Սահմանը հատած զինվորը ծնողներին ուղղված նամակում վերադառնալու մտադրություն է հայտնել

Your browser doesn’t support HTML5

Տասն օր առաջ սահմանը հատած ու ադրբեջանական կողմն անցած պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը ծնողներին ուղարկած նամակում վերադառնալու մտադրություն է հայտնել:

Կարմիր խաչի փոխանցած նամակում Գրիգորյանը գրում է․- «Ուզում եմ տուն վերադառնալ, ամուսնանալ, եթե կարող եք, ինձ համար աշխատանք գտեք այդտեղ: Ներեք ինձ իմ սխալների համար, չարությունից չեմ արել, այլ պարզապես չեմ հասկացել՝ ինչ անել, ուր գնալ, ուր՝ ոչ»: Նամակում տղան գրում է նաև, որ «ամեն ինչ լավ է, բայց այստեղ ձանձրալի է»: Կարմիր խաչի ներկայացուցիչները խոստացել են, որ ծնողների պատասխանն էլ Անդրանիկին կփոխանցեն:

«Գրելու եմ, որ ինչ եղել, եղել է, վերադարձիր, էլ ոչ մի ուրիշ բան»,- ասաց հայրը։

«Ուզում եմ իմ երեխան ողջ-առողջ գա»,- հավելեց մայրը։

Անդրադառնալով տարածված լուրերին, թե Անդրանիկն ընտանիքում է խնդիրներ ունեցել, մայրը՝ Նելլի Գրիգորյանն ասաց, որ, իսկապես տանը վեճեր եղել են, սակայն, իրենց համոզմամբ, դա չէ տղայի արարքի դրդապատճառը:

«Մի աղջիկ է եղել, ասել եմ՝ նա մեզ սազական չի, ինքը ինստիտուտ է ավարտել, մենք չէ, էդ է պրոբլեմը, էլ ոչ մի պրոբլեմ չի եղել, դիրքերից է զայրացած եկել, ընկերները չարչարել են, ինքն էլ՝ գլուխը խառնվել է, դուրս է եկել, դիրքերից գնացել»,- մանրամասնեց հայրը։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ավելի վաղ հայտարարել էր, թե զինվորը ընտանիքում է խնդիրներ ունեցել, և դա էլ դրդել էր նրան այդ քայլին։ Սակայն ուշագրավ է, որ երեկ «Ա1+»-ին տված հարցազրույցում նախարարը խուսափել է նման գնահատականներից՝ հղում կատարելով քերական գործին:

«Քրեական գործ է հարուցված, ծառայողական քննություն ենք անցկացնում, ամբողջովին բացահայտել, թե որոնք են պատճառները, որ հայ դիրքապահը անցել էր Ղարաբաղի Մարտունու շրջանում դեպի հակառակորդը, այսօր անհնարին է, որովհետև պետք է իր հետ ունենալ կապ, և ինքը կարող է ասել, թե ինչ խնդիրներ կան, բայց գտնում եմ, որ ժամանակի ընթացքում կպարզաբանվի, քրեական գործը կպարզաբանի»,- ասել էր նախարարը։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ սահմանն անցած Անդրանիկ Գրիգորյանի հարցով շարունակում են բանակցությունները ադրբեջանական կողմի հետ։ Այս պահին, սակայն, չի հաղորդվում՝ բանակցում են երրորդ երկիր տեղափոխելու, թե Հայաստան վերադարձնելու համար: