Մատչելիության հղումներ

«Չեք անցկացնի» նախաձեռնությունը կպայքարի սահմանադրական փոփոխությունների դեմ


«Չեք անցկացնի» նախաձեռնությունը կպայքարի սահմանադրական փոփոխությունների դեմ
please wait

No media source currently available

0:00 0:03:41 0:00

Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չեք անցկացնի» նախաձեռնությունը շուտով հանդիպումներ կունենա նախկին ոչ իշխանական եռյակի անդամ կուսակցությունների հետ՝ ճշտելու սահմանադրական փոփոխությունների մասին նրանց վերաբերմունքը։

Նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը պատմեց, որ այժմ ակտիվ քննարկումներ են անցկացնում նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Նպատակը միավորվելն ու քննարկելն է, թե ինչպես պայքարեն մայր օրենքի փոփոխության դեմ։

«Մենք ևս մեկ անգամ հստակեցնելու համար փորձելու ենք հանդիպել «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ, ՀԱԿ-ը պարզ է, բայց նրանց հետ էլ կհանդիպենք։ Կփորձենք աշխատել։ Հիմնական սեկտորը, որ այս պահին մեծ պոտենցիալ ունի ու կարելի է աշխատել, քաղաքացիական հասարակությունն է»,- ասաց Գրիգորյանը։

Գրիգորյանը վստահ է, որ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելով՝ Սերժ Սարգսյանը պարզապես ցանկանում է վերարտադրվել։ Արձագանքելով այն հիշեցմանը, որ Սարգսյանը խոստացել է, թե չի հավակնելու ոչ նախագահի, ոչ էլ վարչապետի պաշտոնին, Գրիգորյանը նկատեց՝ Սարգսյանը ոչինչ չի ասել ԱԺ նախագահի պաշտոնի մասին։ Ինչ վերաբերում է վարչապետի և նախագահի պաշտոններին, ապա Գրիգորյանի խոսքով՝ երաշխիք չկա, որ Սարգսյանը կկատարի իր խոստումը։

«Վստահել նրա ասածին դժվար է, որովհետև 3.5 տարի մենք գնում էինք Ասոցացման պայմանագիր ստորագրելու, բայց մի գիշերվա ընթացքում հայտնվեցինք Մաքսային միությունում։ Այստեղ վստահության հարց կա, առաջին խնդիրը դա է»,- ընդգծեց նա։

Քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչները հիմնականում վստահ են, որ Հայաստանում առկա խնդիրները լուծելու համար սահմանադրությունը փոխել պետք չէ։ «Իրավունքի և ազատության կենտրոնի» ղեկավար Վարդան Հարությունյանի կարծիքով՝ երկրի գլխավոր օրենքը մեղավոր չէ, որ Հայաստանում այն կատարելու քաղաքական կամք չկա։

«Սահմանադրությունը հնարավորությո՞ւն է տալիս, որ Սերժ Սարգսյանը կանչի Գագիկ Ծառուկյանին և ասի՝ վաղվանից դու քաղաքականությամբ չես զբաղվելու։ Ես կարծում եմ, որ մեր գործող Սահմանադրությունը նման իրավունք չի տալիս Սարգսյանին, բայց նա դրանով զբաղվում է ամեն Աստծո առավոտ»,- ասաց Հարությունյանը։

Պետք չէ քննարկել, թե ինչ նպատակով է Հանրապետական կուսակցությունը ցանկանում անցկացնել սահմանադրական փոփոխություններ, պետք է մտածել, թե ինչ փոփոխությունների կարող է հասնել հասարակությունը այս գործընթացով, կարծում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխություններ պետք են, քանի որ գործող համակարգը խոչընդոտում է պետության զարգացմանը։ Ըստ Կիրակոսյանի, պետք է օգտվել այս հնարավորությունից ու մասնակցել քննարկումներին, առաջարկներ ներկայացնել, բայց դա դեռ չի նշանակում, թե կողմ են առաջարկվող տարբերակին։

«Հրաժարվել Աահմանադրության այս քննարկումների պայքարից նաև, այդտեղ ինչ-որ պարտվողական բան կա, երբ ամենասկզբից ասում ես, որ ոչինչ միևնույն է չեմ կարող անել, այն Սահմանադրությունն են անցկացնելու, որ իրենք են ուզում, քննարկումներ այդ պատճառով կարևոր չեն և այլն։ Ինձ կարծում եմ, որ Սահմանադրության մասին քննարկումները ամենակարևոր քննարկումներն են, որ պետք է հասարակությունում լինի»,- ասաց Կիրակոսյանը։

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանն էլ վստահ է, որ քանի դեռ չկա նորմալ ընտրական համակարգ, որևէ քննարկում կամ քվեարկություն անիմաստ է։

«Ընտրական օրենսգրքում պիտի լինեն փոփոխություններ, և հանրաքվեի ժամանակ և նաև հաջորդ ընտրությունների ժամանակ ընտրությունների մասնակիցների ցուցակը տպագրվի։ Եթե այդ պայմանը կատարվում է, ես պատրաստ եմ Սահմանադրության ամենավատ տարբերակին կողմ քվեարկել»,- ասաց Դանիելյանը։

XS
SM
MD
LG