Հիմք ընդունելով բազմաթիվ քաղաքացիների դիմում բողոքները՝ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու քաղաքացիների ունեցվածքի վրա կալանք դնելու սահմանադրականությունը:
Խոսքը ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում վարչական իրավախախտումների մասին օրենքով նշանակված տուգանքները սահմանված ժամկետում չմուծելու դեպքում քաղաքացիների բանկային հաշիվների վրա Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) կիրառած կալանքների մասին է:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ դիմած քաղաքացիները պնդում են, որ իրենց բանկային հաշիվների վրա կալանք է դրվել առանց ծանուցման: Այս տարեսկզբից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում կատարված փոփոխությունները թույլ են տալիս ոստիկանությանը առանց դատարան դիմելու ԴԱՀԿ ծառայության միջոցով բռնագանձել տուգանքների գումարները, ինչը մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Տաթևիկ Խաչատրյանի խոսքով՝ հակասում է երկրի մայր օրենքի մի շարք նորմերի:
«Սա հակասում է արդար դատաքննության, անձի սեփականության անձեռմխելիության իրավունքին, և հենց այդ հիմքերով է ՄԻՊ-ը դիմել ՍԴ»,- ասաց Խաչատրյանը։
Բացի քաղաքացիների դիմումներից, պաշտպանի գրասենյակը ևս ուսումնասիրել է, թե որքանով է առանց դատարանի որոշման բանկային հաշիվների վրա արգելանք դնելը համապատասխանում սահմանադրական նորմերին, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին:
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը համարում է, որ մարդու իրավունքների պաշտպանի դիմումը Սահմանադրական դատարան մի փոքր ուշացած է:
«Սրան պետք էր արձագանքել հենց անմիջապես նրանից հետո, երբ օրենքը ընդունվեց։ Ընդունվել է հակասահմանադրական օրենք։ Ուզում եմ ՄԻՊ գրասենյակին հուշել, որ այդ երկու ընկերությունները, որոնք նկարում եմ մեր շարժը քաղաքում, նույնպես խախտում են Սահմանադրությունը»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ պետք չէ հասնել ֆորս մաժորային իրավիճակների, նոր դիմել Սահմանադրական դատարան։
«Եթե նույնիսկ Սահմանադրական դատարան դիմելը ուշ է, ամեն դեպքում ուշացած չէ»,- հակադարձում է մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականը՝ ընդգծելով, որ մինչև դատարան դիմելը լրջորեն ուսումնասիրել են խնդիրը:
Իսկ ինչ վերաբերում է արագաչափերի ու տեսանկարահանող սարքերի մասով Սահմանադրական դատարան դիմելու «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամի առաջարկին, ապա ըստ պաշտպանի խորհրդականի, օրենքը սահմանափակումներ ունի այն մասին, թե որտեղ և ինչպես կարող է օգտագործվել այդ տեսանկարահանումը.- «Առերևույթ այստեղ մենք խնդիր չենք տեսնում մարդու իրավունքների սահմանափակման հետ կապված»։
Սահմանադրական դատարանը տասնօրյա ժամկետում պետք է որոշում կայացնի գործը քննության ընդունելու մասին, և դրանից հետո արդեն կսահմանվեն գործի քննության ժամկետները: