Վրաստանի հետ բարձր մաքսատուրքեր սահմանելու հարցում հստակություն չկա

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի կառավարությունը չի հստակեցնում՝ Եվրասիական միության կողմից վրացական ապրանքների նկատմամբ բարձր մաքսատուրքեր սահմանելու դեպքում, արդյոք նո՞ւյն կերպ են վարվելու մեր երկրում, երբ Հայաստանը դառնա միության անդամ:

Այն բանից հետո, երբ Եվրամիության հետ այս հունիսին Վրաստանը ստորագրեց, իսկ հուլիսին վավերացրեց Ասոցիացման համաձայնագիրը, Ռուսաստանի կառավարությունը հայտարարեց, որ դուրս է գալիս Վրաստանի հետ դեռ 1994թ․ կնքված ազատ առևտրի ռեժիմից:

Եվրամիության ու Վրաստանի միջև ստորագրված Ասոցիացման համաձայնագիրը նախատեսում է նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի (DCFTA) ստեղծել Բրյուսելի և Թբիլիսիի միջև, որը սկսելու է գործել այս սեպտեմբերի 1-ից:

Ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը մանրամասնում է՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը, արտաքին գործերի և արդարադատության նախարարությունների հետ համաձայնեցնելով, կառավարության հաստատմանն է ներկայացրել Վրաստանի հետ ազատ առևտրի ռեժիմից դուրս գալու որոշման նախագիծը:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հուլիսի 31-ին ստորագրեց կառավարության որոշումը՝ մոլդովական ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը դուրս եկավ Մոլդովայի հետ ազատ առևտրի ռեժիմից:

«Եվրասիական տնտեսական միության առանձին երկրների կողմից առանձին երկրների հանդեպ որոշակի սահմանափակումներ կիրառելը չի ենթադրում, որ միջոցներ պետք է կիրառվեն նաև մյուս երկրների կողմից»,- «Ազատության» հարցմանն ի պատասխան ասված է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության պատասխանում:

Նախարարությունից սակայն չհստակեցրեցին՝ Եվրասիական միությանը անդամակցելուց հետո Հայաստանը շարունակելու՞ է ազատ առևտրի ռեժիմ պահպանել Վրաստանի հետ:

Տնտեսագետ Բաբկեն Թունյանի համոզմամբ, Վրաստանը նույն կերպ կպատասխանի բարձր մաքսատուքերին:

«Բնականաբար, եթե մենք էլ նույն ռեժիմը կիրառում ենք Վրաստանի նկատմամբ, դա ոչ թե հնարավոր է, այլ բնական է, որ պետք է հակառակ կողմից նույնպիսի պատասխան լինի: Այսինքն, չի կարող երկկողմ առևտրի մեջ մի կողմի համար շահավետ պայմաններ լինեն, մյուս կողմի համար սեփական շահերը ոտնահարվեն», - ասում է Թունյանը:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության համաձայն, այս տարվա առաջին վեց ամիսներին հայ-վրացական առևտուրը կազմել է 73 միլիոն դոլար կամ Հայաստանի արտաքին առևտրի 2.7 տոկոսը: Այս ցուցանիշով Վրաստանը 11-րդ հորիզոնականում է Հայաստանի արտաքին գործընկերների շարքում:

«Վրաստանը հանդիսանում է Հայաստանի արտաքին առջևտրի հիմնական ուղին, և Վրաստանի հետ առևտրային հարաբերությունների խստացումը մեզ վրա հաստատ շատ ավելի մեծ ազդեցություն կունենա, քան Մաքսային միության անդամ ցանկացած երկրի վրա», - պարզաբանում է Թունյանը:

Հայաստանյան գործարար հանրությանը ևս մտահոգում է Վրաստանի հետ առևտրա-տնտեսական հարաբերությունների հնարավոր վատթարացումը: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով, իրենց համար հստակ չէ՝ արդյոք ի պատասխան Վրաստանը չի՞ բարձրացնի նաև տարանցիկ փոխադրումների դիմաց գանձվող վճարը, այդ թվում՝ Ռուսաստանից Հայաստան եկող:

Բացի այդ, Մակարյանի կարծիքով, Վրաստանի հետ առևտրային հարաբերությունների վատացումից կտուժի նաև Թուրքիայի հետ Հայաստանի առևտուրը, որն իրականացվում է այդ երկրի տարածքով: Իսկ դա, ըստ Մակարյանի, առաջին հերթին կհարվածի փոքր բիզնեսի շահերին:

«Ավելի շատ փոքրը, ես կասեի՝ միկրոն [բիզնեսը, որը կտուժի]: Խառը տիպի ապրանքները, որոնք որ այսօր բերում են՝ տարբեր հագուստներ, կոշիկներ, կենցաղային ապրանքներ, սննդի ինչ-որ տեսակներ և այլն, մեծ մասը բերում են քաղաքացիներ, որոնք միկրոբիզնեսի մեջ են: Այսինք այդ մարդիկ դրանով ապրում են», - ասում է նա:

Այն որ Հայաստանի հետ առևտրա-տնտեսական հետագա հարաբերությունների հարցը անորոշ է նաև պաշտոնական Թբիլիսիի համար, մոտ մեկ ամիս առաջ «Ազատության» հետ զրույցում խոստովանեց մեր երկրում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին:

«Չեմ կարծում, թե Ասոցիացման համաձայնագրի վավերացումից ու Եվրամիության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելուց հետո հայկական ապրանքների նկատմամբ Վրաստանում կբարձրացվեն մաքսատուրքերը: Նման պահանջ նաև Եվրամիությունը չի դնում: Ճի՛շտ հակառակը՝ մենք ամբողջությամբ չգիտենք, թե ի՞նչ է պահանջելու Մաքսային միությունը Հայաստանից մեր առնչությամբ», - մասնավորապես, ասաց դեսպանը: