Գերմանիայի խորհրդարանը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում 1.5 հայերի կանխամտածված բնաջնջումը և տեղահանությունները Ցեղասպանություն որակող բանաձևը վերջնական քննարկման կդնի ապրիլի 30-ին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Բունդեսթագի` ապրիլի 24-ի լիագումար նիստում որոշվել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստ գումարել ապրիլի 30-ին և արձագանքել հնչած 9 ելույթներին, որոնցից 7-ում պատգամավորները Ցեղասպանություն էին անվանում 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմերից հայերի, հույների և ասորիների բնաջնջումը:
Այսօր Բունդեսթագում նախատեսված մեկ ժամի փոխարեն քննարկումները տևեցին շուրջ 2 ժամ: Թեմայի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան իշխող կոալիցիոն կուսակցական եռյակը, ձախերն ու կանաչները: Գերմանիայի խորհրդարանի ամենախոշոր խմբակցությունների առաջադրած բանաձևում մասնավորապես նշվում է. - «Մեկ միլիոնից ավելի էթնիկ հայերի ծրագրված բնաջնջումը և արտաքսումը 20-րդ դարում իրականացված զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների, արտաքսումների և ցեղասպանության օրինակ է»:
Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում, սակայն, նշված չի եղել «ցեղասպանություն» եզրույթը:
Գերմանիայի Դաշնության նախագահ Յոահիմ Գաուկն ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում կայացած Հայոց ցեղասպանության հիշատակի արարողության ժամանակ հնչեցրած իր ելույթում հայերի կոտորածները «ցեղասպանություն» է որակել: