Եվրադատարանի դատավորի պաշտոնում Հայաստանը ներկայացնող թեկնածուների՝ անցած հոկտեմբերին Երևանում կայացած վիճահարույց ընտրության արդյունքը չեղյալ է հայտարարվել:
Այսինքն, ընտրություններում հաղթող ճանաչված երեք թեկնածուները՝ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ու Գլխավոր դատախազության աշխատակից Նելիկ Հարությունյանը չեն մասնակցի հունվարի 16-ին Ստրասբուրգում նախատեսված հարցազրույցին, և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը այս ամսվա վերջին մեկնարկելիք ձմեռային նստաշրջանում նրանցից որևէ մեկին չի ընտրի Մարդւ իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանը ներկայացնող դատավորի պաշտոնում։ Կհայտարարվի նոր մրցույթ։
Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով է թեկնածուների ընտրության արդյունքը փաստացի չեղյալ ճանաչվել։ Այսինքն, նախագահը ուժը կորցրած է ճանաչել հոկտեմբերի 13-ի իր իսկ հրամանագիրը, որով հաստատել էր հաղթողների երեք հոգանոց ցուցակը՝ արտգործնախարարությանը կարգադրելով ցանկն ուղարկել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով։
Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրից պարզ է դառնում, որ դեկտեմբերի 22-ին Եվրախորհրդի նախարարների կոմիտեի փորձագետների խորհրդատվական խումբը հրապարակել է կարծիք, որով ըստ էության «անհնարին» է համարել Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունը։ Փորձագետները հիմնավորել են, որ թեկնածուները պետք է «հավասարապես և ամբողջովին համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի բոլոր պահանջներին»: Այն է՝ դատավորները «պետք է ունենան բարոյական բարձր նկարագիր և բավարարեն դատական բարձր պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները կամ լինեն ճանաչված իրազեկ իրավագետներ»։
Թե կոնկրետ որ պահանջին չեն համապատասխանել Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանն ու Նելիկ Հարությունյանը, դեռևս անհայտ է։ Արա Ղազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ առաջիկա ուրբաթ Ստրասբուրգում կայանալիք հարցազրույցի շեմին նման զարգացումները իր համար անակնկալ էին:
«Կոնկրետ չգիտեմ պատճառը որն է. ես դեկտեմբերի 20-ին ստանում եմ նամակ Արտաքին գործերի նախարարությունից, որտեղ ասվում է, որ Ստրասբուրգից ստացված տեղեկության համաձայն ամսի [հունվարի] 16-ին Ձեր հարցազրույցն է։ Եվ երկու օր հետո՝ 22-ին այդ հանձնաժողովը որոշում է կայացնում, որ ցուցակը հետ ուղարկի։ 20-22-ը չհասկացա ինչ է կատարվել», - ասաց Ղազարյանը՝ հավելելով որ ինքը մինչև երեկվա հրամանագիրը տեղյակ չի եղել այդ որոշման մասին. - «Ես միայն երկու նամակ եմ ստացել Արտաքին գործերի նախարարությունից. մեկը՝ Դուք հրավիրված եք հարցազրույցի, մեկն էլ հունվարի 7-ին, որով ասվում է՝ ոչինչ չձեռնարկեք, որովհետև հարցազրույց նախատեսված չէ»։
Հիշեցնենք, թեկնածուների ցանկի շուրջ մտահոգություններ էր արտահայտել Երևանում ընտրության գործընթացը դիտարկած «Իրավունքի Եվրոպա միավորումը»՝ հայտարարելով «խայտառակ խախտումներ» արձանագրելու և այդ ցուցակը չհաստատելու «լուրջ հիմքերի» մասին։ Կազմակերպությունն իր արձանագրած փաստերն ու թեկնածուների հետ հարցազրույցների բովանդակային վերլուծությունը զեկույցի տեսքով ուղարկել էր ԵԽԽՎ։
Կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի համոզմամբ՝ իրենց զեկույցն «անկյունաքարային նշանակություն» է ունեցել Եվրախորհրդի փորձագետների եզրակացության համար․ - «Նշվում է եզրակացությունում, որ թեկնածուները չեն համապատասխանում որակական չափանիշներին: Սա շատ կարևոր հարց է: Այսինքն, սա թեկնածուների որակազրկման վերաբերյալ փաստ է»:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ փորձագետների խմբի բացասական եզրակացությունը ավելի քան 20 օր թաքցվել է հանրությունից․ - «Գաղտնի է պահվել: Փոխարենը պետությունը շարունակել է մի գիծ, որի տրամաբանությունն է եղել տարբեր խողովակներով հանրությանը ապակողմնորոշել, թե իբր ոչ մի ցուցակ չի մերժվել, թե իբր ոչ մի բացասական եզրակացություն չկա, դեռ ավելին՝ նշանակվել են հարցազրույցներ․․․ Մենք ունենք նաև պաշտոնական պատասխան Եվրոպայի խորհրդից, համաձայն որի Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես Եվրոպայի խորհրդին չի ներկայացրել ցուցակը: Խորհրդակցական մարմնի կողմից մերժումը ստանալուց հետո կառավարությունը պաշտոնապես չի ներկայացրել այդ ցուցակը: Եվ հետևաբար, չներկայացվելու պայմաններում չեն ծանուցվել ոչ մի հարցազրույցի մասին Եվրոպայի խորհրդից: Ոչ մի ծանուցում չի եղել․․․ Այդ ամենի բացատրությունը պետք է պետությունը տրամադրի հանրությանը»:
Հարցին, թե ինչու է այդ ամենը թաքցվել հանրությունից, Եգորյանն արձագանքեց․ - «Ես կարծում եմ, որ պետությունը ինչ-որ զարտուղիներ է փնտրել՝ միգուցե չխայտառակվելու, միգուցե խուսափելու համար այն ելքից, որը հիմա ունենք, այն ելքից, որը մենք կանխատեսում էինք»:
Հավելեմ, որ ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվելիք թեկնածուների ընտրության համար կհայտարարվի նոր մրցույթ: