Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքով` Սոչիի հանդիպումից հետո հայ - ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը նույն ինտենսիվությամբ չեն շարունակվի:
Կիրակի օրը Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով հարցին՝ կա՞ հնարավորություն, որ սահմանային միջադեպերը նույն ինտենսիվությամբ կշարունակվեն, նախագահ Սարգսյանը ասել է․ - «Ես չեմ կարծում, որ նույն ինտենսիվությամբ կշարունակվեն, որովհետև նախ՝ դեպքերը ցույց տվեցին, որ հայկական զինված ուժերն ամբողջովին տիրապետում են իրավիճակին, և ադրբեջանցիների բոլոր փորձերն, անշուշտ, ձախողվեցին. մի տեղ շատ ավելի արագ և կտրուկ, մեկ այլ տեղ՝ որոշակի կորուստներով»:
«Ընդհանրապես, ամենաարդյունավետ մեխանիզմը՝ միջադեպերի կանխման, հետաքննման միջազգային մեխանիզմ ձևավորելն է: Եթե մենք կարողանանք այդպիսի մեխանիզմ ձևավորել, ես կարծում եմ, որ դա միջադեպերը կանխելու շատ լուրջ խթան կլինի, որովհետև նման մեխանիզմը ենթադրում է մեղավորների ի հայտ բերում և դրա մասին հանրությանը, այդ թվում՝ միջազգային հանրությանը, տեղյակ պահելու հանգամանք: Այնպես որ, մենք այս ուղղությամբ պետք է աշխատենք», շարունակել է Հայաստանի նախագահը:
Սարգսյանը նշել է, որ վերջին շրջանում տեղի ունեցած սահմանային միջադեպերով Ադրբեջանը մի քանի խնդիր էր լուծում, որոնցից ամենագլխավոր և կարևորն էր «միջազգային հանրությանը հասցնել այն գաղափարը, այն միտքը (և Ադրբեջանի ղեկավարը դա երբեք չի թաքցրել), որ պատերազմը չի ավարտվել, ավարտվել է պատերազմի մի փուլը, և պետք է հիմա շատ շտապ միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի խնդիրը ստանա իր վերջնական լուծումը»: «Մենք բոլորս էլ համոզվել ենք, որ դա այդպես է: Չեք կարող հիմա ինձ հիշեցնել մի դեպք, որ յուրաքանչյուր կարևոր հանդիպումից առաջ կամ հետո միջադեպերի ինտենսիվություն չգրանցվի: Իսկ այդպիսի կարևորագույն հանդիպումն, իհարկե, այն գլխից ենթադրում էր այդպիսի մոտեցում», - ընդգծել է նա:
«Հաջորդ նպատակը, որ Ադրբեջանի զինված ուժերը, Ադրբեջանի ղեկավարությունն իր առջև դնում է, դա, ինչպես ժողովուրդն է ասում՝ «հայերի աչքը վախեցնելն է»: Նրանք ուզում էին ցույց տալ և՛ իրենց, և՛ ուրիշներին, որ իրենք ուժեղ են, իրենց զինված ուժերը մարտունակ են, և իրենք կարող են, ինչպես իրենք են ասում, «պատժել հայկական զինված ուժերին»: Ինչպես տեսաք, այդ խաբկանքը նրանց հասցրեց ոչ բարենպաստ հանգրվանի», - շարունակել է Հայաստանի նախագահը:
«Երրորդ նպատակը, կարծում եմ, ներքաղաքական է․ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է արդարացնել իր կոշտ քաղաքականությունը երկրի ներսում՝ պատերազմը ավարտված չլինելու հանգամանքը շահարկելով», - ասել է Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ նախագահը նշել է․ - «Մենք բանակցությունները վարում ենք Կազանյան փաստաթղթի շուրջ, և դա 2011 թվականի փաստաթուղթն է, որը ստորագրելուց Ադրբեջանի նախագահը վերջին պահին հրաժարվեց: Կազանյան փաստաթուղթը, ինչպես հայտնի է, հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա, և ենթադրում է խնդրի լուծում երեք հիմնական սկզբունքների, այն է̀ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա»:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից անընդհատ հնչող սպառնալիքներին՝ մասնավորապես վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այն հայտարարությանը, թե Հայաստանի մայրաքաղաքը կջնջեն երկրի երեսից, նախագահը հիշեցրեց, որ վերջին միջադեպերի ընթացքում մեր զինված ուժերը ցույց տվեցին, թե ինչի են ունակ, և թերահավատներին ապացուցեցին, որ մարտունակ են։
«Ադրբեջանի ղեկավարությունը շատ լավ գիտի, թե ինչ կարողություններ ու հնարավորություններ ունեն հայկական զինված ուժերը: Նրանք շատ լավ գիտեն, որ մենք ունենք բալիստիկ հրթիռներ, որոնց գործողության շառավիղը 300 կիլոմետրից ավելի է, և որոնք շատ կարճ ժամանակում ցանկացած ծաղկուն բնակավայր կարող են վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին հիմա Աղդամի ավերակներն են», - ասել է նախագահը:
Գնահատելով երեկ Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ Սարգսյանն ասել է․ - «Մենք, ընդհանրապես, ելնում ենք այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական լուծում գոյություն չունի: Եվ եթե այդպես է, ապա խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով: Ուստի մենք մշտապես, առանց որևէ ձևականությունների, ինչպես ասում են̀ «առանց նազ ծախելու», մշտապես համաձայնվում ենք հանդիպումների, առավել ևս̀ բարձր մակարդակով հանդիպումների, և այս դեպքն էլ բացառություն չէր: Մենք անմիջապես արձագանքեցինք Ռուսաստանի նախագահի հրավերին̀ հանդիպելու Սոչիում, և ինչպես տեսաք՝ հանդիպումը կայացավ»:
Հարցազրույցում Հայաստանի նախագահն անդրադարձել է նաև Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի՝ օգոստոսի 7-ին գերի ընկնելու և հաջորդ օրը մահանալու փաստին:
«Այդ մահը ադրբեջանցիների խղճի վրա է, և այդ մահվան պատասխանատուն, իհարկե, նրանք են: Այսօր մեկ այլ թեմայով խոսելիս ես Ռուսաստանի նախագահի ներկայությամբ Ադրբեջանի նախագահին ասացի, որ ամոթ է այդպիսի մարդկանց սպանելը: Նա ասաց՝ «մենք չենք սպանել»: Ասացի՝ մարդը՝ 31 տարեկան տղան, ինչի՞ պիտի անցներ, ինչպես ես եմ տեղեկացված՝ ոգելից խմիչքի ազդեցության տակ, ձեզ մոտ և մահանար: Ասում է՝ «դե կարող է՝ վախեցել է, մահացել է», - պատմել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով․ - «Բայց մենք պետք է զուսպ լինենք. պատերազմը հանաք չի, պատերազմը անլուրջ վերաբերմունք չի ընդունում: Ես հասկանում եմ, որ անհնար է բոլորին վերահսկել, ես հասկանում եմ, որ տարբեր հանգամանքներ են լինում, և դա չի արդարացնում ադրբեջանցիների գործողությունները, բայց մեր սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիները շատ լավ պետք է հասկանան, որ գործ ունեն թշնամու հետ՝ զայրացած, գազազած թշնամու հետ»:
Խոսելով ղարաբաղա - ադրբեջանական շփման գծում հնարավոր խաղաղապահների տեղակայման մասին` Հայաստանի նախագահը ասել է, որ Մադրիդյան սկզբունքները ենթադրում են կողմերի միջև՝ շփման գծի ողջ երկայնքով խաղաղապահների տեղակայում: Կազանյան փաստաթղթում ևս ամրագրված է այդ դրույթը, «իսկ խաղաղապահ ուժերի կազմը, լիազորությունները կորոշվեն Մեծ համաձայնագրում, որը պետք է հետևի այս փաստաթուղթը ստորագրելուն»:
Ինչ վերաբերում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)` նախագահի կարծիքով, անհրաժեշտություն չկար, որպեսզի կազմակերպությունը որևէ կերպ արձագանքեր վերջին միջադեպերին:
«ՀԱՊԿ-ի գործողությունները մշտապես պայմանավորված են լինում դիմող երկրի գործողություններով: Իհարկե, ՀԱՊԿ-ը կարող էր արձագանքել և կարող էր սա զուտ տեխնիկական խնդիրներով պայմանավորված լինել: Որքանով ես տեղյակ եմ՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը մոտ ժամանակներս պիտի այցելի Հայաստան: Սա արդեն վերաբերմունք է: Եվ երկրորդ՝ դուք հնարավորություն կունենաք այս հարցերը նրան ուղղելու: Իրոք ես համոզված եմ, որ դրա անհրաժեշտությունը չկար: Եթե որևէ մեկը մտածում է, որ եթե ՀԱՊԿ-ը արձագանքեր, ապա ադրբեջանցիներն անմիջապես կդադարեցնեին, ապա կարծում եմ, որ նա սխալվում է», - ընդգծել է նախագահը:
Հարցազրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը խոսել է նաև Վլադիմիր Պուտինի հետ կայացած երկկողմ հանդիպման մասին, որի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ Առաջնային է եղել Եվրասիական միությանը Հայաստանի հավանական անդամակցության հարցը: Նախագահի խոսքով՝ Հայաստանը այս տարի կստորագրի այդ միությանը միանալու պայմանագիրը․ - «Ես կարծում եմ՝ կստորագրենք: Եվ հանկարծ, մեկ էլ տեսար, այդ ժամանակը շատ չձգվեց՝ մինչև աշուն»:
Ռուսաստանի հանդեպ միջազգային պատժամիջոցներին անդրադառնալով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ դրանք իհարկե կարող են Հայաստանի տնտեսության համար վատ հետևանքներ ունենալ, բայց դա միայն վարկած է: Նրա խոսքով՝ մենք պետք է կարողանանք օգտվել նաև ստեղծված իրավիճակից, քանի որ Ռուսաստանը պատասխան պատժամիջոցներ է սահմանել և արգելել մի շարք արևմտյան ապրանքների ներմուծումը, ինչն այնտեղ հայկական ապրանքների համար նոր շուկա է բացում։
Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալությանը․ - «Ռուսաստանի Նախագահը խոստացավ՝ ուսումնասիրել այդ խնդիրը: Նա տեղյակ չէր ոչ քրեական գործից, և ոչ էլ ճանաչում էր Լևոն Հայրապետյանին, գոնե՝ անուն-ազգանունով: Նա խոստացավ ուսումնասիրել և մեզ տեղեկացնել՝ կապված առողջական խնդիրների հետ:»
Իսկ անդրադառնալով երեկ կայացած ընտրություններում Թուրքիայի նախագահ ընտրված Ռեջեփ Էրդողանի՝ մի քանի օր առաջ հայերի հասցեին արած վիրավորական արտահայտությանը՝ Սերժ Սարգսյանն ասաց․ - «Ես կարծում եմ՝ այստեղ էլ զարմանալի ոչինչ չկա: Կարծում եմ, որ հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե հանկարծ պարզվեր, որ Էրդողանը հայ է»: