Մատչելիության հղումներ

Վճարովի ավտոկայանատեղերում կթույլատրվի 15 րոպե անվճար կայանել


Վճարովի ավտոկայանատեղերում կթույլատրվի 15 րոպե անվճար կայանել
please wait

No media source currently available

0:00 0:04:17 0:00

Երևանի ավագանու որոշմամբ կարմիր գծերով վճարովի ավտոկայանատեղերում ներկայումս գործող 5 րոպեի փոխարեն այսուհետ մեքենան անվճար կարելի է կայանել 15 րոպե։

Առաջարկը քաղաքապետ Տարոն Մարգարյանինն է, ով այսօր ավագանու նիստի ընթացքում հայտարարեց, որ ուսումնասիրել են վճարով կայանատեղերի հետ կապված դժգոհությունները և որոշել, որ պետք է նաև հաշմանդամների համար անվճար կայանատեղեր առանձնացվեն, ինչպես նաև վճարումը հեշտացնելու համար հատուկ տերմինալներ տեղադրվեն։ Սրանք, ըստ քաղաքապետի, երևանցիների պահանջներն են։

Կարմիր գծերով ավտոկայանատեղերը վերացնելու պահանջով բողոքի երթեր անցկացնող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ չի զարմանում ավագանու անդամների լռության վրա, քանի որ այս կառույցը ձևական է, իսկ իրական խնդիրը, որի մասին պետք էր բարձրաձայնել, «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության գործունեությունն է։ Հակոբյանը վստահ է, որ այս ընկերությունը ոչ մի ծառայություն չի մատուցում, մինչդեռ դրա դիմաց մեծ գումարներ է վաստակում։

«Չկա ծառայություն, 70 տոկոսը գնում է մասնավորին իմ հաշվին կառուցած ասֆալտին կառուցած ասֆալտին գծեր քաշելով։ Սա անհանդուրժելի է, մեր պայքարը շարունակվելու է»,- ասաց Հակոբյանը։

Այսօր հաստատված որոշման համահեղինակը ավագանու Հանրապետական խմբակցության անդամ, նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայր Գրիգոր Մինասյանն է։ «Ազատության» հետ զրույցում Մինասյանը կարևորեց ավագանու կողմից այսօր կատարված փոփոխությունները, միաժամանակ նշեց, թե համաձայն չէ այն պնդումների հետ, որ անհրաժեշտ է համակարգն ընդհանրապես վերացնել, թեև ընդունում է, որ ոլորտում խնդիրներ կան։

«Եթե կան մարդիկ, որ բողոքում են, խնդիր են տեսնում, ուրեմն հաստատ դեռ աշխատելու տեղ կա»,- ասաց ավագանու անդամը.- «Պետք է լսել այդ բողոքները, հասկանալ դրանք անհատական բնութի են, թե՝ մասսայական խնդիր է։ Կարծում եմ, հենց առաջին հերթին քաղաքապետարանին է ձեռնտու հարցը լուծել»։

Մինասյանը նշեց, որ խոսքը մասնավոր կազմակերպության մասին է, և եթե խնդիրները զանգվածային լինեն, վստահ է՝ կհայտնվեն քաղաքապետի ուշադրության կենտրոնում։

Հիշեցնենք, մի խումբ քաղաքացիներ պնդում են, թե պատշաճ չեն տեղեկացվում տուգանվելու մասին, ինչի հետևանքով վճարը չմուծելու պատճառաբանությամբ բանկային հաշիվները ամբողջությամբ սառեցվում են։ Դեպքեր էլ կան երբ քաղաքացու կայանված մեքենան վնասվում են, նա դիմում է կայանատեղիները սպասարկող ընկերությանը՝ տեսանյութը ստանալու խնդրանքով, մինչդեռ նրան պատասխանում են, որ տվյալ տեսախցիկը չի աշխատում։

Ավագանու հանրապետական անդամը խորհուրդ է տալիս այս դեպքում դատական հայց ներկայացնել և վնասի փոխհատուցում պահանջել «Փարկինգ Սիթի Սերվիս»-ից։

Այս մեղադրանքներին օրերս անդրադարձավ նաև «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունը, որը պաշտոնապես հայտարարեց, որ վաճառքի է հանում իր բաժնետոմսերը։ Հաղորդագրությունում նշվում է, որ պատճառը ընկերության մասին ստեղծված բացասական կարծիքն է։

«Ազատության» հետ զրույցում ընկերության տնօրենը փոխանցեց, որ առաջիկա օրերին նաև կհրապարակեն բաժնետոմսերի գինը և կատարած ներդրումների չափը։

XS
SM
MD
LG