Մատչելիության հղումներ

Հայաստանում առաջին անգամ գյուղատնտեսական համատարած հաշվառում կանցկացվի


Հայաստան -- Ծիրանի բերքահավաք Արարատյան դաշտում, Հոկտեմբեր գյուղ, արխիվ
Հայաստան -- Ծիրանի բերքահավաք Արարատյան դաշտում, Հոկտեմբեր գյուղ, արխիվ

Հոկտեմբերի 11-ից 31-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է գյուղատնտեսական համատարած հաշվառում:

Հաշվառումն անցկացնելու է Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ)՝ հատուկ ուսուցում անցած հաշվարարների միջոցով:

ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանը Շիրակի մարզի համայնքապետերին ներկայացրեց հաշվառմանը վերաբերող տեղեկատվությունը:

«Նպատակն է հավաքագրել տեղեկություններ գյուղատնտեսության կառուցվածքի, գյուղատնտեսական նշանակության օգտագործվող հողերի, կենդանիների գլխաքանակի, տեխնիկայի, շենք-շինությունների, ակվակուլտուրաների, առկա ներուժի՝ նկատի ունենք մարդկային և նյութական, և այլնի վերաբերյալ», - մանրամասնեց ԱՎԾ տնօրենը:

Հատուկ հարցաթերթիկներում ներառված հարցերին պատասխանողը պետք է ազատ լինի ու չմտածի, որ իր կողմից լրացված հարցաթերթիկի պատասխանը կհրապարակվի, նշեց Մնացականյանը:

Հաշվառման արդյունքում ստացված տվյալները մի քանի նպատակներով են օգտագործվելու՝ մասնավորապես, գնահատականներ են տրվելու գյուղական համայնքներում աղքատության ծավալների մասին, ճշտվելու են Հայաստանի պարենային անվտանգության հետ կապված ցուցանիշները, մշակվելու է գյուղատնտեսության ոլորտի քաղաքականությունը:

Հաշվառումը անցկացնելու համար անհրաժեշտ գումարը կազմում է մոտ 4.6 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Եվրամիությունը խոստացել է տրամադրել 2 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ, սակայն, քանի որ դրամաշնորհի գումարը, ԱՎԾ տնօրենի խոսքով, ավելի ուշ է հատկացվելու, հուլիսի 3-ին կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդից գումար է հատկացվել: Դրամաշնորհներ են հատկացվել նաև Ավստրիայի կառավարության, Համաշխարհային բանկի, Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից:

«Հաշվառման անցկացումն ու տվյալների բազա ունենալը շատ կարևոր է՝ նույնիսկ քաղաքական որոշումներ կայացնելու հարցում», - նշեց Ստեփան Մնացականյանը, - «Սա այն բազան կլինի, որ հաջորդ գյուղատնտեսական համատարած հաշվառմամբ ստացված տվյալները, դրա հետ համադրելուց հետո, մենք կզգանք, թե օրինակ տասնամյակում ինչ միտումներ գոյություն ունեն, ինչ փոփոխություններ են արձանագրվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG