Այսօր«Ազատության» հետ զրույցում «Դ!եմ եմ պարտադիրին» շարժման անդամներ Սևակ Ծատուրյանն ու Արսեն Մանուկյանը պնդեցին, թե նախագահ Սերժ Սարգսյանն արդեն երկրորդ անգամ վավերացնում է հակասահմանադրական օրենք:
Երեկ, հիշեցնենք, Սերժ Սարգսյանը ստորագրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը: Ուշագրավ է, որ հենց երեկ «Դ!եմ եմ» շարժումը հանդես էր եկել հայտարարությամբ` կոչ անելով Սերժ Սարգսյանին վետո դնել այդ օրինագծի վրա:
«Այս օրենքը Ազգային ժողով բերելուց հետո մենք անընդհատ խոսում ենք այն մասին, որ այս օրենքը ևս հակասահմանադրական կետեր ունի: Այսինքն նախագահը արդեն երկրորդ անգամ ստորագրում է հակասահմանադրական օրենք, ու իմ մոտ հարց է առաջանում նախագահի աշխատանքի արդյունավետության մասին», - ասաց Սևակ Ծատուրյանը:
Նախագահին հասցեագրած նամակում շարժման անդամները պահանջում են «ականջալուր լինել ժողովրդի ձայնին և չվավերացնել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության կողմից ընդունված օրինագիծը, որը չի արժանանում հանրության հավանությանը». - «Եթե մինչ այժմ ՀՀԿ-ում մնացել է գոնե մեկ սթափ անձնավորություն, ում համար ժողովրդի կարծիքն արժեք ունի, ապա այդ հակասոցիալական օրենքի արշավը պետք է օր առաջ դադարեցվի, այլապես ստեղծված անջրպետը ժողովրդի և իշխանությունների միջև, ավելի խորանալով, կփաստի, որ ՀՀԿ-ն այլևս ի վիճակի չէ լուծել Հայաստանի առջև ծառացած խնդիրները և Հայասատանը կառավարում է ոչ թե ժողովրդավարական սկզբունքներով, այլ կուսակցական և նեղ անձնային շահերի առաջնահերթությամբ»:
Պարտադիրը վերանվանելով սոցիալական վճար` պետությունը պարտավորեցնում է պետական սեկտորի աշխատողներին հուլիսի 1-ից հրաժարվել աշխատավարձի 5 տոկոսից: Թեպետ նոր օրենքը բաժանում դրեց պետական և մասնավոր սեկտորի աշխատողների միջև, այդուհանդերձ մասնավոր սեկտորի աշխատողները ազատված են այս հարկադրանքից մինչև 2017 թվականը:
«Դ!եմ եմ»-ի անդամի գնահատմամբ` իշխանությունները ժամանավորապես լուծեցին այն մարդկանց հարցերը, ովքեր դուրս էին եկել փողոց. - «Եթե դուրս գային 100 հազար, 150 հազար, հարցը կլուծվեր ավելի լայն շրջանակներում»:
«Խորամանկ քայլ կատարեցին` փորձելով բաժանել, բայց սա ժամանակավոր է: Երբ մարդիկ արդեն կզգան, որ այդ ամեն ինչը նորից մոտենում է իրենց, մենք աշխատանքներ կտանենք այդ ուղղությամբ, որ պետք չէ սպասել 2017 թվականին, որ նորից դուրս գանք, ամեն ինչ սկսենք զրոյից», - հավելեց նրա ընկերը:
Անցած շաբաթ, երբ խորհրդարանն արտահերթ ռեժիմով հավանության արժանացրեց կառավարության ներկայացրած օրինագիծը, ոչ իշխանական ուժերը համատեղ հայատարարությամբ անվավեր ճանաչեցին օրինագծի ընդունումը, պատգամավոր Աղվան Վարդանյանը (ՀՅԴ) ակնարկեց` չի բացառվում, որ նորից դիմեն ՍԴ: «Դ!եմ եմ»-ի անդամները նույնպես կարծում են, որ երկրորդ օրենքի սահմանադրականությունը պետք է վիճարկել բարձր դատարանում:
«Ինչքան էլ որ ՍԴ-ի կայացրած որոշումները ոչ հստակ են, սակայն դա օրինական գործընթաց է, որը, կարելի է ասել պատռեց իշխանությունների դիմակը, ցույց տվեց նրանց անգրագիտության աստիճանը, ցույց տվեց նրանց գործելաոճը», - ասաց Արսեն Մանուկյանը:
«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության տարբեր անդամների այսօր հանդիպում ենք նաև սոցիալական անարդարության դեմ բողոքի այլ ակցիաների ժամանակ: Վերջին շրջանում նաև թիմի անդամները հաճախ են հանդես գալիս քննադատությամբ իշխանությունների հասցեին: Հարցին, թե հնարավոր է, որ այս քաղաքացիական շարժումը վերածվի քաղաքական կուսակցության, Արսենը պատասխանեց. - «Ինձ համար ավելի կարևոր է, որ այսօր Հայաստանում կայացած լինի քաղաքացիական հասարակությունը, քան առաջանա ևս մի քաղաքական ուժ»: