Մատչելիության հղումներ

Հայկական ԱԷԿ-ի վերանորոգման համար 300 միլիոնի վարկ կտրամադրվի Հայաստանին


Հայաստանն ու Ռուսաստանը սկզբունքային պայմանավորվածության են հանգել 300 միլիոն դոլար վարկի տրամադրման շուրջ, որը պետք է ուղղվի հայկական ատոմակայանի վերանորոգմանը:

Այսօր Երևանի ՋԷԿ-ում հրավիրված ասուլիսին այս մասին հայտնեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Նախարարը փոխանցեց, որ Ռուսաստանի նկատմամբ միջազգային հանրության կողմից կիրառված պատժամիջոցները «ոչ մի կերպ չեն կարող անդրադառանալ» հայկական ԱԷԿ-ի վերանորոգման հարցում հայ-ռուսական պայմանավորվածությունների վրա:

«Պայմանագրերը քննարկման փուլում են, և մոտակա ժամանակներս այդ 300 միլիոն դոլարի հարցը, և որը մենք նախատեսում ենք աշխատանքները կոնկրետ սկսել 2017 թվականին՝ վերականգնման աշխատանքներ և ժամկետների երկարացման, 6 ամիս հայկական ատոմակայանը կկանգնեցվի կապիտալ վերանորոգման՝ 2017 թվականի գարնանը, և այդ 6 ամիսների ընթացքում մենք ատոմակայանը հիմնավոր կվերանորոգենք, այն նպատակով, որպեսզի կարողանանք շահագործման աշխատանքները երկարացնել մինչև 2026 թվականը», - նշեց Զախարյանը:

Նոր ատոմակայանի կառուցման հարցն անորոշ է

Ինչ վերաբերում է նոր ատոմակայանի կառուցմանը՝ նախարարն ասաց, որ առնվազն 7-8 տարի կպահանջվի 1000 ՄՎտ-ոց նոր ԱԷԿ կառուցելու համար, ուստի պետք է կառուցման աշխատանքները սկսվեն առնվազն 2018թ․-ին, որպեսզի մինչև վերանորոգված ԱԷԿ-ի շահագործման ավարտը՝ 2026թ․-ը, Հայաստանն ունենա նոր ատոմակայան:

«Դժվարություններ են առաջանում ֆինանսավորման հարցում, որովհետև դա լուրջ ֆինանսական ներդրումներ է պահանջում, մոտավորապես 4,5-ից 4,9 միլիարդ դոլարի սահմաններում: Ռուսական կողմի հետ կա պայմանավորվածություն, որ միջուկային բլոկը իրենք կտրամադրեն որպես մասնակցություն նոր ատոմակայանի շինարարությանը՝ դա ներդրումների մոտավորապես 35 տոկոս է կազմում: Մնացածը՝ կառավարության և նախարարության ուժերով պիտի կարողանանք մինչև 2018 թիվը այդ ֆինանսական միջոցների հարցը լուծել», - մանրամասնեց նախարարը:

Զախարյանը տեղեկացրեց նաև, որ վարկի ստացման վերաբերյալ Ճապոնիայի կառավարության հետ նախնական պայմանավորվածություն կա, որը պետք է ուղղվի Երևանի ՋԷԿ-ում 450 ՄՎտ հզրության նոր էներգաբլոկի կառուցմանը: Նոր էներգաբլոկը կարժենա մոտ 400-450 միլիոն դոլար:

«Նաիրիտ»-ի շուրջ պայմանավորվածություն չի եղել

Նախարար Զախարյանն այսօր ուշագրավ հայտարարություն արեց՝ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության հետ որևէ պայմանավորվածություն չի եղել «Նաիրիտ»-ի գնման կամ «Նաիրիտ»-ում ներդրումների վերաբերյալ, և միայն այս սեպտեմբերին «Ռոսնեֆտը» կհայտնի Հայաստանի կառավարությանը՝ ընդհանրապես շահագրգռվա՞ծ է ներդրումներ կատարել «Նաիրիտ»-ում:

Երվանդ Զախարյանի այս հայտարարությունն ուշագրավ է այն պատճառով, որ տարվա սկզբից Հայաստանի իշխանությունները մի քանի անգամ հասցրել էին հայտարարել «Ռոսնեֆտի» կողմից «Նաիրիտ»-ում կատարվելիք 500 միլիոն դոլար ներդրման մասին:

«Մենք «Ռոսնեֆտի» հետ ոչ մի կոնկրետ պայմանավորվածություն չունենք, որ պատժամիջոցները ազդեն այդ հարաբերությունների վրա: Երկրորդ՝ ես չգիտեմ տարեսկզբին ի՞նչ է եղել, բայց կարող եմ այսօրվա դրությամբ ասել հետևյալը, որ «Ռոսնեֆտը» ինքը խոստացել է, որպեսզի կատարի մոնիտորինգ, ուսումնասիրի հին «Նաիրիտի» ընդհանուր հնարավորությունները, իրավիճակը, նոր գործարան կառուցելու հնարավորությունները, և մեզ ներկայացնի մոնիտորինգի արդյունքները: Եվ ես ունեմ տեղեկություն, որ «Ռոսնեֆտի» մոնիտորինգի աշխատանքները ավարտվել են և իրենք նախատեսում են օգոստոսին, կամ մինչև սեպտեմբերի 10-15 ներկայացնել արդյունքները: Ի՞նչ արդյունքների և ի՞նչ եզրակացության է հանգել «Ռոսնեֆտի» ղեկավարությունը՝ ոչ մեկը տեղյակ չէ, այդ թվում նաև ես», - նշեց Զախարյանը:

Իրանական գազի տարանցման հարցը չի քննարկվում

Մոտ քսան օր առաջ լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը մտածում է մեր երկրի տարածքով իրանական գազ փոխադրել երրորդ երկրներ, և որ այդ հարցը կարող է քննարկվել առաջիկայում նախատեսված հայ-իրանական միջկառավարական նիստում:

Երվանդ Զախարյանն այսօր հերքեց այդ տեղեկությունը:

«Հայ - իրանական բանակցություններում այսօրվա դրությամբ իրանական կողմի հետ գազի տարանցիկ աշխատանքների հետ կապված որևէ խնդիր չի քննարկվել», - ասաց նա:

Որոտանի համալիր․ բանակցությունները շարունակվում են

Մոտ մեկ ու կես ամիս է անցել, երբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը «Ազատությանը» փոխանցեց, որ կառավարությունը մտադիր է ավարտին հասցնել Որոտանի համալիրը ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը վաճառելու գործը, սակայն կան որոշակի խնդիրներ, որոնց լուծումից հետո միայն գործարքը կավարտվի:

Զախարյանն այսօր տեղեկացրեց, որ բանակցությունները դեռ շարունակվում են․ - «Որոտանի ՀԷԿ-ի վաճառքը ընդհանուր քննարկումների փուլում է, տեխնիկական քննարկումները առայժմ չեն ավարտվել»:

Նախարարն այսօր նաև հայտարարեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն անարդյունավետ է ծախսել իր կողմից ներգրավված վարկերը և այժմ ունի 94 միլիարդ դրամ վարկային պարտավորություն:

Ինչպես հայտնի է, Հայաստանի իշխանությունները օգոստոսի 1-ից մոտ 10 տոկոսով բարձրացրեցին էլեկտրաէներգիայի գինը՝ հիմնավորելով դա նշված ընկերության վնասները փակելու անհրաժեշտությամբ:

«Դրանց ոչ արդյունավետ օգտագործումը պայմանավորված է հետևյալով․ ոչ միայն վարկերի, այլ նաև մեծ, շահագործողական ծախսերի․ այդ միջոցները օգտագործելով Հայաստանի էլեկտրական ցանցերը վերջին տարիներին չի կարողացել անգամ մեկ տոկոսով կրճատել իր կորուստները», - ասաց Զախարյանը:

Ըստ նախարարի, ընկերության կորուստները շարունակում են կազմել 13 տոկոս: Այնուամենայնիվ, Զախարյանը հիմնավորված համարեց էլեկտրաէներգիայի թանկացումը՝ կարծիք հայտնելով, որ առաջիկա 1-2 տարում կառավարությունը վերստին չի անդրադառնա էլեկտրաէներգիայի թանկացմանը:

XS
SM
MD
LG