Մատչելիության հղումներ

Թուրքիան պատմական իրադարձությունը «օգտագործում է իր քարոզչական նպատակների համար»


Թուրքիան պատմական իրադարձությունը «օգտագործում է իր քարոզչական նպատակների համար»
please wait

No media source currently available

0:00 0:03:59 0:00

Ապրիլի 24-ին Չանաքալլեի ճակատամարտի (Գալիպոլիի ճակատամարտի) հաղթանակի կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Թուրքիա հրավիրելու Էրդողանի քայլը Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը լկտիություն է որակում։

Ըստ Սաֆրաստյանի՝ աննախադեպ է, երբ պատմական փաստը փորձում են մեկ այլ երկրի դեմ որպես զենք օգտագործել։

«Ըստ էության, թուրքական կողմը փորձում է պատմական իրադարձությունը օգտագործել իր քարոզչական նպատակների համար։ Այդ ամսաթիվը՝ ապրիլի 24-ը, իրականում չի համապատասխանում, մեկ օր առաջ է բերված հատուկ նպատակով՝ որ համապատասխանեցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ»,- ասաց Սաֆրաստյանը։

1915 թվականի Չանաքքալեի ճակատամարտը համարվում է թուրքական պատմության փառավոր էջերից մեկը, երբ թուրքական բանակը պարտության մատնեց Անտանտի երկրների ռազմանավերին, որոնք փորձում էին մտնել Դարդանել։ Ի դեպ, Չանաքալլեի ճակատամարտի հաղթանակն ավանդաբար նշվել է ոչ թե ապրիլի 24-ին, այլ մարտի 18-ին։

Այս անգամ օրը փոխելը և ապրիլի 24-ին Սերժ Սարգսյանին Թուրքիա հրավիրելն, ըստ թուրքագետի, ոչ միայն քարոզչական նպատակ է հետապնդում։

«Այս քայլը նպատակ ունի խափանելու այն նախաձեռնությունը, որով հանդես է եկել Հայաստանը և հրավիրել է աշխարհի երկրների ղեկավարներին ապրիլի 24-ին գտնվելու Հայասատանում՝ հիշատակի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին»,- ասաց Սաֆրաստյանը։

Սաֆրաստյանը միանգամայն ադեկվատ է համարում նախագահ Սարգսյանի պատասխանը Էրդողանին.- «Ես կարծում եմ, որ այստեղ քննարկելու ոչ մի բան չկա, պարզ է, որ պետք է Հայաստանը մերժեր այդ այսպես կոչված հրավերը»։

Սերժ Սարգսյանը իր նամակում հիշեցրել է, որ ավելի վաղ ինքն է Էրդողանին հրավիրել Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը։ «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»,- ասված է նամակում։

Հայաստանի նախագահի նամակում նաև ասված է, որ Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակը նշելով ապրիլի 24-ին՝ Թուրքիան նպատակ ունի համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղել։

Վերջերս Թուրքիայի հանրության շրջանում հարցումներ էին անցկացվել Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ։ Հարցվածների 9.1 տոկոսը պատասխանել էր, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և ներողություն խնդրի, ևս 9 տոկոսը կարծիք էր հայտնել, որ Թուրքիան պետք է ներողություն խնդրի, բայց հայերի ցեղասպանությունը չճանաչի։

Հարցման արդյունքները Արևելագիտության ինստիտուտի տնօրենը բավական ուռճացված է համարում։

«Բայց մյուս կողմից նաև արտահայտում է այն իրողությունը, որ մենք հիմա կարող ենք արձանագրել, այսինքն թուրքական հասարակության մի որոշ շրջանակ՝ ուսանողությունը, մտավորականությունը, շատ փոքրաթիվ շրջանակ, հասել է այն գաղափարին, որ պետք է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Սա փաստ է։ Այսինքն ներկայումս թուրքական հասարակությունը միատարր չէ այս հարցում, ինչպես մի քանի տարի առաջ էր»,- ասաց Սաֆրաստյանը։

Երբ Թուրքիան չի կարողանում համարժեք պատասխանել Հայաստանի քայլերին, նման կերպ է վարվում, գնահատելով պաշտոնական Անկարայի պահվածքն, ասում է Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

«Երբ իրենք գտնվում են մի իրավիճակում, որ չեն կարողանում նորմալ պատասխան տալ, փորձում են անտեսել։ Էրդողանի այս քայլը ոչ միայն անտեսում էր Հայաստանի նախագահի հրավերը, այլ հավելյալ անարգանք էր մեր նահատակների հիշատակին»,- ասաց Մանոյանը։

Ճիշտ էր, որ նախագահ Սարգսյանն արագ ու համարժեք պատասխանեց Էրդողանի հրավերին, համոզված է Մանոյանը։ Եթե նույնիսկ Չանաքալլեի ճակատամարտի հաղթանակի տոնակատարությանը տարբեր երկրների առաջնորդների, այդ թվում Հայաստանի նախագահին հրավիրելով Թուրքիան փորձում է խափանել ապրիլի 24-ին Հայաստանի նախաձեռնած միջոցառումները, այդուհանդերձ, արդյունքը հակառակն է լինելու, վստահ է դաշնակցական գործիչը։

«Պարզ է՝ բոլոր մեկնաբանում են, որ ապրիլի 24-ին [ճակատամարտի 100-ամյա տարելիցը] նշելու որոշումը բացառապես կապված է Հայոց ցեղասպանության տարելիցի հետ և ինքը փորձ է անում, որ դա խափանի»,- ասաց Մանոյանը։

Թուրքական մամուլը ևս անդրադարձել է Սերժ Սարգսյանին ուղղված Էրդողանի հրավերին։ «Հյուրիեթ»-ը Էրդողանի հրավերը աննախադեպ դիվանագիտական քայլ է որակել։ «Միլիեթ» պարբերականն էլ իր հերթին գրել է, որ եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը Թուրքիա չգնա, միևնույն է, այդ հրավերը կմնա պատմության մեջ։ «Միլիեթ»-ի մեկ այլ հոդված հիշեցնում է, որ Էրդողանը Թուրքիա է հրավիրել նաև Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային, ում՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններին Թուրքիայում ուշադրության են հետևում։ Եթե Օբաման ու Սարգսյանը ընդունեին հրավերը, ապա դա մեծ անակնկալ կլիներ, գրում է թուրքական թերթը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG