Մատչելիության հղումներ

65 հազար քաղաքացի չի կարողանա հրաժարվել պարտադիրից


Նախարարը պնդում է, թե պետական աշխատողները պարտադիրից չեն տուժի
please wait

No media source currently available

0:00 0:05:05 0:00

Նախարարը պնդում է, թե պետական աշխատողները պարտադիրից չեն տուժի

Հինգշաբթի երեկոյան խորհրդարանում վերջապես սկսվեցին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկումները:

Հիմնական զեկուցող, Սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, թե ներկայացվող փաթեթով լուծումներ են տրված թե Սահմանադրական դատարանի, և թե քաղաքացիների կողմից բարձրացված տարբեր խնդիրներին։

Մասնավորապես, նախագծով պարտադիր կուտակայինի փոխարեն սահմանվում է սոցիալական վճար, որը պետական բյուջե կատարվելիք պարտադիր վճար է:

«Նպատակային սոցիալական վճարի դրույքաչափը առաջարկվում է 5 տոկոս»,- ասաց նախարարը։

Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ նպատակային սոցիալական վճարը պարտադիր կլինի պետական աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածում աշխատողները հնարավորության կունենան մինչև 2017 թվականը համակարգին մասնակցել կամավորության սկզբունքով:

Նախարարը վստահեցրեց, թե պետական հատվածում աշխատողները ֆինանսապես չեն տուժի, քանի որ այս տարվա հուլիսից միևնույն է նրանց աշխատավարձը բարձրացվելու է:

«Եվ այս պարագայում հաշվի առնելով, որ տեղի է ունենում աշխատավարձերի ավելացումը և տեղի չի ունենա սպառման կամ տնօրինվող եկամտի նվազեցում, առաջարկվում է առաջին փուլում համակարգում ընդգրկել պետական աշխատողներին։ 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված մյուս աշխատողներին առաջարկվում է թողնել կամավորության սկզբունքով երեք տարի»,- ասաց Աստատրյանը։

Անդրադառնալով նվազագույն աշխատավարձ ստացողներին՝ նախարարը տեղեկացրեց, թե անկախ կատարվելիք սոցիալական վճարից անձը պետք է ստանան իր նվազագույն աշխատավարձը, այսինքն 50 հազար դրամից ոչ պակաս գումար: Արտեմ Ասատրյանը առաջարկվող փաթեթի մեկ այլ առավելություն էլ առանձնացրեց.- «Առաջարկում ենք, որ մասնակցի մահվան դեպքում նրա կենսաթոշակային հաշվին առկա միջոցները կարող են միանվագ վճարվել ժառանգին»։

Ինչ վերաբերում է մինչև օրենքը ուժի մեջ մտնելը, այսինքն մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը քաղաքացիներից պարտադիր պահված գումարները ետ վերադարձելու խնդրին, ապա նախարարը տեղեկացրեց, որ դրանք կվերադարձվեն քաղաքացիների ներկայացրած դիմումների հիման վրա՝ 2015 թվականի հունվարի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում։

Կուտակային օրենքի փոփոխությունները ներկայացնելուց հետո պատգամավորները հարցեր ուղղեցին հիմնական զեկուցողին: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հարցրեց, թե արդյոք կարո՞ղ են արձանագրել, որ մասնավոր հատվածում աշխատող քաղաքացիների վրա նոր օրենքը չի տարածվում, իսկ պետական հատվածում աշխատողների համար էլ ավելորդ սոցիալական բեռ չի ավելանում, քանի որ հուլիսի 1-ից կառավարությունը 200 հազար պետական ծառայողների աշխատավարձերը բարձրացնում է: Նախարարը պատասխանեց՝ այո։

«Փաստորեն այս պահին արձանագրում ենք, որ կառավարությունը օժանդակել է քաղաքացիական հասարակության, ինչու չէ նաև մեր գործընկերների առաջարկներին, և պարտադիրը չկա այլևս, կա նպատակային սոցիալական վճար, և պարտադիրը փաստացի երեք տարով հետաձգվում է մասնավոր սեկտորի համար»,- ասաց Շարմազանովը։

Հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հարցրեց, թե ընդհանուր առմամբ քանի՞ քաղաքացու վրա է տարածվելու նոր օրենքը, և թե որքանով են նախագծում հաշվի առել ոչ իշխանական ուժերի ու «Դ!եմ եմ» թիմի առաջարկները:

Նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանեց, թե կարող է ասել այն քաղաքացիների թիվը, ովքեր աշխատում են պետական հատվածում, նրանք շուրջ 65 հազար են։ Սրանք այն անձինք են, ովքեր չեն կարող հրաժարվել նպատակային սոցիալական վճար կատարելուց:

«Ինչ վերաբերում է նրան, թե առաջարկությունների որ մասն է իրացվել և ինչպես, ապա ես կարծում եմ, որ այն հիմնական մտահոգությունները, որոնք այս ընթացքում հնչել են և ներկայացվել են, այս օրենսդրական փաթեթով առաջարկվող լուծումները պարունակում են դրանք»,- ասաց Ասատրյանը։

Մինչդեռ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նկատեց՝ այն, ինչ ներկայացվում է, հակասահմանադրական է, քանի որ խտրականություն է սահմանվում մինչև 1974 թվականը և դրանից հետո ծնվածների միջև, կառավարությունը այս նոր փաթեթով նաև խտրականություն է սահմանում պետական և մասնավոր հատվածում աշխատող քաղաքացիների, նաև 1996 թվականից հետո ծնվածների համար, քանի որ նրա վրա ևս տարածվելու է սոցիալական վճարը:

«Միգուցե իսկապես մտածում եք, որ միևնույն է Սահմանադրական դատարանը գտնվում է ձեր գրպանում և այս անգամ այդ խտրականությունը այլևս հակասահմանադրական չի՞ համարի»,- հարցրեց Զուրաբյանը։

«Խտրականությունը և տարբերակված մոտեցումը տարբեր բաներ են, եթե մենք այս մոտեցումը չունենանք, ուրեմն նաև մեր տարբեր օրենքներում, որտեղ ամրագրել ենք տարբեր տարիքներ, ասենք, պատգամավոր կարող է լինել 25 տարին լրացած անձը, այս դեպքում պիտի համարենք խտրականություն, որ 24 տարեկանը չի կարող պատգամավոր լինել»,- հակադարձեց նախարարը։

Կուտակային օրենքի նախագծի շուրջ քննարկումները կշարունակվեն վաղը։
XS
SM
MD
LG