Մատչելիության հղումներ

Ղարաբաղի ՊՆ-ն Բաքվին մեղադրում է միջազգային իրավունքի նորմերի խախտման մեջ


Մարտի 22-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հատած հայ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը գերության մեջ։
Մարտի 22-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հատած հայ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը գերության մեջ։

ԼՂ պաշտպանության նախարարությունը նշում է որ ադրբեջանցի «վայ քարոզիչները թոզ են փչում միջազգային հանրության աչքերին՝ փորձելով իրենց սուլթանությունը ներկայացնել որպես ժողովրդավարական երկիր»։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը դատապարտում է Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի նկարահանումն ու այդ տեսանյութերի հրապարակումը՝ պնդելով, որ նման քայլերով Բաքուն կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

Հիշեցնենք ՝ նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են Խոշտանգումների կանխարգելման ադրբեջանական կոմիտեի ղեկավար Էլչին Բեհբուդովի և նրա տեղակալ Էլչին Շիրինովի տեսակցությունը մարտի 22-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը հատած հայ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի հետ:

Իրավապաշտպանները հայ զինծառայողի հետ հանդիպելուց հետո լրատվամիջոցներին պատմել են, որ Գրիգորյանը գոհունակություն է հայտնել իր գտնվելու պայմանների վերաբերյալ՝ «ունի հեռուստացույց, խմում է բնական հյութեր, օրական երեք անգամյա սնունդ, շաբաթական չորս անգամ բաղնիք, ազատ ժամանակն էլ նվիրում է նկարչությանը»: Այդ հարցազրույցներին կցված է լուսանկար՝ Բեհբուդուվն ու Շիրինովը՝ ժպտադեմ հայ զինծառայողի հետ:

Ուշագրավ է, որ այս իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները, ովքեր ի պաշտոնե պայքարում են խոշտանգումների դեմ, նույն կերպ չեն այցելել օրինակ 77-ամյա Հայաստանի քաղաքացի Մամիկոն Խոջոյանին, ում ադրբեջանական մամուլը ներկայացնում էր որպես հետախույզ ու դիվերսանտ, ով ամիսներ բանտում անցկացնելուց հետո հայկական կողմին է հանձնվել մարմնական տարբեր վնասվածքներով: Ադրբեջանական լրատվամիջոցներում կամ իրավապաշտպան այդ կազմակերպության պաշտոնական կայքէջում բանտերում գտնվող մարդկանց ճակատագրով մտահոգ այս կազմակերպությունից արձագանք չկա:

Մեկնաբանելով ադրբեջանցի իրավապաշտպանների հայտարարությունները՝ հայ ռազմագերու հրաշալի բանտային պայմանների մասին, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը ընդգծում է՝ իրականությունն այնտեղ բոլորովին այլ է:

«Դրանով ադրբեջանցի վայ քարոզիչները հերթական անգամ թոզ են փչում միջազգային հանրության աչքերին՝ փորձելով իրենց սուլթանությունը ներկայացնել որպես ժողովրդավարական երկիր, որտեղ հարգվում են բոլորի, այդ թվում՝ ռազմագերիների ու պատանդների հիմնարար իրավունքներն ու ազատությունները», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ղարաբաղցի զինվորի՝ Ադրբեջանում հայտնվելու կապակցությամբ Ադրբեջանում «թշնամուն սիրելու» կոչեր են հնչում: Վերջին օրերին ադրբեջանցի մի շարք քաղաքագետներ, քաղաքական գործիչներ կոչ են անում երկրի իշխանություններին փոխել վերաբերմունքը այն ռազմագերիների նկատմամբ, ովքեր Լեռնային Ղարաբաղից են:

«Եթե մենք Ղարաբաղը մեր տարածքն ենք համարում, ապա այնտեղ ծնված մարդիկ ևս համարվում են Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ: Մենք պետք է մեր կողմն անցնել ցանկացողներին ցույց տանք, որ պատրաստ ենք ընդունել նրանց», - ադրբեջանական կայքերից մեկի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Արաստուն Օրուջլուն։

Իսկ «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարն էլ առաջարկել է համապատասխան օրենսդրական փոփոխությամբ նման հնարավորություն ընձեռել և այդ ամենը լայնորեն քարոզել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG