պաշտոնական լիազորությունները չարաշահելու, 2007-ի նոյեմբերին ցուցարարների դեմ բռնություն կիրառելու, «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու և աշխատակիցներին ծեծի ենթարկելու հրահանգներ տալու համար: Օգոստոսին Թբիլիսիի քաղաքային դատարանը նախկին նախագահին հեռակա կարգով կալանավորելու որոշում կայացրեց, Վրաստանի դատախազությունը դիմեց «Ինտերպոլ»-ին՝ Սաակաշվիլիին հայտնաբերելու և Վրաստանին հանձնելու պահանջով:
Սաակաշվիլին, ով այժմ ղեկավարում է Ուկրաինայի նախագահի Խորհրդատվական խորհուրդը, պնդում է, որ Վրաստանի ներկայիս իշխանություններն իրեն հետապնդում են քաղաքական պատճառներով։
Այս ամսվա սկզբին Ուկրաինան մերժեց Միխեիլ Սաակաշվիլիին արտահանձելու՝ վրացական դատախազության պահանջը։