Դիտորդական կազմակերպությունը հովանավորչության ռիսկեր է տեսնում Եվրադատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության գործընթացում:
«Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության ներկայացուցիչները հայտարարում են, որ Երևանում անցկացվող մրցույթի առաջին՝ փաստաթղթերի ընդունման փուլում արձանագրվել են «խայտառակ խախտումներ»։
Արդարադատության նախարարությունը, մինչդեռ, պնդում է, որ մրցույթը թափանցիկ է և հրապարակային։
Ալվինա Գյուլումյանի լիազորությունների ավարտից հետո 13 հոգի են մրցում դատավորի պաշտոնի համար։ Նրանց թվում են Հայաստանի նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, փաստաբան Վահե Գրիգորյանը, Սահմանադրական դատարանի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը, մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում մասնագիտական գործունեություն ծավալող Դավիթ Խաչատուրյանը, մի քանի դատավորներ, դատախազության աշխատակիցներ, գիտաշխատողներ։
Հարցազրույցի փուլը կշարունակվի մինչև վաղը, որի արդյունքներով մրցութային հանձնաժողովը կընտրի երեք թեկնածուների: Եթե թեկնածությունները հաստատվեն նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, ապա նրանցից Հայաստանը ներկայացնող դատավորին ընտրելն արդեն Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիազորությունն է։
«Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպությունը հայտարարում է, որ մրցող 13 թեկնածուներից 3-ի անունները գրանցամատյանում հայտնվել են փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետի ավարտից հետո։ Վերջնաժամկետը լրացել է սեպտեմբերի 24-ին, ժամը 18-ին, բայց նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի, դատավորներ Նորա Կարապետյանի և Արայիկ Մելքումյանի փաստաթղթերը գրանցվել են 18-30-ից հետո: Սա կազմակերպության մոտ կասկածներ է առաջացնում:
«Միջազգային պրակտիկայում վերջնաժամկետից հետո փաստաթուղթ ընդունելը հովանավորչության նշան է», - «Ազատության» հետ զրույցում ասաց կազմակերպության ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը, և շարունակեց․ - «Ռիսկն այն է, որ այդ թեկնածուները, որոնք ըստ էության ուշացել էին, և հարցազրույցի փուլն անցած չպետք է լինեին, անցել և մասնակցել են հարցազրույցին, և շատ հավանական է, որ նրանք հայտնվեն այդ երեքի ցուցակում»։
Նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը երեկ մամուլին ասել էր, որ ինքը փաստաթղթերը ժամանակին փոստով է ուղարկել՝ «էժանագին» որակելով նման մեղադրանքը։ Նրա փոստային ծրարի ուսումնասիրությունից պարզվել է, որ նա իր փաստաթղթերը փոստ է հանձնել նախորդ օրը՝ սեպտեմբերի 23-ին ժամը 9-ին Արդարադատության նախարարության մոտակայքում գտնվող փոստային բաժանմունքից:
«Ես անհավանական եմ համարում, որ իր մակարդակի իրավաբանը գնար հասներ Արդարադատության նախարարության մոտ և ծրարը ուղարկեր կողքի փոստային բաժանմունքից՝ քաջ գիտակցելով, որ մեր փոստի արագությունն այնպիսին է, որ վերջնաժամկետից առաջ այդ ծրարը հնարավոր է և չհասնի», - նշեց Լուսինե Հակոբյանը։
Դատավոր Արայիկ Մելքումյանը ևս պնդում էր, որ ինքը ժամանակին է ն ներկայացրել փաստաթղթերը. - «Փաստաթղթերը հանձնել եմ սեպտեմբերի 23-ին ժամը 12-13-ի սահմաններում, Արդարադատության նախարարությունում հանձնել եմ աշխատակազմին։ Նրանք ասել են՝ կփոխանցենք համապատասխան բաժին։ Այդ օրը զանգել ինձ, ասել են, որ համապատասխան բաժնում հանձնված է: Մյուս օրը՝ ամսի 24-ին ինձ ուղարկել են էլեկտրոնային տարբերակով նամակը, որ ամբողջական փաստաթղթերը ընդունված են», - ասաց Մելքումյանը:
Մրցութային հանձնաժողովը գլխավորում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: 9 հոգանոց հանձնաժողովի կազմում են նաև գլխավոր դատախազը, Վճռաբեկդատարանի նախագահը, Արդարադատության նախարարը, օմբուդսմենը, Փաստաբանների պալատի նախագահը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարան բազմաթիվ բողոքներ ներկայացրած իրավաբան, կազմակերպության դիտորդ Մուշեղ Շուշանյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ դատավորի վիճահարույց 3 թեկնածուների շուրջ ստեղծված իրավիճակն արդեն իսկ կասկածի տակ է դնում մրցույթի անաչառությունը. - «Խայտառակ խախտում է սա։ Մրցույթի անցկացման կանոնները եթե մրցույթը նոր սկսած արդեն իսկ սկսում են խախտել, դա հիմք է տալիս ասելու, որ տվյալ երեք հավակնորդների նկատմամբ հովանավորչություն է իրականացվում»։
Եվրադատարանում Հայաստանը ներկայացնող դատավորն է նախ և առաջ ուսումնասիրում Հայաստանից ուղարկված բողոքները, և նրա կարծիքը, ըստ Շուշանյանի, շատ կարևոր է դատարանի համար։ Հետևաբար Հայաստանի իշխանությունները շահագրգիռ են իրենց համար ցանկալի անձի տեսնել այս պաշտոնում։ Հայաստանն առայժմ միայն 1 դատավոր է ունեցել, 2003 թվականից Ալվինա Գյուլումյանն էր այս պաշտոնում և, փաստաբանի փոխանցմամբ, այս տարիների ընթացքում աղմկահարույց գանգատների քննությունը Եվրադատարանում ակնհայտորեն ձգձգվել է։ Խոսքը հատկապես օտարված տարածքների բնակիչների գանգատների և քաղաքական գործերի մասին է:
«Եվրոպական դատարան գործեր ներկայացնող փաստաբանների շրջանակում առհասարակ այդկասկածը, ենթադրությունը կա, որ դա մասնավորապես կապված է ՄԻԵԴ-ում Հայաստանից ընտրված դատավոր Ալվինա Գյուլումյանի գործունեությամբ։ Նա գործադրել է բոլոր հնարավոր և անհնարին քայլերը, որ Հայաստանի դեմ ներկայացված շատ գործերի ընթացքը պարզապես ձգձգվի», - նշեց Շուշանյանը։
Հարցին, թե արդյոք իր ասածը ենթադրում է, որ Գյուլումյանը համագործակցում էր իշխանությունների հետ, փաստաբանը պատասխանեց․ - «Այսինքն այո, նման կասկած կա, և ես համարում եմ, որ դա բավականին հիմնավոր կասկած է, որ տիկին Ալվինա Գյուլումյանը քաղաքական ռեժիմի շահերն է սպասարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և ամեն ինչ արել է, որպեսզի Հայաստանի Հանրապետության դեմ վճիռներ չկայացվեն, կամ գոնե, երբ դա անխուսափելի է՝ նշված գործերի քննությունը ձգձգվի»։