Մատչելիության հղումներ

Ցեղասպանության թեմայով առաջին կտավը կվերականգնվի Հայաստանում


Ս․ Սկոբցովի հեղինակած Ակիմ Ավանեսովի դիմանկարը:
Ս․ Սկոբցովի հեղինակած Ակիմ Ավանեսովի դիմանկարը:

Ակիմ Ավանեսովի (Հովակիմ Հովաննիսյանի) անունը անցած դարասկզբին հայտնի էր ոչ միայն հայ, այլև ռուսաստանցի արվեստասերների շրջանում: Ծնունդով նորնախիջևանցի Ավանեսովը 1915 թվականին ստեղծել է «Դարից դար» կտավը, որն Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության թերևս առաջին գեղանկարչական արձագանքն էր:

1915-ին կտավը ցուցադրվել է Դոնի Ռոստովում, ինչից հետո, ցավոք, տարիներ շարունակ գտնվել է Ռոստովի երկրագիտական թանգարանի պահոցներում: Եվ ահա այսօր Նոր Նախիջանի հայկական համայնքի ջանքերով կտավը տրամադրվեց Հայաստանի ազգային պատկերասրահին՝ վերականգնման նպատակով, քանի որ գոնե պատմական մեծ արժեք ունեցող այս ստեղծագործությունն անմխիթար վիճակում է:

Հայաստանի ազգային պատկերասրահի ռեստավրացիոն արվեստանոցի ղեկավար Իգոր Պողոսյանը լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց, որ կտավը կվերականգնվի մինչև ապրիլի 24-ը:

Պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը նշեց, որ կտավը վերականգնվելու է անվճար՝ շեշտելով․ - «Երևի առաջին ստեղծագործություններից մեկն է, որ նկարիչները անդրադարձել են այս ոճրագործությանը:

«Ակիմ Ավանեսովը շատ հայտնի գեղանկարիչ է: Դոնի նկարիչների միության առաջին նախագահն է եղել, Մարտիրոս Սարյանի մտերիմ ընկերներից», - ասաց Երևանի պետական համալսարանի Հայագիտական ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը:

Ռոստովի հայկական համայնքի ղեկավարներից Սերգեյ Սայադովը փոխանցեց, որ բյուրոկրատական քաշքշուկի պատճառով կտավի փոխանցումը ձգձգվեց շուրջ երկու տարի, իսկ դրանից առաջ տասնամյակներ շարունակ պարզապես միջոցներ չէին գտնում կտավը վերականգնելու համար:

Նա ասաց, որ կտավը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխելու թույլտվությունը, որը ստանալը ձգվել էր երկու տարի, ի վերջո, պետք չեկավ, քանի որ Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, և փաստաթղթի անհրաժեշտությունը վերացավ:

Վերականգնված կտավը վերադարձվելու է Ռոստովի Ռուս-հայկական բարեկամության թանգարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG