Մատչելիության հղումներ

Վաղը խորհրդարանը կքննարկի աղմկահարույց օրենքի լրամշակված տարբերակը


Վաղը խորհրդարանը կքննարկի աղմկահարույց օրենքի լրամշակված տարբերակը
please wait

No media source currently available

0:00 0:04:01 0:00
ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ազատությանը» փոխանցեց, որ վաղը մեկնարկելիք Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված կլինի նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի լրամշակված տարբերակը:

«Փաթեթը պետք է հուլիսի 1-ից գործի», - նշեց Բաղդասարյանը:

Կառավարության նոր մշակումներով` պարտադիր վճարներին փոխարինելու է սոցիալական վճարը: Ընդդիմադիրների ձեռքի տակ հայտնված նախագծում 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված պետական հիմնարկների աշխատակիցների, ինչպես նաև 1996 թվականի հունվարի 1-ից հետո ծնված ու հուլիսի 1-ից աշխատանքի անցնողների համար սոցիալական վճարները պարտադիր են լինելու հենց այդ օրից:

Մասնավոր հիմնարկներում զբաղվածների համար Կառավարությունը հետաձգել է սոցիալական վճարի գանձումը մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը:

Սահմանադրական դատարանը, այս օրենքի սահմանադրականության հարցը լսելիս, Կառավարությանը խորհուրդ էր տալիս կուտակային վճարներ գանձելիս մասնակից դարձնել նաև գործառուին: Նոր համակարգում Կառավարությունը աշխատողի բեռն այդպես էլ չի կիսել գործատուի հետ: Միայն նվազեցրել է բարձր աշխատավարձ ստացողներից սոցիալական վճարի շեմը. եթե անձի աշխատավարձը 500 հազար դրամից ավելի է, միևնույնն է` նրա սոցիալական վճարը հաշվարկվելու է կես միլիոնից:

Խորհրդարանական ոչ իշխանական ուժերից երեք` «Ժառանգություն»-ը, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն Կառավարության հեղինակած բարեփոխումների փաթեթը հակասահմանադրական են որակում:

Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Եթե ներկա կառավարությունը շարունակի նախորդ կառավարության որդեգրած քաղաքականությունը, նշանակում է ոչինչ չի փոխվել»:

Փաստորեն, փաթեթի ընդունման դեպքում պետական հատվածն արդեն մի քանի օրից դառնալու է Կառավարության նոր մշակման անմիջական մասնակիցը:

Վահրամ Բաղդասարյանը (ՀՀԿ) չի կիսում ընդդիմադիրների քննադատությունը: Նա կարծում է, որ սահմանադրականության հարցը նոր նախագծով կարգավորված է. - «Եկամուտները չի նվազեցվում, որովհետև կառավարությունը 38 միլիարդ դրամ նախատեսել է աշխատավարձերի բարձրացման համար հուլիսի 1-ից: Փաթեթը, որը ներկայացվում է, նույնպես պետք է հուլիսի 1-ից գործի»:

Մասնավոր հատվածի վերաբերյալ Բաղդասարյանն ասաց. - «Մենք դրան չենք անդրադառնում առայժմ: Մինչև 2017 թվականը ժամանակ է տրված: Ինձ թվում է, որ ծրագիրը նորմալ աշխատելու դեպքում մարդիկ իրենք կզգան, որ դա ապագայի համար լուրջ խնդիր է, և նրանք արդեն կարող են իրենց կողմնորոշումն ունենալ»:

Արծվիկ Մինասյանը, մինչդեռ, համոզված է, որ Կառավարության նոր մտահղացումը ճի հաջողվել. - «Ձևական անունը դնել սոցիալական նպատակային վճար, իսկ այնուհետև կիրառել փաստացի պարտադիր բաղադրիչի տարրերը, նշանակում է ընդամենը քողարկված քաղաքականություն վարել, որը արդեն Սահմանադրական դատարանը ընդգծել է, որ Սահմանադրությանը հակասում է և անվավեր է»:

Արամ Մանուկյանը (ՀԱԿ) Կառավարության այս նախաձեռնության մասին ասաց. - «Հովիկ Աբրահամյանի նշանակման օրը երկու պատվիրան է իջեցրել Սերժ Սարգսյանը. չկպնել Տիգրան Սարգսյանին, չկպնել պարտադիրին: Եվ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հլու-հնազանդ ենթարկվում է այդ կանոնին: Ինքը բերել է մի նոր նախագիծ, որտեղ պարտադիրը սոցիալական վճարի ձևով է»:

«Ազատության» հետ զրույցում Արծվիկ Մինասյանն ասաց, որ կենսաթոշակային նոր փաթեթի վրա աշխատելու համար Կառավարությունը հրավիրեց ոչ իշխանական ուժերին, բայց մասնակից չդարձրեց մշակման աշխատանքներին:

Երեկ երեկոյան Դաշնակցության և «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչներն առիթ են ունեցել հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանին և իրենց անհամաձայնությունը դեմ առ դեմ փոխանցել: Մինասյանի խոսքով` Կառավարությունից դեռևս չեն արձագանքել:

Հանրապետականը, սակայն, չի բացառում, որ Կառավարության նախագիծը դեռ կարող է փոփոխություն կրել: «Ես չգիտեմ այս պահին, թե ինչ իրավաբաններ պետք է աշխատեն այդ փաստաթղթի վրա, որպեսզի փորձեն հիմնավորել, որ դա համապատասխանում է Սահմանադրությանը», - ասաց Արծվիկ Մինասյանը:

Ի դեպ, քառյակի քննադատությունն այս հարցում միաձայն չէ: «Բարգավաճ Հայաստան»-ը դեռ չի միացել գործընկերների կոշտ դիրքորոշմանը. խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանի փոխանցմամբ` խմբակցության նիստը երեկոյան 7-ից հետո է նախատեսված:

Եվ վերջում մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը կատարված կուտակային վճարների վերադարձի մասին. Կառավարության հեղինակած փաթեթի աշխատանքային տարբերակով, դրանց չարժե սպասել մինչև հաջորդ տարվա, լավագույն դեպքում` հունվար, վատագույն դեպքում` հուլիս ամիսը:
XS
SM
MD
LG