«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման՝ այսօր Գյումրիում նախատեսված ավտոերթն ու գյումրեցիների հետ հանդիպումը չկայացավ:
Շարժման մասնակիցները որոշեցին՝ Գյումրիի մերձակա Ազատան գյուղի մոտից ետ վերադառնալ, քանի որ տեղեկություններ ունեին հնարավոր սադրանքների մասին՝ հիմնականում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի մոտ, որը ոստիկանական ուժերի հսկողության տակ է։
Այդ մասին հայտնեց «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը՝ նշելով, որ կուլ չեն տա իշխանությունների խայծը և թույլ չեն տա, որ սադրանքը իրականացվի ու ամեն ինչ բարդվի «Հիմնադիր խորհրդարանի» վրա։
«Միայն այն փաստը, որ ռեժիմը մինչև մեր մուտքը Ռուսաստանի հյուպատոսարանը «կոլցոյի» մեջ է վերցրել, դա բավարար է, որ մենք՝ որպես քաղաքական միավոր, մուտք չգործենք, որովհետև նրանց ցանկությունը ներկայացնել, որ «Հիմնադիր խորհրդարանը» այս կամ այն աշխարհաքաղաքական ենթակա ուժ է՝ ցույց տալով Ռուսաստանին, որ սրանք հակառուսներ են։ Միայն այս փաստ բավարար է, որ մենք այսօր հետ կանգնենք»,- ասաց Սեֆիլյանը։
13։30-ի սահմաններում, երբ նախատեսված էր ավտոերթի ժամանումը Գյումրի, ահազանգ ստացվեց, որ մի խումբ երիտասարդներ հավաքվել են քաղաքի մուտքի մոտ՝ նպատակ ունենալով խոչընդոտել ավտոերթի մասնակիցների մուտքը։ Մի քանի տասնյակ երիտասարդները նաև ամեն կերպ փորձում էին խոչընդոտել լրագրողների աշխատանքը՝ սպառնալիքներ, հայհոյախառն արտահայտություններ հնչեցնելով:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամները փորձել էին ոստիկանությունից երաշխիքներ ստանալ, որ Գյումրիում ավտոերթի ժամանակ սադրանքներ կամ հարձակումներ չեն լինի, սակայն չստանալով երաշխիք՝ որոշեցին ռիսկի չդիմել:
Ազատան համայնքում Հիմնադիր խորհրդարանի անդամներին հանդիպեց նաև Շիրակի մարզի փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը և առաջարկեց ճանապարհային ոստիկանության ուղեկցությամբ անցկացնել երթը՝ նախատեսված երթուղով: Այնուհանդերձ ավտոերթի մասնակիցները հրաժարվեցին, քանի որ անվտանգության հստակ երաշխիքներ չտրվեցին:
Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ իրենք Գյումրի անպայման գալու են.- «Խոստանում ենք առաջիկա օրերին Գյումրի գալ միտինգի նպատակով և ավելի երկար մնալով հասկացնել մեր ժողովրդին, թե մենք ապրիլի 24-ին ինչ ենք ուզում անել, ինչ գործընթաց ենք ուզում սկսել»։
Նշենք, որ արդեն երկու շաբաթ է ինչ Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի մոտ ոստիկանական հսկողությունը հանված էր, սակայն այն այսօր վերականգվել էր։