Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը հրաժարվում է նախագահի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները բարեփոխում անվանել։
«Բարեփոխում տերմինը չեմ ընդունում, բայց դա բոլորովին չի նշանակում, թե ես ընդհանրապես դեմ եմ սահմանադրական բարեփոխումներին, կամ սահմանադրական փոփոխություններին. ցանկացած օրենք՝ կլինի դա Սահմանադրություն, օրենք, դրանք բոլորը ենթակա են փոփոխությունների, և կատարելագործման, դրանք չպետք է ընդունվեն որպես դոգմա և դարերով մնան։ Բայց շատ կարևոր խնդիր կա, շատ կարևոր հարցեր կան՝ ո՞վ է փոխում դրանք և ինչո՞ւ է փոխում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հարությունյանը։
Իրավապաշտպանի խոսքով, այս երկու հարցերի պատասխանները ստանալու դեպքում միայն քաղաքացին իրավունք ունի դրան կողմ արտահայտվել՝ հավելելով, որ ինքն, օրինակ, դեռ իրեն իրավունք չի վերապահում սահմանադրական փոփոխություններին կողմ լինել։
«Ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը, որ իշխանավարում է կասկածելի ընտրությունների արդյունքում, որն իշխանության է եկել մարտի 1-ի կրակոցների արդյունքում, որն իշխանության է եկել 2013 թվականի վիճահարույց ընտրությունների արդյունքում, հանկարծ վճռել զբաղվել սահմանադրական բարեփոխումներով։ Եվ այդ ի՞նչ բարեփոխումներ են նրանք առաջարկում հայ ժողովրդին և ինչո՞ւ պետք է ժողովուրդը աչքերը փակ գնա և քվեարկի այդ բարեփոխումների օգտին։ Եթե այդ երկու հարցերի պատասխանները լինեն՝ ո՞վ և ինչո՞ւ, կարելի կլինի դա քննարկել», - ասաց Հարությունյանը։
Իրավապաշտպանի կարծիքով, Հայաստանում, ապագայում, եթե դրա կարիքը լինի, սահմանադրական բարեփոխումներով պետք է զբաղվի այն իշխանությունը, որն իշխանության կգա բաց, թափանցիկ, անվիճելի, անքննելի արդեն, բոլորի կողմից ընդունված ընտրությունների արդյունքում։
«Մենք, անկասկած, երբևէ կունենանք նման իշխանություն, այդ իշխանություններն արդեն և՛ բարոյական, և՛ բոլոր մնացած իրավունքները կունենան՝ իրենց ձեռքը դնել Սահմանադրության վրա և ասել՝ սա պետք է փոխվի, սա պետք է փոխվի, սա պետք է փոխվի, և մեր ժողովուրդն էլ պարտավորված կլինի լսել, մասնակցել այդ քննարկումներին, վիճել և գնալ, վերջին հաշվով, ընտրել այն տարբերակը, որ կընտրվի», - ասաց իրավապաշտպանը։