Մատչելիության հղումներ

Բունդեսթագը մտադիր է ապրիլի 24-ի բանաձևում կիրառել ցեղասպանություն բառը․ AP


Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի նիստը Բեռլինում, արխիվ
Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի նիստը Բեռլինում, արխիվ

Գերմանիայի խորհրդարանը պատրաստվում է օգտագործել ցեղասպանություն բառը օսմանյան թուրքերի կողմից 100 տարի առաջ իրագործված հայերի սպանդը հիշատակող բանաձևում, և կառավարությունը այսօր հայտարարել է, որ սատարում է կառավարող կուսակցությունների մշակած նախագծին, փոխանցում է Associated Press-ը:

Լրատվական գործակալության փոխանցմամբ, ուրբաթ օրը՝ ապրիլի 24-ին քննարկվելիք փաստաթղթի նախագծում ասված է, որ հայերի ճակատագիրը օրինակելի է «զանգվածային ոչնչացման, էթնիկ զտման, տեղահանումների և ցեղասպանությունների պատմության համար, որոնցով նման սարսափելի ձևով հատկանշվում է 20-րդ դարը»:

Ըստ նույն աղբյուրի՝ բանաձևի շուրջ քննարկումներ են տեղի ունեցել օրենսդիրների և կառավարության միջև, որոնց արդյունքում, ըստ գործադիր մարմնի խոսնակ Շտեֆեն Շայբերթի, կառավարությունը որոշել է սատարել նախաձեռնությունը:

Ըստ գերմանական Die Welt (Աշխարհ) պարբերականի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և գերմանական կառավարությունը այժմ հայերի սպանդը բնորոշում են որպես ցեղասպանություն:

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, իր հերթին, Sueddeutsche Zeitung թերթին ասել է, որ «մարդ թերևս կցանկանար հանրագումարի բերել տեղի ունեցածը ցեղասպանություն բառով», և որ դրան հանգեցնող «պատճառներն ու, անշուշտ, զգացմունքները» ինքը կարող է հասկանալ:

Միաժամանակ, Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մտահոգություն է հայտնել, որ «Անկարայի և Երևանի միջև է՛լ ավելի լարված քաղաքական բանավեճը կարող է բարդացնել կամ նույնիսկ անհնարին դարձնել» լուրջ երկխոսությունը հայերի և թուրքերի միջև, ինչը Շտայնմայերը մեծապես կարևորել է:

Associated Press-ը նշում է, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից բանաձևի ընդունումը երաշխավորված է թվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG