Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը համաձայն չէ ընդդիմադիրների պնդմանը, թե քաղաքացիական ակտիվիստների մեքենաները հրկիզելը, ազատամարտիկներին, ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելը նույն շղթայի օղակներ են:
«Քննությունը կպարզի, թե կոնկրետ ով է կատարել տվյալ արարքը, ինչ շարժառիթից ելնելով և ինչ նպատակով: Ենթադրություններ կարող ենք շատ երկար անել, բայց հետևություններ չենք կարող ունենալ, մինչև չունենք քրեական գործի ավարտ», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կոստանյանը՝ շարունակելով:
Արամ Մանուկյանին ծեծի ենթարկող անձն այսօր ստորագրությամբ ազատ է արձակվել: «Ազատության» հարցին, թե ինչու է Ազգային ժողովի պատգամավորին ծեծի ենթարկած անձը ազատ արձակվել ու արդյոք համաչափ է առաջադրված մեղադրանքը (թեթև մարմնական վնասվածք հասցնելը), Կոստանյանն արձագանքեց․ - «Վնասվածքի աստիճանը կլինե՞ր միջին ծանրության՝ միջին ծանրության վնասվածք հասցնելու փաստով քրեական գործ կհարուցվեր: Ես չեմ կարող հիմա բերել անգամ մեկ օրինակ, երբ որ ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցագործությունով մենք անձին ձերբակալում և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն [ենք ներկայացնում]»:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, մինչդեռ, վստահ է, որ իրավապահների արձագանքն ավելի կոշտ կլիներ, եթե անգամ թեթև ապտակ ստացողը լիներ ՀՀԿ-ական պատգամավոր: Իսկ անձեռնմխելի պատգամավորի վրա ձեռք բարձրացրած անձին ստորագրությամբ ազատ արձակելը, ըստ Ալեքսանյանի, կարող է նախադեպային լինել․ - «Դա նշանակում է, որ հիմա ցանկացած մեկը կարող է գնալ ապտակել պատգամավորին, հետո ստորագրությամբ գնալ տուն: Ես պատկերացնում եմ, եթե Հանրապետական մի պատգամավորի ապտակած լինեին: Օրինակ, Գալուստ Սահակյանին: Հետաքրքիր է, այսպիսի մեղմությամբ և տեսական ելույթներո՞վ էր Կոստանյանը խոսելու»:
Գևորգ Կոստանյանը հրաժարվեց մեկնաբանել փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հայտարարությունը, թե՝ Սերժ Սարգսյանին հայհոյողի ականջները շաթ թուլի պես կկտրի: Հարցին, թե արդյոք բարձրաստիճան ոստիկանի կողմից պաշտոնի չարաշահում չի համարվում նման հայտարարությունը, Գլխավոր դատախազը կրկնեց․ - «Նախ, ես մեկնաբանություն չեմ ուզում անեմ հայտարարությունների հետ կապված: Եվ ես չեմ կարծում, թե հարցն այն կարևորություն է ներկայացնում, որ պետք է հիմա այստեղ քննարկենք: Ինչ վերաբերում է նրան, որ այդ վիրավորանքի պատճառով ծեծ կամ որևէ այլ անձի նկատմամբ բռնություն է գործադրվել, դա արդեն քննությունը կպարզի՝ անկախ նրանից, թե դա ի պատասխան որևէ վիրավորանքի է եղել կամ որևէ այլ խուլիգանական դրդումներով է եղել: Դա նշանակություն չունի․ ծեծը դա հանցագործություն է»:
Գևորգ Կոստանյանի լրագրողների հարցերին պատասխանեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի ներկայացուցչի գործունեության 10-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում:
Գլխավոր դատախազը մտահոգիչ է համարում Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի կայացրած ցանկացած վճիռ: 2014 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի դեմ կայացվել է 49 վճիռ, պետբյուջեից կատարվել է ավելի քան կես միլիոն եվրոյի փոխհատուցում:
Հարցին, թե արդյոք ճիշտ չէր լինի, որ այդ գումարը գանձվեր տվյալ վճիռը կայացրած դատավարից, Կոստանյանն արձագանքեց, թե այդ հարցը քննարկվում է Եվրախորհրդի անդամ երկրներում:
«Ցանկացած այլ պաշտոնյայի նկատմամբ, որի որոշումներով կամ գործողություններով խախտվել է մարդու իրավունքը և մենք ունեն Եվրոպական դատարանի վճիռ, դա ֆորմալ առումով հիմք է հանդիսանում, որպեսզի տվյալ պաշտոնյայի դեմ ներկայացվի ռեգրեսիվ հայց պետությանը հասցված վնասի առումով: Որովհետև պետությունը ստիպված է լինում վճարել պետական բյուջեի հաշվին, և տվյալ անձից պետք է բռնագանձվի որպես պետությանը հասցված վնաս: Դա այլ ընթացակարգ է», - նշեց Գևորգ Կոստանյանը: