Մատչելիության հղումներ

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Բագրատյանը մի շարք մտահոգություններ ունի


Հրանտ Բագրատյանը «Ազատություն TV»-ի եթերում, 5-ը ապրիլի, 2015թ․
Հրանտ Բագրատյանը «Ազատություն TV»-ի եթերում, 5-ը ապրիլի, 2015թ․

Պառլամենտի դիկտատուրան, ըստ նախկին վարչապետի, ավելի վատն է, քան «էսօրվա պրեզիդենտի դիկտատուրան»:

Հրանտ Բագրատյանը, ամենայն հավանականությամբ, մինչև մայիսի 5-ը սահմանադրական բարեփոխումների մասին իր առաջարկությունները կներկայացնի մասնագիտական հանձնաժողովին:

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» ծրագրում պատգամավորն ասաց, որ առաջարկված տարբերակն իր մոտ մի շարք մտահոգություններ է առաջացնում:

«Ես զգուշացրել եմ, որ ավտոմատ չեք ստանում պառլամենտական հանրապետություն, դուք սրան պատրաստ չեք: Եթե պառլամենտարիզմ ա, արգելեք նոր Սահմանադրությամբ 50 տոկոս ավել ունեցող որևէ քաղաքական ուժի: Վռազ ասում են՝ սա դիկտատուրա է, բայց եթե տանենք պառլամենտարիզմի, ստանանք 70 տոկոս մեծամասնություն՝ այո, ընտրակաշառքով, այո, զոռբայությամբ, և հետո ի՞նչ ենք անելու: Ստանանք պառլամենտի՞ դիկտատուրա: Էդ դիկտատուրան ավելի վատ ա, քան էսօրվա պրեզիդենտի դիկտատուրան, որովհետև էսօր էլի «Նաիրիտ»-ը աշխատավարձ չի ստանում, գնում ա պրեզիդենտի ապարատի դիմաց, իսկ էդ դիկտատուրայի դեպքում ո՞ւր գնա: Պառլամենտում չես գտնելու կոնկրետ մեղավորի», - ասաց Բագրատյանը:

Գործող համակարգը թերություններ ունի, լուրջ խնդիրներ կան մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, այդուհանդերձ, Հայաստանի նախկին վարչապետի կարծիքով, երաշխիք չկա, որ Սահմանադրությունը փոխելուց հետո այդ թերությունները կվերանան: Ավելին, ըստ Բագրատյանի, փոփոխություններից հետո բռնապետության ավելի վտանգավոր տարբերակի հետ գործ կունենանք:

«Սահմանադրությունը փոփոխելուց հետո կստացվի մի այնպիսի իրավիճակ, որ ընդհանրապես պաշտոն չզբաղեցնելով դուք ավելի մեծ դիկտատոր կարող եք լինել, քան նախագահը: Կներեք, այդ դեպքում ես գերադասում եմ՝ նախագահը լինի դիկտատորը, որ գոնե ասեմ՝ էս է դիկտատորը», - ընդգծեց պատգամավորը:

Հարցին, թե արդարացվա՞ծ է համարում արդյոք այն մտահոգությունը, որ խորհրդարանական համակարգի անցման դեպքում գործող նախագահը կարող է շարունակել իր պաշտոնավարումն իբրև երկրի ղեկավար, Հրանտ Բագրատյանն արձագանքեց․ - «Դե կներեք, ուրեմն մենք Սահմանադրություն չենք փոխում, մեր ամբողջ խնդիրը, էս ամբողջը արված է նրա համար, որ Սերժ Սարգսյանը շարունակի պաշտոնավարե՞լ»:

«Արդարացված չեմ համարում: Էդ դեպքում չխոսենք Սահմանադրության փոփոխությունների մասին: Շարժառիթը դա չէ, շարժառիթը, ինչպես ներկայացված է հայեցակարգում, մարդու իրավունքները չեն: Ի՞նչ է ասում հայեցակարգը: Շատ ճիշտ ասում է՝ շատ լուրջ պրոբլեմներ կան մարդու իրավունքի հետ: Օրինակ, դու տանդ նստած ես, որ էդ տունը սիրում ես, էդ պատը սիրում ես, էդ ծառը սիրում ես, գալիս է Կառավարության որոշում, որ գերակա շահի անվան տակ քո տունը քանդում են: Էս հայեցակարգն ասում է՝ էս մեխանիզմները պետք է փոխվեն, մարդու իրավունքները չեն պաշտպանվել: Չգիտեմ՝ ի՞նչ մեխանիզմներ, մեխանիզմն էլ չի ասում ինքը: Ուրեմն, մենք գործ չունենք այդպիսի փոփոխություն հետ, որ դուք ասացիք», - ընդգծեց Հրանտ Բագրատյանը:

Հրանտ Բագրատյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում․

XS
SM
MD
LG