Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը դրական է գնահատում կիրակի օրը Սոչիում կայացած Պուտին - Սարգսյան - Ալիև եռակողմ հանդիպումը։
Արզումանյանի խոսքով՝ ենթադրվում էր, որ կողմերը հանդես կգան խաղաղության օգտին հայտարարություններով, ինչն արդեն կարևոր փաստ է։
«Այդ առումով պետք է դրական գնահատվի, որովհետև յուրաքանչյուր հանդիպում կամ քայլ, կամ գործողություն, որը կնպաստի լարվածության նվազեցմանը և կփրկի գեթ մեկ երիտասարդի կյանք, արդեն իսկ կարևոր է», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախկին արտգործնախարարը։
Հարցին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակա՞մ է՝ ընդունելու իրեն ներկայացվող առաջարկը, Արզումանյանը պատասխանեց․ - «Թերևս որերորդ անգամ Ալիևը շարունակում է խոսել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի մասին՝ առանց իրականությունը պատկերացնելու, առանց գնահատելու իր իսկ երկրի պահվածքը, և ավելին՝ խեղաթյուրելով իմաստը։ Սերժ Սարգսյանն ի վերջո տվեց այն պատասխանը, որը սպասվում էր, և զարմանալի է, որ այսքան տարիների ընթացքում այդ մասին քիչ է խոսվում. Անվտանգության խորհրդի բանաձևերը ընդամենը մեզանից՝ Հայաստանից, մշտապես չորս բանաձևով էլ մեզ հորդորել են, որ մեր ազդեցությունը օգտագործենք։ Մենք դա արել ենք 1994 թվականին, երբ հաղթանակած Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը պատրաստ էր շարունակել ռազմական գործողությունները, և Հայաստանն էր, որ համոզեց դադարեցնել գործողությունները և զինադադար կնքել»։
Նրա խոսքով ՝ Ալիևը ևս մեկ անգամ փորձեց մի քանի միջնորդական առաքելություններ միմյանց դեմ օգտագործելու, խաղարկելու իր քաղաքականությունը․ - «Եթե կհիշեք, հայտարարեց, որ Մինսկի խմբի համանախագահները, ցավոք սրտի, չեն արձանագրում հաջողություն, և որ ինքը հույս է հայտնում, որ բարեկամ Ռուսաստանը՝ լինելով պարտնյոր, մտերիմ բարեկամ, իր դերը կխորացնի և իր ազդեցությունը կօգտագործի հարցի կարգավորման համար»։
«Այստեղ նաև կարևորում եմ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային և փոխզիջումային լուծում գտնելուն։ Սա նաև հստակ պատգամ էր, որ մենք շարունակում ենք աշխատել մեր միջազգային պարտնյորների հետ և դիտարկում ենք Ռուսաստանին որպես եռանախագահողներից մեկին, որը այս պահին իր նախաձեռնությամբ ընդամենը նպաստում է ընդհանուր Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացի առաջխաղացմանը», - ընդգծեց Ալեքսանդր Արզումանյանը։