Անկարան քննադատեց նաև Գաուկի հայտարարությունը

Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը ելույթ է ունենում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված էկումենիկ արարողության ժամանակ, Բեռլին, 23-ը ապրիլի, 2015թ.

Թուրքիայի արտգործնախարարությունը ուրբաթ ուշ երեկոյան քննադատել է նախօրեին Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի արած հայտարարությունները։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը իր հայտարարությունում պնդում է, թե Գաուկը իրավունք չունի «թուրք ժողովրդին վերագրել հանցագործություն, որը նա չի գործել»։

Պաշտոնական Անկարան նաև տարակուսանք է հայտնում, որ Գերմանիայի նախագահը «անտեսել է կարծիքները Գերմանիայի հարյուր հազարավոր թուրք քաղաքացիների, որոնց նույնպես նա ներկայացնում է»։

«Թուրքական պատմությունը և ինքնությունը թուրք-գերմանական հասարակության բաղադրիչ մասն է։ Այդ համայնքի անդամները լուռ չեն մնա իրենց ինքնության անարգմանն ուղղված նախաձեռնությունների դեմ։ Թուրք ազգը չի մոռանա և չի ների նախագահ Գաուկի հայտարարությունները», - ասված է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում։

Անկարան նաև հույս է հայտնում, որ Գերմանիայի Բունդեսթագը, «որը նախատեսում է առաջիկա օրերին քննարկել 1915-ի իրադարձությունների վերաբերյալ բանաձև, չեզոք և կառուցողական դիրքորոշում կորդեգրի և չի ներկայացնի մոտեցում, որը երկարատև բացասական ազդեցություն կունենար թուրք-գերմանական հարաբերությունների վրա»։

Հիշեցնենք՝ ակնկալվում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագիծը Գերմանիայի Բունդեսթագում վերջնական քննարկման կդրվի ապրիլի 30-ին, թեև խորհրդարանի բոլոր խմբակցությունները արդեն իսկ հավանություն են տվել փաստաթղթին։