Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Արամ Մանուկյանի դեմ հարձակման կասկածանքով բերման ենթարկված Արշակ Սվազյանն ստորագրությամբ ազատ է արձակվել:
Ինչպես «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Սոնա Տռուզյանը, Սվազյանը գործում ներգրավվել է որպես կասկածյալ, խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:
«Նախնական տվյալներով՝ Արամ Մանուկյանին պատճառվել են թեթև մարմնական վնասվածքներ, ինչը համապատասխանում է Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածին (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը): Եվ քրեական գործն էլ է հարուցվել այս հոդվածի հատկանիշներով: Տվյալ հոդվածի հանցակազմը նախատեսում է տուգանք նվազագույն աշխատավարձի 50-80-ապատիկի չափով, ուղղիչ աշխատանքներ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ կալանքը՝ առավելագույն երկու ամիս ժամկետում»,- ասաց Տռուզյանը:
Ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանը, հիշեցնենք, հարձակման էր ենթարկվել դեկտեմբերի 11-ի երեկոյան, իր տան շքամուտքի մոտ: ՀԱԿ-ը հայտարարել էր, որ անձամբ Սերժ Սարգսյանին է մեղադրում Արամ Մանուկյանի և ազատամարտիկների հանդեպ վերջին բռնությունների համար:
«Ցավոք, մեր հասարակության մեջ դեռևս այն ընկալումը կա, որ եթե մարդու նկատմամբ այլ խափանման միջոց է ընտրվել, ուրեմն նա ընդհանրապես ազատ է արձակվել: Այս պահի դրությամբ այս հոդվածի հատկանիշներին է համապատասխանում [հանցանքը]: Եթե քննությամբ ի հայտ գան այլ հանգամանքներ, մենք ընթացքի մասին տեղեկատվություն կտրամադրենք»,- ասաց Քննչական կոմիտեի խոսնակը:
Սոնա Տռուզյանը նշեց, որ դատաբժիշկների նախնական եզրակացության համաձայն՝ Արամ Մանուկյանին թեթև մարմնական վնասվածք է հասցվել․- «Բայց վերջնական եզրակացությունը կտան 2-3 շաբաթվա ընթացքում, քանի որ որոշակի ժամանակ է պետք վերջնական գնահատականը տալու համար: Այսինքն չեն բացառել, որ թեթևից անցում կատարվի միջինի: Երբ կստանանք վերջնական եզրակացությունը, կտրվի նաև համապատասխան քրեաիրավական գնահատական»:
Տռուզյանը նաև նշեց, որ եթե դատաբժիշկների վերջնական եզրակացությունը տարբերվի նախնականից, կփոխվի նաև հոդվածը, որով հարուցվել է քրեական գործը:
Լրատվամիջոցները նշում են, որ կասկածյալ Արշակ Սվազյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի վարորդներից է եղել, վարել է ԱԺ պետհամարանիշներով մեքենա: Սվազյանը նախկինում դատապարտվել է մաքսանենգության համար, ապա՝ համաներմամբ ազատ է արձակվել: