Դաշնակցությունից բացի, որևէ այլ քաղաքական ուժ մինչև օրս առաջարկ չի ներկայացրել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ։ Մասնագիտական խմբի անդամ Գագիկ Ղազինյանի փոխանցմամբ, այս պահին հանձնաժողովն աշխատում է հիմնական դրույթների ու մարդու հիմնարար ազատությունների գլխի վրա:
Կառավարման խորհրդարանական մոդելի վերաբերյալ քննարկումները չեն սկսել, սակայն պատրաստ են ընդունել նաև այս մասով առաջարկություններ:
«Եթե ցանկացողներ կան, կարող են ներկայացնել առաջարկներ, ընդ որում՝ ամբողջ հայեցակարգի ցանկացած դրույթի վերաբերյալ: Այդ քննարկումների ժամանակ իրենց ցանկության դեպքում նաև, կարծում եմ, որ հնարավոր է նաև իրենց մասնակցությամբ այդ քննարկումները կազմակերպել», - նշեց Ղազինյանը:
Մեկ ամիս առաջ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր մասնագիտական խմբին բարեփոխումները գլուխ առ գլուխ քննարկել քաղաքական ու հասարակական կառույցների հետ: Առաջարկությունների ներկայացման վերջնաժամկետ սահմանվեց մայիսի 5-ը։
Գագիկ Ղազինյանը չգիտի՝ մայիսի 5-ից հետո հանձնաժողովը կընդունի՞ նոր առաջարկներ , թե՞ ոչ։
Մինչդեռ ՀԱԿ-ի համար այսօր արդեն հստակ է՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնած բարեփոխումներին չեն մասնակցի։
«Չենք կարող մասնակցել քննարկումներին, որը Սերժ Սարգսյանը ամբողջ աշխարհին անպայման ներկայացնելու է որպես իր նախաձեռնության աջակցություն ընդդիմության կողմից, և որը լեգիտիմացնելու է այն սահմանադրական, իսկ իրականում հակասահմանադրական գործընթացը, որն ինքը սկսել է», - ասաց ընդդիմադիր քաղաքական ուժի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Սահմանադրական բարեփոխումներին մասնակցելու ցանկություն չունի նաև ընդդիմադիր «Ժառանգություն»-ը։ Մարտի 12-ի Սերժ Սարգսյան - «ժառանգություն» երկխոսությունից մեկ ամիս անց կուսակցությունը հայտարարում է, որ իրենց առաջադրած 5 նախապայմանները անարձագանք են մնացել։
«Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ սահմանադրական բարեփոխումների համար Սերժ Սարգսյանին թեկուզև ձևականորեն, բայց հարկավոր է ցույց տալ, թե երկրում կա քաղաքական լայն կոնսոլիդացիա։
Սահմանադրական փոփոխությունների հարցով Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնացած Մարտիրոսյանն ընդունում է, որ իրենց հետ հանդիպումը նաև այդ նպատակով էր կազմակերպված․ - «Դիրքորոշման փոփոխություն «Ժառանգության» մոտ չի եղել: Քաղաքական ուժերի մեծամասնությունը իսկապես դեմ են: Ընդդիմությունն ընդհանրապես դեմ է այս փոփոխություններին: Կարծում եմ, որևէ քարոզչական հնարք չի կարող իրականությունը սքողել»:
Մասնագիտական խմբի հետ հանդիպումներին մասնակցելու հետաքրքրություն առայժմ չի ցուցաբերել նաև ընդդիմադիր դարձած ԲՀԿ-ն։
Կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Վահան Բաբայանի խոսքով, այս հարցի շուրջ կուսակցությունը դեռ քննարկում չի էլ անցկացրել: Սակայն մի բան հստակ կարող են հայտարարել՝ կառավարման մոդելի փոփոխության հարցում Սերժ Սարգյանի հետ համակարծիք չեն․ - «Խորհրդարանական կառավարման համակարգի վերաբերյալ մեր տեսակետները մնում են անփոփոխ, քանի որ նման չկայացած կուսակցական համակարգում, Լեռնային Ղարաբաղի հարցի առկայության դեպքում չի կարելի առաջնային մանդատ տալ խորհրդարանին: Դա անհնար է»:
Քաղաքական ուժերից բացի, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին առայժմ առաջարկներ չեն ներկայացրել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նախկինում իրեն խաբված զգալու առիթ ունեցել է: Հիշում է, որ 2005 թվականի սահմանադրական բարեփոխումներին ակտիվ մասնակցեցին, զանգվածային լրատվության ու տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող բազմաթիվ առաջարկներ ներկայացրին: Իշխանությունները լսեցին, բայց դրանցից որևէ մեկն այդպես էլ չիրագործեցին։
Նավասարդյանի խոսքով՝ հիմա էլ նույն մտավախություն ունեն, ուստի այս անգամ ձեռնպահ կմնան առաջարկություններից․ - «Բոլորը կենտրոնանալու են հիմնականում քաղաքական համակարգի փոփոխության հարցերին: Այլ մասնավոր հարցերը, մասնագիտական հարցերը ուղղակի այդ ընդհանուր միջավայրում, այդ ընդհանուր մթնոլորտում են քննարկվելու: Իսկ դա կառուցողական լուծումների համար հարմար իրավիճակ չէ»: