Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման միտումը շարունակվում է

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ այս գիշեր էլ հակառակորդի կողմից կրակոցներ հնչել են, բայց ավելի քիչ, քան երեկ և նախորդ օրը։

Ըստ Հովհաննիսյանի, հայկական զինված ուժերը չեն պատասխանել կրակոցներին՝ լարվածությունը է'լ ավելի թուլացնելու նպատակով։ Պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն, հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդի կրակոցները եղել են անկանոն, հայկական կողմից տուժածներ չկան։

Ինչ վերաբերում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, այստեղ նույնպես հրադադարի ռեժիմի խախտումների անկում է արձանագրվել. վերջին օրվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտվել է մոտ 40 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց։ Ե'վ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, և' Ղարաբաղի պաշտպանության բանակը վստահեցնում են, որ հայկական զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով։

Պաշտոնական Ստեփանակերտը փաստում է, որ լարվածության թուլացումը անմիջապես հաջորդեց հանգստյան օրերին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներին։ Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ նախ` հայկական ուժերը նախորդ շաբաթներին կարողացան ուժգին հակահարված տալ Ադրբեջանին, և երկրորդ՝ Սոչիում Իլհամ Ալիևի համար «գծվել է մի գիծ, որը նա չի կարող խախտել». - «Երևի Սոչիում նա պատկերացրեց, որ միջազգային հանրությունը` այդ թվում նաև Ռուսաստանը, ուղղակի դեմ են, որպեսզի պատերազմական գործողություններ սկսվեն տարածաշրջանում: Այստեղ կան երկու կարևոր հանգամանք: Առաջինը դա ուժգին այն հակահարվածն է, որը Ադրբեջանը ստացել է Արցախի պաշտպանության բանակից ադրբեջանա-ղարաբաղյան սահմանագծում, և հայկական բանակից` հայ-ադրբեջանական սահմանագծում: Դրան գումարած միջնորդների և գերտերությունների պատկերացումները հավանական ապակայունացման վերաբերյալ: Սա չի նշանակում, որ [Ադրբեջանը] ագրեսիվ պահվածքից հրաժարվել է, բայց այսպես ասած` շրջանակներն են նվազեցվում»:

Բակո Սահակյանի խոսնակի համոզմամբ, լարվածության թուլացումը միառժամանակ կարող է պահպանվել, հակառակ դեպքում. - «Եթե Ադրբեջանը դիմի նման գործողությունների, մեծ հարված կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և նրանց ղեկավարության, տվյալ դեպքում Ռուսաստանի նախագահի ջանքերին: Դա կնշանակի երկու բան. առաջինը` կա'մ Ռուսաստանի նախագահը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ի վիճակի չեն ազդելու իրավիճակի վրա, այսինքն` թույլ են փաստորեն, կա'մ երկրորդը` նրանք շահագրգռված են այդ պատերազմի մեջ: Բնական է, որ ո'չ մեկը, ո'չ մյուսն այդպես չէ: Բայց Ադրբեջանի պահվածքը կարող է այսպիսի երանգ հաղորդել, որը, բնական է, անընդունելի է և' Մոսկվայի համար, և' մնացած միջնորդ երկրների [համար]»:

«Կողմերը համոզվեցին, որ Ղարաբաղյան հարցը ռազմական լուծում չունի»՝ Սոչիի հանդիպումը «Ազատության» հետ զրույցում այսպես գնահատեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ համոզմունք հայտնելով, որ եթե իրավիճակի թեժացումը երկարաձգվեր, ապա այս կամ այն ուժային կենտրոնի կողմից արդեն կձեռնարկվեին խաղաղությունը պարտադրող գործողություններ. չէ՞ որ ողջ միջազգային հանրությունն էր մտահոգված, առանց բացառությունների:

«Որովհետև եթե կողմերից որևէ մեկը գնա ռազմական լուծման ճանապարհով, ու նույնիսկ եթե հաղթի, ապա այն վնասը, որը նա կկրի այդ չակերտավոր հաղթանակի ընթացքում, ուղղակի այդ հաղթանակի գինը կդարձնի անընդունելի։ Այսինքն դա կդառնա «պյուռոսյան հաղթանակ» բոլոր դեպքերում։ Էլ չեմ ասում ամբողջ տարածաշրջանն ուղղակի կընկնի մի քարե դար, մի 50 տարով հետ կընկնի, կվերածվի ավերակի», - նշեց Մեհրաբյանը,- «Որովհետեւ Կովկասում լուցկու հետ խաղալ չի կարելի, և եթե լայնամասշտաբ պատերազմ ծավալվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, ապա կոնֆլիկտի միջազգայնացումը, այլ՝ երրորդ, չորրորդ, հինգերորդ կողմերի ներգրավումը այստեղ գրեթե անխուսափելի է դառնալու։ Եվ ոչ ոք չի ուզենա գործը հասցնի տարածաշրջանային պատերազմի: Սա նույնիսկ ավելի վտանգավոր տարածաշրջան է, քան Ուկրաինան, որտեղ ռուսները ներկայումս կարելի է ասել տեռորիստական պատերազմ են ծավալել, և այնտեղ բավականին լայնամասշտաբ գործողություններ են տեղի ունենում։ Բայց, այնուամենայնիվ, այդ տարածաշրջանը իր կոնֆլիկտային պոտենցիալով ուղղակի ոչ մի համեմատության մեջ չի կարելի դնել Կովկասի հետ»։

«Ռուսաստանը ժամանակավոր թեժացումից պետք է օգտվեր՝ օգտվեց, ցույց տալով, որ Կովկասյան անտառում տերը մնում է արջը։ Բայց նա էլ շահագրգռված չէ այստեղ պատերազմով», - հավելեց փորձագետը։

Մեհրաբյանն անդրադարձավ նաև լարված այդ օրերին Հայաստանի ներսում ձևավորված մթնոլորտը. - «Հայաստանում այս ամենի ֆոնին մենք տեսանք բավականին հզոր քաղաքացիական, հոգեբանական վերելք։ Մենք չտեսանք որևէ խուճապ, պառակտիչ գործողություններ, մենք չտեսանք ինչ-որ հիստերիա։ Տեսանք միայն և միայն վերելք, որ, այնուամենայնիվ, ցույց տվեց, որ պետության ամրության հիմքը մնում է ազատ քաղաքացին, որն իր ինքնաբուխ պոռթմամբ կպահի և կպաշտպանի թե՛ իրեն և թե՛ պետությանը՝ անկախ իշխանության նկատմամբ իր վերաբերմունքից։ Սա ուղղակի մեր ամենագլխավոր հարստությունն է։ Բանակը կատարում է իր խնդիրը, բայց Հայաստանի գլխավոր ռազմաճակատը դա ներքին բարեփախումների ռազմաճակատն է։ Եթե մենք այդտեղ հաղթենք, մենք խնդիր չենք ունենա մեր սահմանների վրա»։