Այսօր Երևանում արագաչափերի թիվը կավելանա ևս չորսով․ դրանք կտեղադրվեն Արարատյան փողոցում և Բագրատունյաց պողոտայում։ Այսպիսով միայն մայրաքաղաքում արդեն 80-ից ավելի արագաչափեր են աշխատելու։
Արագաչափերի և տեսանկարահանող սարքերի միջոցով տուգանքների նշանակումների դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամների խոսքով՝ անտրամաբանական կերպով քաղաքի տարբեր հատվածներում արագաչափերի տեղադրումը ոչ թե ապահովության համար է արվում, այլ դարձել է ընդամենը բիզնես։
Այսօր նախաձեռնությունը արդեն հինգերորդ անգամ բողոքի ավտոերթ կանցկացնի։ Նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս ակցիայի մասնակիցները նախորդների համեմատ մի քանի անգամ ավելի կլինեն։
«Անշուշտ էս անգամ ավելի շատ են լինելու, որովհետև ընտրել ենք աշխատանքից հետո ժամ, որովհետև միշտ վարորդները բողոքում էին, ասում էին մինչև 6-ը մենք աշխատում ենք և չենք կարողանում մասնակցել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հակոբյանը:
Նախորդ ակցիաների ժամանակ վարորդները փորձում էին երթով շարժվել կառավարության շենք և պահանջել, որպեսզի վարչապետը պատասխաներ իրենց պահանջներով նամակին, մինչդեռ ոստիկանությունը փակում էր նրանց ճանապարհը և վարորդներին բերման ենթարկում։
Չնայած նրան, որ նամակի պատասխանն արդեն ստացել են, կառավարություն գնալու մտքից չեն հրաժարվել։ Վարդան Հակոբյանն ասաց, որ վարչապետին ուղղված նամակին պատասխանել են ոստիկանությունից։ Պատասխանում գրված է, որ արագաչափերի և կարմիր գծերի մասով որոշակի զիջումներ արվել են, իսկ ինչ վերաբերում է մինչ այս տուգանված վարորդների հանդեպ համաներում կիրառելուն, ապա դա նպատակահարմար չեն գտնում։ Այս պատասխանից «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը դժգոհ է․ - «Մեր ծրագրերի մեջ չկա ինչ-որ խցանում անե, կանգնել, անհնազանդության ակցիա չունենք նախատեսած: Մենք մեր հանդարտ երթով գնալու ենք, հիշեցնենք մեր պահանջի մասին»:
Հակոբյանն ասաց, որ այս երթի գլխավոր պահանջը լինելու է համաներում կիրառելը։
Ի դեպ, ինչ վերաբերում է կարմիր գծերով վճարովի ավտոկայանատեղերին, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետին։ Նա գրում է, որ այս օրերին Երևանի կենտրոնի մի շարք փողոցների ասֆալտը վերանորոգվում է, մինչդեռ օրինակ Զաքյան փողոցում արդեն 20 օր է, ինչ հին ասֆալտը քերվել է, իսկ նորը այդպես էլ չկա: Չկան նաև կարմիր գծերը, այսինքն՝ վճարովի ավտոկայանատեղերի ծառայությունից օգտվող քաղաքացիները չեն կարողանում օգտվել ծառայությունից, այդ դեպքում ինչո՞ւ են գանձվում վճարները, ո՞վ պետք է պատասխան տա դրա համար, հարցնում է Բախշյանը։