Այսօր խորհրդարանի ոչ իշխանական չորս ուժերը «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրես, «Օրինաց Երկիրը» և «Ժառանգությունը» ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակի հարցով Ազգային Ժողովի արտահերթ նիստ էին նախաձեռնել։ ԲՀԿ-ի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ անհրաժեշտ ստորագրությունները արդեն հավաքել են։
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ այսօր հայտարարեց, որ քննարկմանը իրենք էլ են կողմ, իսկ ոչ իշխանականների ստորագրահավաքին միացել են։
Հարցը քննարկելուն կողմ էին նաև Հանրապետական խմբակցությունում, մինչդեռ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իրենք կողմ են միայն փակ քննարկմանը։
«Մեր խնդիրը պրոբլեմը լուծելն է: Եթե մենք ևս մեկ անգամ կանգնելու ենք, հայտարարություններ անենք, դրա համար մամուլի ասուլիս կա, իսկ եթե մեր խնդիրն է՝ գալ, պրոբլեմը հասկանալ և լուծման տարբերակները մշակելն է, և ընդդիմություն և իշխանություն ոչ թե փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել է, այլ լուծման ճանապարհները գտնելը, ապա դրա միակ ճիշտ տարբերակը փակ քննարկումն է», - ասաց Շարմազանովը:
Հանրապետականի խոսնակն ասաց, որ իրենք տեղյակ են քաղաքացիների շրջանում առկա խուճապից: Խնդիրը առնչվում է նաև իրենց՝ պատգամավորներին, նա անգամ օրինակ բերեց, որ եթե առաջ կոնկրետ գումարով կարելի էր գնել 10 կիլոգրամ շաքարավազ, ապա հիմա 5 կամ 4:
«Իհարկե մեր աշխատավարձերը շատ ավելի բարձր է, հիմա չեմ ուզում լացեմ, բայց մեզ ավելի շատ մտահոգում է մեր սոցիալապես անապահով խավերի վիճակը», - նշեց Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխխոսնակի կարծիքով, եթե անգամ Ռուսաստանը խնդիրներ ունի, ապա պարզ է, որ Հայաստանը ևս կունենա: Նրա խոսքով փակ նիստում իրենք բոլոր պատասխանատուների հետ ցանկանում են քննարկել, թե ինչպես կարելի է լուծել խնդիրները, իսկ «Ազատության» այն հարցին, թե արդյոք ուշացած չէ՞ քննարկումը, նա այսպես պատասխանեց․ - «Չեմ կարծում, որ ուշացած է: Խնդիրները պետք է քննարկենք, տեսնենք՝ ինչն է մեզնից կախված, ինչը՝ չէ»:
Ի դեպ, քննարկումը փակ անցկացնելու տարբերակին ոչ իշխանական ուժերը դեմ չեն։ ԲՀԿ-ի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ազատությանը» հաղորդեց, որ արտահերթ նիստին անհրաժեշտ քվորում ապահովելու անհրաժեշտ է նաև մեծամասնության ձայները, իրենց համար ավելի կարևոր է, որ նիստը տեղի ունենա՝ թեկուզ փակ կարգով։