Մատչելիության հղումներ

Բաքվում դրական են գնահատում Սոչիի հանդիպումը


Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչ Ալի Հասանով, արխիվ
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչ Ալի Հասանով, արխիվ

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի վարիչ Ալի Հասանովը դրական է գնահատել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ կիրակի օրը Սոչիում կայացած հանդիպումը, փոխանցում է APA լրատվական գործակալությունը:

«Ինչպես նշվեց հենց հանդիպման ժամանակ էլ, հայ - ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը արդեն ձեռք է բերում աշխարհում ամենատևական հակամարտություններից մեկի «կարգավիճակը»: 20 տարուց ավելի այդ հակամարտությունը, խախտելով խաղաղ կյանքը Ադրբեջանում, Հարավային Կովկասում, սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը և անվտանգությանը ամբողջ Եվրասիայում: Այդ իսկ պատճառով, նման հանդիպումները, որ անցկացվում են տարբեր ձևաչափերով, մասնավորապես՝ երկրների նախագահների ուղղակի երկխոսության շրջանակներում, երբեք առանց հետքի չեն մնում», - «ԱզերԹԱջ» լրատվական գործակալության հարցազրույցում ասել է Հասանովը:

Նրա խոսքերով՝ հակամարտության գոտում վերջին արյունալի բախումների ֆոնին նման հանդիպման անցկացումը անհրաժեշտ էր, և «իրականում Ռուսաստանի նախագահ պարոն Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը կարելի է գնահատել առաջին հերթին որպես խաղաղարար նախաձեռնություն՝ ուղղված խախտված հրադադարի վերականգնմանը»:

«Երկկողմ և եռակողմ հանդիպումներում պարոն Պուտինը հիմնական ուշադրությունը ուղղեց առաջին հերթին հրադադարի ռեժիմի վերականգնմանը և պահպանմանը, հակամարտության խաղաղ կարգավորմանը բանակցությունների ճանապարհով, կողմերի միջև վստահության մթնոլորտի ստեղծմանը», - փոխանցել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյան՝ շարունակելով․ - «Մյուս կողմից, Ռուսաստանի նախագահը գնահատեց «հակամարտության նման ձգձգումը որպես գործընթացների դրական դինամիկային վնաս հասցնող գործոն», ինչը ևս կարող է գնահատվել որպես այդ երկրի դրական մոտեցում հայ - ադրբեջանական հակամարտության կարգավորմանը»:

Ռուսաստանի դիրքորոշումը, ըստ Հասանովի, «ընդհանուր ձևով կարելի է արտահայտել այսպես՝ ներկայիս ստատուս քվոն պետք է վերացվի մոտ ժամանակներս, խաղաղ ճանապարհով, բանակցությունների ճանապարհով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG