Մատչելիության հղումներ

Կառավարությունը չի շտապում պատասխանել բողոքող վարորդներին


Ոստիկանությունը փակել է ավտոերթի մասնակիցների ճանապարհը, Երևան, 19-ը հունիսի, 2014թ.։
Ոստիկանությունը փակել է ավտոերթի մասնակիցների ճանապարհը, Երևան, 19-ը հունիսի, 2014թ.։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի շտապում պատասխանել «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության նամակին, որով վարորդները պահանջել էին անհապաղ դադարեցնել բոլոր տեսակի տեսաձայնագրող սարքերով տուգանքների նշանակումը և նոր կանոնակարգ ստեղծել։

Նամակը կառավարությանն էր հանձնվել 13 օր առաջ: Այս ընթացքում կառավարությունը հասցրել է նոր օրինագիծ մշակել, որով նախատեսվում է մոտ 50 տոկոսով կրճատել տուգանքները։ Նախաձեռնության անդամների խոսքով՝ սա իրենց պահանջների հետ ոչ մի կապ չունի, քանի որ իրենք պահանջում են տուգանքները հինգ անգամ կրճատել։

«Կառավարության մշակած բոլոր բարեփոխումների ծրագրերը ոնց որ նսեմացնեն շարժումը, թուլացնեն շարժման ընթացքը: Մեր ոչ մի պահանջ ոչ մի կետով չի բավարարվել», - հայտարարեց նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը:

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներն այսօր նաև հայտարարեցին, որ առաջիկա ավտոերթերին հնարավոր է, որ իրենց միանան նաև այլ նախաձեռնություններ։

Երթերի ընթացքում վարորդները արդեն մի քանի անգամ փորձել են հասնել Կառավարության շենքի մոտ, բայց ամեն անգամ ոստիկանությունն այդ բոլոր փորձերը կանխել է, իսկ ցուցարար-վարորդներին՝ բերման ենթարկել բաժիններ։

Առաջիկա երթի ընթացքում նախաձեռնության անդամները խոստանում են անակնկալ կերպով հայտնվել քաղաքի կենտրոնում։ Բացի այդ, նախաձեռնությունը առաջիկայում դատարան հայց է ներկայացնելու՝ ոստիկանության և հատկապես Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գործողությունների առնչությամբ։

Վերջին երթի ընթացքում ոստիկանությունը փակել էր դեպի Կառավարության շենք գնացող վարորդների մեքենաների ճանապարհը: Դեպքի վայր ժամանած Օսիպյանն էլ մեքենայից իջնելուց ընդամենը մի քանի րոպե անց երթի մասնակից վարորդներից մեկին բերման ենթարկելու հրաման էր տվել։

«Իր հայտնվելուն պես ինչ է անում․ ուրեմն, փողոցը լրիվ փակ է, բոլոր գծերը փակ են, բայց ինքը հրաման է տալիս վարորդներին, որ ազատեն փողոցը: Վարորդը հարց է տալիս՝ ո՞նց ազատենք, եթե ճանապարհային ոստիկանությունը փակել է ճանապարհը, իսկ նա միանգամից հրաման է տալիս՝ ձերբակալեք: Այսինքն, էնտեղ պաշտոնեական դիրքի չարաշահում էլ է տեղի ունեցել», - ասաց Արմեն Միքաելյանը:

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները վստահ են, որ միայն բողոքի ցույցերը շարունակելով՝ կկարողանան Կառավարության ուշադրությունը հրավիրել իրենց պահանջների վրա։

Վերջերս էլ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ վճարովի ավտոկայանատեղերում անվճար կայանելու ժամանակը 5 րոպեից դարձավ 15 րոպե։

Վարորդները հիշեցրին, որ իրենց պահանջը վճարովի ավտոկայանատեղերի վերացումն է, ուստի այս որոշումը, ինչպես նաև ավտոկայանատեղերը սպասարկող ընկերության բաժնետոմսերի վաճառքի մասին օրերս տարածված հաղորդագրությունը իրենց համար ոչինչ չի նշանակում։

«Ի՞նչ է «Փարքինգ սերվիսը»՝ փուչիկ, որը գնել է մի քանի դույլ կարմիր ներկ և հիմա էլ հայտարարել է, որ վաճառում է: Ինքը ոչ մի բան է, ինքը ի՞նչն է վաճառում», - նշեց Արմեն Եփրեմյանը:

Բաժնետոմսերը վաճառքի հանած «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրենը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ընկերությունը մոտավորապես 2 միլիարդ դրամ է գնահատվում, իսկ հետաքրքրվողներ արդեն կան, երկուսն էլ արտասահմանյան կազմակերպություններ են։

XS
SM
MD
LG