«Նպատակահարմար չեմ համարում այս օրերին հակադարձել քաղաքական գործիչներին», - իր Ֆեյսբուքի էջում գրել է Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մարտի 1-ի ելույթին։
«Մեր ժողովուրդը հոգնել է անիմաստ սենսացիաներից: Դրա ժամանակը չէ: Մենք պետք է հնարավորինս շուտ ազգային պետություն կառուցենք և դառնանք միջազգային հարաբերությունների լիարժեք սուբյեկտ: Իսկ դրա համար հարկավոր է նախ հեռացնել ռեժիմին և երկրում հաստատել մեր ժողովրդի կամքն ու իշխանությունը: Հապաղելու դեպքում կարող ենք ամեն ինչ կորցնել: Ուստի բոլոր լուրջ և մտահոգ մարդկանց կոչ եմ անում օր առաջ լծվել ժողովրդի համախմբման և ռեժիմի հեռացման գործին», - գրել է Սեֆիլյանը։
Հիշեցնենք, որ Լևոն Տեր- Պետրոսյանը մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսն առնվազն մինչև ապրիլի 24-ը զանգվածային միջոցառումներ չի անցկացնի։ ՀՀ առաջին նախագահը նշեց, որ «ընդդիմության դաշտում միայնակ մնացած ՀԱԿ-ին ժամանակ է պետք իր հետագա մարտավարությունը ճշգրտելու և պայքարի քաղաքական ռեսուրսները հաշվարկելու համար»։