Գյումրիի ցույցերի մասնակիցները հրավիրվում են ոստիկանություն

Your browser doesn’t support HTML5

Գյումրիի ցույցերի մասնակիցները հրավիրվում են ոստիկանություն

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի տեղեկություններով, իրավապահներն առանց ծանուցագրերի են կանչում մարդկանց, որոշ դեպքերում պահում են անձնագրերը:

Չներկայանալու պայմանով՝ գյումրեցիներն ահազանգում են, որ այս օրերին հրավիրվում են ոստիկանության բաժանմունքներ՝ պարզաբանելու, թե ինչու են մասնակցել Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու պահանջով ցույցերին:

Հաստատելով այս տեղեկությունը՝ լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը պատմեց, որ, ըստ իր ստացած ահազանգերի, իրավապահներն առանց ծանուցագրերի են կանչում մարդկանց, որոշ դեպքերում պահում են անձնագրերը:

Նա տեղեկություն էր ստացել, թե բերման ենթարկված մի անչափահաս ոստիկանատանը ապտակ է ստացել:

«Անցած երևի մեկ շաբաթվա ընթացքում մոտավորապես մի 5-6 այդպիսի միջնորդավորված ահազանգ եմ ստացել: Ում նեղություն է տվել ոստիկանությունը, նրանք ուղիղ չեն դիմել: Երևի վախենում են, զգուշանում են: Կամ մտածում են, թե իրենց հեռախոսները լսում են․․․ Մարդիկ ազդվում են, վախենում են, չեն համարձակվում չենթարկվել: Հայաստանում ոստիկանությունը մի քանի խայտառակ օրինակներ ունի, երբ այդ ճանապարհով ոստիկանություն տարած մարդուն հետո գտել են մահացած», - ասաց նա:

Բողոքի ակցիաներին անձամբ մասնակցած Լևոն Բարսեղյանը համոզված է, որ այս ճանապարհով ոստիկանները վախ են տարածում Գյումրիում՝ փորձելով կանխել դժգոհության նոր ալիքը․ - «Գլուխ լվալիքը բանն է, որ ի՞նչ գործ ունեք, մի մասնակցեք ցույցերին, Սերժ Սարգսյանը նորմալ նախագահ է, այդ գործը կքննվի, մի մտածեք, արդարություն տեղի կունենա․․․ այս լյալաներն են հիմնականում: Եվ իրենց դարդը հիմնականում այն է, որ հանկարծ մարդիկ նորից փողոց դուրս չգան: Այնինչ չեն հասկանում, որ իսկապես կրակի հետ են խաղում»:

Ինչ վերաբերում է ցույցի օրը իրավապահների հետ բախմանը, ապա Լևոն Բարսեղյանի գնահատմամբ, հարուցված քրեական գործը պետք է կարճվի, քանի որ միջադեպը սադրել է ոստիկանությունը՝ փակելով ցուցարարների ճանապարհը և կասեցնելով ինքնաբուխ երթը․ - «Թող ոստիկանությունը չհամարձակվի ասել, թե հարձակում է եղել հյուպատոսարանի վրա: Իրականում ոստիկանությունը, եթե քթի ծակ ունենար, պիտի գնար, հյուպատոսարանի շենքը փակեր, շրջապատեր, ինչպես, ասենք, Երևանում անում են դեսպանատան շուրջը: Գրիգոր Լուսավորիչը, իմ հիշելով, չեն փակում դրա պատճառով․․․ Եվ ոչ թե փակեին Գյումրիի ամենագլխավոր մայրուղին»:

«Ասպարեզ» ակումբի ղեկավարը հիշեցնում է, որ գլխավոր դատախազի հետ տևական բանակցություններից հետո «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ցուցարարներին վստահեցրեց, թե բոլոր բերման ենթարկվածները ճնշումների չեն ենթարկվելու, Գևորգ Կոստանյանն էր երաշխիքներ տվել:

«Մարդկանց այդ օրը ազատել են, բայց դրան հաջորդել են հալածանքները փաստացի: Առանց ծանուցագրի ոստիկանություն տանելը, անձնագիր վերցնել-չտալը, անընդհատ տանել-բերելը, հորդորները, վախեցնելը, թե չմասնակցեք, որոշ մարդկանց անունները հիշատակելը, թե՝ թող գան հիմա ձեզ փրկեն, տեսնենք ձեզ ո՞նց են փրկում», - հավելեց «Ասպարեզ» ակումբի նախագահը:

Այդուհանդերձ, այս ահաբեկումները նույնիսկ, Լևոն Բարսեղյանի համոզմամբ, գյումրեցիներին հետ չեն պահելու դարձյալ փողոց դուրս գալուց: Քաղաքը շարունակում է նստած մնալ չականազերծված ռումբի վրա և գյումրեցիները հավերժ չեն սպասելու Գևորգ Կոստանյանի խոստմանը, որ նամակ գրի իր ռուս պաշտոնակցին․ - «Չգիտեն, որ վաղուց բանը բանից անցել է: Եթե ուզենան այդ մարդիկ ոտքի ելնել, ոչ մի ոստիկանություն, ոչ մի սաղավարտով մարդ, վահանով մարդ չի կարողանա կանգնեցնել: Այդ ամբողջը առաջացավ իշխանության անողնաշար վարքից, երբ մենք ստացանք լրացուցիչ ապացույց այն բանի, որ տարածքը հանձնած է, ինքնիշխանության մասին խոսք լինել չի կարող: Երկրիդ իշխանությունը, փոխանակ իր քաղաքացու մասին մտածի, մտածում է Վլադիմիր Պուտինին չզայրացնելու մասին»: