Մատչելիության հղումներ

Հայկ Գևորգյան. Այս պահին դրամի վրա ճնշումը դեպի արժեզրկում է


Տնտեսական վերլուծաբան Հայկ Գևորգյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 16-ը դեկտեմբերի, 2014թ.
Տնտեսական վերլուծաբան Հայկ Գևորգյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 16-ը դեկտեմբերի, 2014թ.

Ըստ վերլուծաբանի, արժեզրկումը կանգ չի առնի, մինչև հատակին չհասնի։

«Հիմա դրամն ուղղակի ազատ անկում է կատարում, և մինչև չհասնի հատակին՝ արժեզրկումը չի կանգնելու»,- «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսական վերլուծաբան Հայկ Գևորգյանը՝ նշելով, որ նույնիսկ արժեզրկման տոկոսի շուրջ կանխատեսումներն այսօր անհնարին են դարձել։

«Եթե գտնվում են փայլուն մտքի տեր մարդիկ, ովքեր ասում են, որ դրամը կարժեզրկվի ևս տասը տոկոսով և կկանգնի, ուրեմն այդ մարդկանց չի կարելի լուրջ վերաբերվել։ Չկա որևէ բանաձև, եթե որևէ մեկն իմանար, թե դրամը կամ ցանկացած այլ արժույթ որքան կարժեզրկվի և մինչև երբ կարժեզրկվի, այդ մարդը, կարող եք վստահաբար ասել, որ այդ մարդը կլիներ միլիարդատեր։ Մենք կարող ենք վաղն արթնանալ ու տեսնել 450 դրամ, կամ վաղն արթնանալ ու տեսնել, որ 600 դրամ է, հավանականությունը երկուսի նույնն է, ըստ էության, չկա որևէ բանաձև, որով կարող ենք հաշվարկել»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Գևորգյանը։

Ըստ վերլուծաբանի, բանկիրներն ու տնտեսագետները կարող են ասել՝ դրամի վրա ճնշումը դեպի արժեզրկում է, թե՞ դեպի արժեվորում։

«Ցավոք սրտի, պիտի արձանագրենք, որ այս պահին ճնշումը դեպի արժեզրկում է։ Դա ունի մի քանի ցուցիչներ, որոնցով կարելի է կռահել։ Օրինակ, այսօր Կենտրոնական բանկը վաճառել է 1 դոլարը 524 դրամ մի քանի լումա, եթե դա լիներ դրամի հավասարակշռված փոխարժեքը, ապա փոխանակման կետերում արդեն դոլարը կլիներ ազատ վաճառքում, բայց քանի որ ցերեկը, երբ որ այդ գինն էր բանկերում և փոխանակման կետերում, էդ գնով ոչ ոք չէր կարող դոլար վաճառել, նշանակում է դա հավասարակշռված գինը չի, այսինքն պիտի դեռ աճի, դա նշանակում է, որ վաղը մենք կունենանք նոր՝ ավելի տխուր ցուցանիշներ»։

Հարցին, թե ինչի՞ կհանգեցնի արտարժութային շուկայում ստեղծված վիճակը, Գևորգյանը պատասխանեց. - «Հիմա մենք դեռ գործ ունենք արտարժույթային շուկայի ցնցումների հետ, մի որոշ ժամանակ հետո այդ ցնցումները տեղափոխվելու են արդեն տնտեսություն, և այդ ժամանակ մենք կունենաք ավելի տխուր հետևանքներ՝ արտադրության նվազում, աշխատավարձերի ոչ համարժեք աճ, աղքատության խորացում, սպառման նվազում և այլն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»։

Ըստ տնտեսական վերլուծաբանի, այս ամենի հետևանքները տեսանելի կլինեն արդեն հունվար-փետրվար ամիսներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG