Թուրքիայի մի շարք հայտնի ընդդիմադիր գործիչներ հայտարարում են, որ կառավարությանը մտադիր է ընդառաջել հայերի պահանջներին և նրանց վերադարձնել նախագահական Չանկայա պալատը և Ստամբուլի Յեշիլքյոյի շրջանում գտնվող Աթաթուրքի անվան օդանավակայանի տարածքի մի մասը:
Թուրքական մամուլը գրում է, որ հայկական սփյուռքը մտադիր է թափ հաղորդել իրավական պայքարին՝ վերադարձնելու համար 1915-ին կորցրած տարածքները՝ վկայակոչելով ամերիկահայ հրապարակախոս Հարութ Սասունյանին, ով վերջերս ասել էր, որ Հայաստանն ու Սփյուռքը քննարկում են Անկարայի դեմ իրավական գործընթացներ սկսելու հարցը, և եթե Թուրքիայի դատարանները մերժեն հայցերը, ապա կդիմեն միջազգային դատարաններ:
Ազգայնական շարժում կուսակցության փոխնախագահ Օկտայ Վուրալը Today’s Zaman-ին ասել է․ - «Ես գիտեմ, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նման ծրագիր ունի: Փորձագետները խորհուրդներ են տալիս և աշխատում են տարածքները հայերին վերադարձնելու ուղղությամբ»:
Նա ասել է, որ հայկական սփյուռքը իրավաբանորեն ձևակերպված պահանջներ ունի նախագահական Չանկայա պալատի և Ստամբուլի Յեշիլքյոյ շրջանի տարածքների նկատմամբ: Ավելի վաղ կառավարությունը հայտնել էր, որ օդանավակայանը տեղափոխվելու է Յեշիլքյոյի շրջանից: Օկտայ Վուրալը պահանջել է հստակեցնել, արդյո՞ք պատահական զուգադիպություն է, որ օդանավակայանը տեղափոխելու մտադրության մասին կառավարությունը խոսում է այն պահին, երբ հայերը այդ տարածքը իրենց վերադարձնելու հարց են բարձրացնում:
Ինչ վերաբերում է Չանկայա պալատին, ապա մինչև այս տարվա օգոստոսը այն Թուրքիայի նախագահների նստավայրն էր: Ռեջեփ Էրդողանը, ընտրվելով Թուրքիայի նախագահ, տեղափոխվել է նոր կառուցված նստավայր: Չնայած Էրդողանն ասել էր, թե նախագահական նստավայրը տրամադրվելու է վարչապետին, բայց ազգայնական գործչի մոտ կասկածներ կան:
«Արդյո՞ք Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանը և նախագահական Չանկայա պալատը կհանձնվեն հայերին բավարարելու համար հայկական սփյուռքի պահանջները: Արդյո՞ք զուգադիպություն է, որ դրանք տարհանվում են հենց հիմա», - նշել է Օկտայ Վուրալը:
Today’s Zaman-ը նշում է, որ ավելի քան երկու տասնյակ երկրներ՝ ԱՄՆ-ի 41 նահանգներ, շատ պատմաբաններ և գիտնականներ ճանաչում են 1915 թվականի հայերի ցեղասպանությունը, բայց Վուրալը պնդել է, որ հայերի ցեղասպանության հարցը չպետք է քաղաքականացվի, իսկ նրանց պահանջները չպետք է օրինականացվեն:
«Այդպիսի վերաբերմունքը թուրքերին ստրուկներ կդարձնի իրենց սեփական հողում», - հայտարարել է թուրք ազգայնական գործիչը՝ դժգոհելով․ - «Իսկ ի՞նչ կասի «Արդարադատություն ու զարգացում» կուսակցությունը, եթե մյուսները պահանջեն վերադարձնել Ստամբուլը, ասելով, որ այն Կոնստանդնուպոլիս էր կոչվում: Նրանք, ովքեր ձգտում են հին խնդիրները ուշադրության կենտրոն բերել, պետք է իմանան, որ պատմությունը չի կարող չեղյալ համարվել քաղաքական գործընթացների պատճառով»: