ԲՀԿ-ի շուրջ վերջին զարգացումները ցույց տվեցին, որ Հայաստանում ընտրություն գոյություն չունի, հետևաբար՝ անիմաստ է պայքարել դասական մեթոդներով, «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում հայտարարեց «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը:
Անդրադառնալով վերջին զարգացումներին՝ Սեֆիլյանը ընդգծեց, որ իր համոզմամբ՝ ԲՀԿ-ն միշտ էլ եղել է իշխանական ճամբարում և ղեկավարվել վարչակազմի կողմից:
«Փետրվարի 12-ի հայտնի ելույթը՝ Սերժ Սարգսյանի, եկավ ապացուցելու, որ մեր երկրում ընտրություն գոյություն չունի, խանը ինչպես ասի՝ այնպես էլ կլինի: Դու իրավունք ունես զբաղվելու քաղաքականությամբ, դու իրավունք ունես պատգամավոր լինելու, դու չունես, և այլն․․․ սա զավեշտ է: Այս զավեշտի մեջ մտածել՝ ձևավորել ընդդիմություն և դասական միջոցներով արդյունքի հասնել՝ դա անհեթեթություն է», - հայտարարեց նա:
Օգտատերերի հարցին, թե ինչո՞ւ են որոշել պայքարը հենց ապրիլի 24-ին սկսել, և թե կոնկրետ ի՞նչ են նախատեսում այդ օրը, Սեֆիլյանը պատասխանեց՝ չակերտները չի ցանկանում բացել: Պնդեց՝ ապրիլի 24-ն այլևս միայն սգի օր չպետք է լինի, այլ՝ պահանջատիրության:
«Պրոցեսը սկսվելու է ապրիլի 24-ին։ Թե ե՞րբ կավարտվի՝ դա կավարտվի ապրիլի 25-ին, 26-ին, 27-ին՝ կարծում եմ ընթացքը ցույց կտա: Սակայն շեշտը պետք է դնենք նրա վրա, որ մեր ժողովրդային ճնշումը այս ռեժիմի նկատմամբ լինելու է խաղաղ բնույթի, լինելու է քաղաքացիական անհնազանդության տրամաբանության շրջանակներում», - ասաց նա:
«Եթե հասնեք իշխանափոխության, ովքե՞ր են լինելու երկրի ղեկավար պաշտոններում, արդյո՞ք ձեզ տեսնում եք նախագահի աթոռին» հարցին ի պատասխան Սեֆիլյանն ասաց՝ մտադիր են գործող կառավարման համակարգից հանել նախագահական ինստիտուտը, իսկ իրեն տեսնում է որպես ուժային կառույցի ղեկավար․ - «Ժամանակավոր կառավարության կազմը լինելու է յոթ հոգի: Այսօր ուռճացված 18 նախարարություն, եթե չեմ սխալվում, և 6-ից ավելի ենթածառայություններ՝ նրանք պիտի ամփոփվեն 7 նախարարությունների շրջանակում, իսկ ինձ թեկնածու համարո՞ւմ եմ նախագահի՝ ասում եմ, որ ոչ, սակայն ես կարծում եմ՝ կունենամ պարտականություն ուժային համակարգը համակարգելու»:
Բերձորյան միջադեպին անդրադառնալով՝ ասաց, որ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը դրժել է իրենց հետ ձեռք բերված նախնական համաձայնությունը, ինչին հետևել է բռնությունը:
«Նրանք մեզ հրավիրել էին, խոստանալով, որ՝ եկեք, մենք ձեզ ուղիղ եթեր կտրամադրենք, մենք էլ ասացինք, որ գուցե այդպես անենք, որ իզուր տեղը ավելորդ լարումներ չառաջանան: Բայց երբ հասանք Ստեփանակերտ, այդ մարդիկ իրենց խոսքը դրժեցին: Նրանք դասական ստախոսներ են: Բակո Սահակյանի մակարդակով ստում են», - ասաց Սեֆիլյանը:
Շարժման անդամները վաղն ավտոերթով գնալու են Շիրակի մարզ: Սեֆիլյանն ասում է, որ արդեն լուրջ սպառնալիքներ են ստանում և չի բացառում, որ բերձորյան սցենարը կկրկնվի նաև Հայաստանի տարածքում: