Մատչելիության հղումներ

Independent. «Գալիպոլիի 100-ամյակի միջոցառումները Հայոց ողջակիզումը թաքցնելու ամոթալի փորձ է»


«Գալիպոլիի 100-ամյակի միջոցառումները Հայոց ողջակիզումը թաքցնելու ամոթալի փորձ է»,- «Ինդիփենդենթ»-ում կարծիք է հայտնել լրագրող Ռոբերտ Ֆիսքը՝ հավելելով.- «Մինչ աշխարհի առաջնորդները ծրագրում են հիշել Գալիպոլիի համար Առաջին աշխարհամարտում մղած մարտերը, մեկ այլ սարսափելի տարելից կարող է հայտնվել անտեսվելու վտանգի առաջ»։

«Երբ ապրիլին աշխարհի առաջնորդները, նրանց թվում արքայազն Չարլզը, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի վարչապետերը, Թուրքիայի նախագահի հրավերով հավաքվելու են Գալիպոլիում՝ հիշելու Առաջին համաշխարհայինի մարտերը, մեկուկես միլիոն հայերի հոգիները քայլելու են նրանց հետ»,- գրում է հայտնի լրագրողը։

Գալիպոլիի ճակատամարտի 100-մյակի միջոցառումներին մասնակցելու համար թուրքերը հրավիրել են 102 երկրների ղեկավարների:

«Իմանալով, որ մերժում կստանա, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրավիրել է անգամ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ումից Ցեղասպանության 100-ամյա տարելիցին Երևան մեկնելու առաջարկ ավելի վաղ ինքն էր ստացել»:

Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը ապրիլի 24-ին նշելու Թուրքիայի նախագահի նախաձեռնությունը հեղինակավոր «Ինդիփենդենթ»-ի մեկնաբանը «դիվանագիտական խորամանկություն» է որակել, քանի որ թուրքերը լավ գիտեն, որ Դաշնակիցները Գալիպոլի են հասել ապրիլի 25-ին՝ մեկ օր անց այն օրից, երբ հայերը նշում են 1915-ի Ցեղասպանության սկիզբը: Երկու տարի առաջ նախկին նախագահ Աբդուլլա Գյուլը Գալիպոլիի կամ ինչպես թուրքերն են ասում Չանաքալեի մարտերի 98-րդ տարելիցը նշում էր մարտի 18-ին, այդ ժամանակ Թուրքիայում որևէ մեկը չառաջարկեց ապրիլի 24-ը:

Որոշ թուրք պատմաբաններ, որոնք սուր քննադատության են ենթարկվել երկրի ներսում իրենց ազնվության համար, ուսումնասիրել են Օսմանյան Թուրքիայի փաստաթղթերն ու ապացուցել, որ Ստամբուլից հրահանգներ են ուղարկվել տարբեր շրջաններ՝ ոչնչացնել տեղի հայկական համայնքները:

Ստամբուլի Բիլգիի համալսարանի պրոֆեսոր Այհան Աքթարը, օրինակ, իր աշխատություններում մեծ տեղ է հատկացրել հայերի արիությանը Գալիպոլիի ճակատամարտի ժամանակ, մասնավորապես, նկարագրել է կապիտան Սարգիս Թորոսյանի կյանքը, ով իր արիության համար փառքի ու պատվի արժանացավ Օսմանյան Թուրքիայում, սակայն որի ծնողներն ու քույրը Հայոց ցեղասպանության զոհերից դարձան: Այդ բացահայտման պատճառով պրոֆեսոր Աքթարը քննադատության ենթարկվեց ինչպես թուրքական բանակի սպաների, այնպես էլ՝ որոշ ակադեմիկոսների կողմից, որոնք պնդում էին, թե հայերն այդ ճակատամարտում Թուրքիայի կողմից չեն էլ կռվել: Հակառակ բազմաթիվ փաստերի և թուրքական համազգեստով կապիտան Թորոսյանի լուսանկարի՝ թուրքական գեներալները պաշտոնապես հերքում էին, որ հայ զինվորականն ընդհանրապես գոյություն է ունեցել:

Սակայն այժմ Թուրքիան փոխել է իր պատմությունը: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն վերջերս ընդունեց, որ էթնիկ այլ խմբեր, այդ թվում՝ արաբներն ու հայերը նույնպես կռվել են Գալիպոլիում: «Մենք (թուրքերն ու հայերը) միասին մարտնչել ենք Գալիպոլիում: Այդ պատճառով էլ մենք հրավեր ենք ուղարկել նաև նախագահ Սարգսյանին», - հայտարարեց:

«Հայերի համար ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ապրիլի 24-ն է, մինչդեռ Գալիպոլիում այդ օրը ոչինչ տեղի չի ունեցել, իսկ այն Կոնստանդնուպոլսում բազմաթիվ հայ մտավորականներ ու հասարակական գործիչներ ձերբակալվեցին ոստիկանության կողմից և դարձան վտարանդիներ կամ զոհեր: Սրանք Հայոց ցեղասպանության առաջին նահատակներն էին: Պատմության դաժան հեգնանքով, ոստիկանության շենքը, որտեղ պահվում էին ձերբակալված հայ մտավորականները, այսօր Իսլամական արվեստի թանգարանն է՝ տուրիստական վայր, որտեղ ապրիլի 24-ին դժվար թե այցելեն արքայազն Չարլզը և Ստամբուլ ժամանող այլ բարձրաստիճան հյուրեր: Այդ սպանությունները սկիզբ դրեցին հայ ժողովրդի հետապնումն ու արտաքսմանն աշխարհով մեկ»,- նկատում է լրագրողը։

«Եթե ցանկանում եք պատվել հայ սպաներին ու զինվորներին, ովքեր զոհվել են հանուն Թուրքիայի 1915-ին, ապա պետք է հրավիրեք Հայոց պատրիարքին Ստամբուլ», - Ռոբերտ Ֆիսքի հետ զրույցում ասել է թուրք պրոֆեսոր Աքթարը. - «Ինչո՞ւ են հրավիրում նախագահ Սարգսյանին, նրա նախնիները, հավանաբար, 1915 թվականին կռվում էին ռուսական կայսերական բանակի կազմում: Նա ղարաբաղցի է, որքանով տեղյակ եմ: Սա Նախագահ Սարգսյանի նկատմամբ «անպարկեշտ առաջարկության» ցուցադրում է... դա բավական վիրավորական է»:

Գալիպոլիի ճակատամարտի իսկական թուրք հերոսը, անշուշտ, փոխգնդապետ Մուսթաֆա Քեմալն էր՝ Աթաթուրքը, ժամանակակից թուրքական պետության հիմնադիրը, և նրա ղեկավարած 19-րդ դիվիզիան, որ նաև հայտնի էր «Հալեպի դիվիզիա» անվամբ՝ այնտեղ մարտնչող բազմաթիվ արաբների պատվին: Աթաթուրքը անձամբ չի մասնակցել 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը, սակայն նրա զինակիցներից ոմանք մասնակցել են, ինչը ստվեր է նետում թուրքական պետության պատմության վրա:

«Գալիպոլիի ճակատամարտում Դաշնակիցների կրած պարտությունը ստվեր նետեց նաև Ուինսթոն Չերչիլի կարիերայի վրա, փաստ, որ քաջ հայտնի է նաև տասնյակ հազարավոր ավստրալիացիների ու նորզելանդացիների, որոնք ապրիլին նախատեսում են ներկա գտնվել ճակատամարտի տարելիցի հանդիսություններին: Բայց որքանո՞վ նրանք տեղյակ կլինեն ապրիլի 24-ին տեղի ունեցած ավելի ահավոր իրադարձության տարելիցից, այլ հարց է»,- ամփոփում է «Ինդեփենդենթ»-ի մեկնաբանը։

XS
SM
MD
LG