Ազգային ժողովն այսօր դռնփակ ընթացակարգով քննարկում է Հայաստանի ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը։
Նիստի անցկացման նախաձեռնությունը խորհրդարանի ոչ իշխանական չորս ուժերինն է՝ «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», Հայ ազգային կոնգրես և «Օրինաց երկիր»։
Քիչ առաջ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը դուրս եկավ նիստերի դահլիճից և մի քանի հարցերի պատասխանեց, ասաց, որ ստեղծված իրավիճակում տնտեսական աճի հետ կապված ռիսկեր կան, Կառավարությունն ամենօրյա ռեժիմով տարբեր հանդիպումներ և քննարկումներ է անցկացնում, այդ թվում նաև միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:
Խաչատրյանի խոսքով իրավիճակը վերահսկողությունից դուրս չի եկել, իրենք կարող են այս պահին խնդիրը լուծել, մինչդեռ քննարկումներ են անցկացնում խնդրին ավելի երկարաժամկետ լուծում տալու համար: Նրա խոսքով դժվար է ասել թե ինչքան կշարունակվի այս իրավիճակը, քանի որ ամեն օր նոր պայմաններ են առաջանում:
Այս գործընթացը, ֆինանսների նախարարի խոսքով, աշխարհի շատ երկրներում կա, մինչդեռ մեզ մոտ արժեզրկումը շատ արագ եղավ: Գագիկ Խաչատրյանը հավելեց, որ թեև արժեզրկումը շատ արագ եղավ, բայց հակառակ պրոցեսը դանդաղ կլինի, քանի որ բարդ պրոցես է:
Ֆինանսների նախարարը նաև դրական գնահատեց Կենտրոնական բանկի աշխատանքը, ասաց, որ ամեն ինչ անում են վիճակը կայունացնելու համար: