Գալուստ Սահակյան. «Մինչև տարեվերջ բավականին լուրջ զսպվածություն կառաջանա»

Մինչև ուշ գիշեր Ազգային ժողովը դռնփակ նիստում քննարկում էր Հայաստանի ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը։

Առանց ընդմիջումների` ուղիղ 6 ժամ ընթացող նիստի ժամանակ միայն Կենտրոնական բանկի նախագահին պատգամավորները մոտ 40 հարց են ուղղել։

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի խոսքով, մանրամասն քննարկել են ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը:

«Կարծում եմ` նման քննարկումները պիտի շարունակել, առաջիկայում խորհրդակցություններ են տեղի ունենալու նաև Կառավարությունում և բոլոր լիազոր մարմիններում: Հանգամանք կառաջանա, որպեսզի կոնկրետ միջոցառումների ճանապարհային քարտեզը ավելի հստակեցվի, այսինքն` և՛ Կենտրոնական բանկը, և՛ Կառավարությունը այն անհրաժեշտ գործիքները, որոնք հնարավոր կդարձնեն մեղմել իրավիճակը, կարծում եմ, առաջիկայում ակնհայտ կլինի», - հայտարարեց ԱԺ նախագահը` լրագրողների հետ զրույցում: - «Հենց նոր հայտնի դարձավ, որ արդեն 570 է դարձել, իջեցման տենդենցներ կան, առավել ևս` լուր ստացանք, որ նավթի գներն են բարձրանում արդեն աշխարհում, որոշակիորեն փոփոխություններ կան և՛ տարածաշրջանում, մասնավորապես նաև Ռուսաստանում», - նաև ասաց ԱԺ նախագահը:

Լրագրողներից մեկի հարցին` քննարկվե՞լ է արդյոք ապրանքների թանկացման, որոշ խանութների` փակ լինելու հարցը, Գալուստ Սահակյանն արձագանքեց. - «Խուճապի հետևանք է: Կարծում եմ այստեղ և՛ Ազգային ժողովը դերակատարություն ունի, և՛ Կառավարությունը, և՛ Կենտրոնական բանկը: Մենք պիտի ժողովրդին մեր խոսքը ասենք, և այդ խոսքը այնքան ճշմարիտ պիտի լինի, որ ազդեցությունները այնքան մեծանան, որ խուճապը, նախևառաջ, վերանա, որովհետև նույնիսկ սովորական քաղաքացին փորձում է անընդհատ դոլարը փոխանակել դրամով, դրամը դոլարով, սա խուճապի հետևանք է»:

«Ազատության» հարցին` ռեալ ժամկետներ կա՞ն, ե՞րբ է կարգավորվելու իրավիճակը, ԱԺ նախագահը արձագանքեց. - «Ներքին վերլուծությունների արդյունքում, ես կարծում եմ, որ մինչև տարեվերջ բավականին լուրջ զսպվածություն կառաջանա այս ուղղությամբ: Կիջնի, այս պահին արդեն իջնում է, առավել ևս դա կապված կլինի նավթի գների բարձրացման հետ, որը ակնհայտ է, արդեն ինֆորմացիա ստացանք, որ գները բարձրանում են»:

Մեր հարցին` արտահերթ նիստի արդյունքում ի՞նչ որոշում է կայացվել, Գալուստ Սահակյանը պատասխանեց. - «Սա հաղորդում էր, որպեսզի նաև պատգամավորների տեղեկատվությունը բարձրանա, հնարավորինս իրենց ընտրողների միջավայրում կարողանային այն խնդիրները, որոնք հուզում են մեր ժողովրդին` պատասխանեն»: