«Կլիմայի ներդրումային հիմնադրամ» միջազգային կազմակերպությունը Հայաստանում արևային էներգետիկան զարգացնելու ծրագրի շրջանակում կտրամադրի 26 միլիոն դոլար: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» տնօրեն Թամարա Բաբայանը:
Ըստ նրա՝ արևային տեխնոլոգիաների զարգացման համար բավական մեծ ներդրումներ են անհրաժեշտ: Հենց համապատասխան միջոցների բացակայությունն է պատճառը, որ տասնյակ տարիներ արևային էներգետիկայի կայաններ այստեղ չեն տեղակայվում:
Բաբայանը նշում է, որ այժմ արևային էներգետիկան զարգացնելու հնարավորություն կա, և հավելում է, որ հետագայում տարբեր միջազգային կառույցների կողմից հատկացված գումարը կհնգապատկվի:
«Սա արդեն գործող ծրագիր է, կարելի է ասել, որովհետև Կառավարությանը արդեն պաշտոնապես ծանուցվել է, որ հաստատվել է ծրագիրը, և մի տարի պետք է նախապատրաստման և իրավաբանական ձևակերպումների համար, որից հետո ֆինանսավորումն արդեն մատչելի կլինի», - ասաց Թամարա Բաբայանը:
«Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» տնօրենի խոսքով՝ ծրագիրը հնարավորություն կտա կառուցելու մինչև 50 մեգավատտ հզորությամբ արևային էներգիայի կայաններ, որոնց արտադրած էներգիան կմիանա ընդհանուր ցանցին, և առաջին իսկ տարում կբավարարի բնակչության էներգետիկ պահանջարկի 8 տոկոսը:
Բաբայանը նշում է, որ եթե այս ֆինանսական հատկացումը չլիներ՝ արևային էներգիան քաղաքացիների վրա կրկնակի թանկ կնստեր, քանի որ այսպիսի կայանների ստեղծումը առայժմ շատ մեծ ներդրումներ է պահանջում: Այդուհանդերձ, նույնիսկ այս ծրագրով հատկացվող ֆինանսավորման պայմաններում արևային էներգիայի կայաններից ստացվող էլեկտրաէներգիայի սակագինը կկազմի առավելագույնը 42 դրամ՝ այնքան, որքան արժե օգոստոսի մեկից թանկացած հոսանքը: «Ազատության» հարցին այն մասին, որ եթե սպառողը ի վերջո վճարելու է նույն սակագնով, հետևաբար ո՞րն է արևային էներգիայի առավելությունը, Բաբայանը այսպես պատասխանեց․ - «Ինչքան դու կախված ես գազից ու այլ հանածոներից, քո սակագները աճելու միտում ունեն: Արևային կայանների դեպքում դու երաշխավորված ես, որ հետագայում սակագնի աճ չես ունենալու»:
Արևային էներգիայի սարքեր այսօր Հայաստանում արդեն իսկ արտադրում են 8 կազմակերպություններ, սակայն դրանցից օգտվում են շատ քչերը՝ մոտ 100 ընտանիք: Հիմնադրամի տնօրենը սա բացատրում է բարձր գներով․ նման սարքեր տեղադրելու և էլեկտրաէներգիայի օգտագործումից խուսափելու համար անհրաժեշտ է վճարել 2 - 5 հազար ԱՄՆ դոլար, սակայն հետագա մոտ 20 տարիների ընթացքում այն անվճար կլինի։ Նա նշում է, որ ծրագրի շնորհիվ այստեղ կզարգանա նաև արևային սարքավորումների արտադրությունը:
«Սպառողների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Միրզոյանն ասում է, որ օրերս ոլորտի մասնագետների, գիտնականների հետ մշակել են ծրագիր, ինչը թույլ կտա զարգացնել արևային էներգիայի արտադրությանը միտված ենթակառույցները: Ըստ Միրզոյանի՝ այս ծրագիրն արդեն ուղարկել են կառավարություն և այժմ սպասում են արձագանքի՝ կոչ անելով կառավարությանը հարկային արտոնություններ տրամադրել արևային տեխնոլոգիաներ կիրառող ձեռնարկություններին:
«Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» տնօրենը տեղեկացրեց, որ առաջին արևային կայանները Հայաստանում կտեղադրվեն արդեն 2015 թվականին: