Սահակյանը չի համարում, թե ՀՀԿ-ն «մենակ մնաց»

Your browser doesn’t support HTML5

Սահակյանը չի համարում, թե ՀՀԿ-ն «մենակ մնաց»

«Չէի ասի՝ Հանրապետականը մենակ մնաց: Հանրապետականը իր ընտրազանգվածի հետ է», - ստեղծված իրավիճակն այսպես է գնահատում ՀՀԿ ղեկավար անդամ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

Հավելեց՝ թեև խորհրդարանական բոլոր ուժերը մերժեցին իշխանական Հանրապետականի համագործակցության առաջարկը, բայց զգացմունքներին տեղի չեն տա: Կոալիցիաները, ըստ նրա, կազմավորվել և կազմափոխվել են, բայց այլ կուսակցությունների տված խոստումներն նույնպես հանրապետականն է այս տարիների ընթացքում իրականացրել․ - «Տարբեր ժամանակներում, տարիներում հնչեցվում է՝ մենք այս արեցինք, այն արեցինք՝ չմտածելով, որ քաղաքական մեծամասնության դերակատարման պայմաններում է»:

Հանրապետականին մերժելու պատճառները պարզ են նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի համար: «Որևէ մեկը չի կարող համաձայնվել կրել այն բեռը, որը այսօր կա կառավարության վրա: Վերջին տարիներին կառավարությունը հասցրել է աղետալի վիճակի ամեն ինչ Հայաստանում՝ բոլոր ոլորտներում ձախողման է հասցրել»:

ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի (ՀՀԿ) կարծիքով՝ միակուսակցական կառավարությունը չի խաթարի Հանրապետականի հասարակական վստահությունը:

«Խիստ հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկեր կուսակցությունների կայացրած որոշումներին», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Հարցին՝ ՀՀԿ-ն վերլուծե՞լ է իրենց հետ կոալիցիա կազմելու պատճառները, Զաքարյանն արձագանքեց․ - «Յուրաքանչյուր կուսակցության պարագայում պատճառները կարող են ամենատարբեր լինել: Այնուամենայնիվ, պատճառների վերլուծությունը չի փոխում ստեղծված իրավիճակը: Դրանով, իհարկե, է՛լ ավելի մեծանում է պատասխանատվությունը, է՛լ ավելի կոնկրետ գործողությունների և կոնկրետ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունն է ստեղծվում: Եվ այս պարագայում, ես վստահ եմ, որ մենք ունենք բավարար ռեսուրսներ և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական առումով, որպեսզի մենք կարողանանք շարունակել մեր աշխատանքները քաղաքական համակարգում»:

Ալեքսանդր Արզումանյանն ասաց․ - «Մենք կանգնած ենք մեր պետականության կորստյան վտանգի առջև: Այստեղ խնդիրը կամքի առկայությունն է: Եթե ունենք քաղաքական կամք ռեալ փոփոխություններ անցնելու, ռադիկալ բարեփոխումներ թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ ընդհանրապես արտաքին հարաբերությունների հստակ կարգավորում․․․ Պետք է հանդես գան հստակ ծրագրով, որ հասկանանք ուր է գնում Հայաստանը, և ինչ քայլեր պետք է անել: Դրան բավարարո՞ւմ է Հանրապետական ռեսուրսը, թե՞ ոչ, բարդ հարց է: Հավանաբար, եթե բավարարեր, վերջին վեց տարիների ընթացքում այսպիսի բարձիթողի վիճակ չէր լինի»:

Միակուսակցական կառավարման ապագան իշխող մեծամասնության ներկայացուցիչ Կարինե Աճեմյանը ընձեռնված շանս է համարում․ - «Եթե հարցը վերաբերում է այն պատասխանատվությանը և այն խնդիրներին, որոնք մեր առջև դրված են և որի մեջ մեզ նաև մեղադրում են, նաև պահ է, որտեղ մենք կարող ենք ապացուցել, որ մենք կարող ենք կառավարել»:

«Ընկերովի ճամփա գնալը», Աճեմյանի կարծիքով, մի դեպքում է լավ․ - «Եթե ընկերդ հավատարիմ է»:

Ալեքսանդր Արզումանյանը կարծում է, որ իշխանությունից ընդդիմություն, ըննդիմությունից իշխանություն փոխատեղումները չեն նպաստում քաղաքական դաշտի առողջացմանը․ - «ՕԵԿ-ի պարագայում նույնիսկ մեկնաբանել չեմ ուզում նման մարմնամարզությունը: Ընդդիմությունն այնպիսի բան չէ, որ հայտարարությամբ դառնաս ընդդիմադիր․․․ Դու պետք է քո գործերով, քո սկզբունքներով, քո պայքարով ցույց տաս, որ ռեալ փոփոխություններ ես առաջարկում՝ ի տարբերություն նրա, ինչի համար վերջին տարիների ընթացքում մշտապես կողմ ես քվեարկել իշխանությանը»:

Գալուստ Սահակյանի խոսքով՝ քաղաքական համաձայնությունների ուզում էին հասնել ավելի շատ ժողովրդի համար, որ մարդիկ տեսնեն՝ կարելի է քաղաքակիրթ պայմանավորվել, խնդիրներ առաջ քաշել։

Միքայել Մելքումյանի (ԲՀԿ) խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան»-ը չհամագործակցեց Հանրապետականի հետ նախևառաջ վստահության պակասի պատճառով․ - «Ամբողջական աշխատանքը կառավարության, ըստ իս, ոչ միայն սոցիալական, տնտեսական խնդիրների, լավ ցանկությունների գրառումն է և արձանագրումն է, այլև այնպիսի նախապայմանների ստեղծումը, որոնք թույլ կտան այդ ծրագրերն իրականացնել»:

Մելքումյանն ասում է՝ հանրային դժգոհությունը մեղմելու համար իշխանությունը կարող է պարզ քայլեր կատարել՝ պարտադիր կուտակայինի, կարմիր գծերի, արագաչափերի հարցին անդրադառնալ, փոքր ու միջին ձեռնարկություններին հարկային արտոնություններ տալ, ներդրումային անձեռնմխելիության երաշխավոր դառնալ, վարկերի տոկոսադրույքներն իջեցնել, ազատ տնտեսական գոտիներ հիմնել։

«Եթե մենք այդ քաղաքական որոշումների վրա ազդեցություն ունենայինք, ուրեմն դա լրիվ պատկերը կփոխեր», - ասաց նա:

Հարցին, թե ինչ նկատի ունի ազդեցություն ասելով, Մելքումյանը պատասխանեց․ - «Եթե վարչապետը կամ Էկոնոմիկայի նախարարը ասում է՝ Հայաստանում պետք է նվազագույն աշխատավարձը երեք ամիս հետո լինի, ասենք, 80 հազար դրամ, կամ թոշակը պետք է լինի այսքան: Կամ պետք է ներդրումները երաշխավորված լինեն․․․ Դուք գիտեք, չէ՞, այսպիսի մի բան կա․ մեկ-մեկ ասում են, թե այսինչ հարցը ոնց է լուծվում, ասում են՝ գործ չունեք, քաղաքական որոշում կա: Այդ քաղաքական որոշումը ո՞րն է, որտե՞ղ է ընդունվում, ո՞վ է կայացվում․․․ Մենք պետք է կարողանանք այդ մեխանիզմի մեջ տեղավորվենք»:

Գալուստ Սահակյանն ասաց՝ Հանրապետականին ընդդիմության միասնությունը չի անհանգստացնում․ - «Գալու է ամբիցիաների ժամանակը: Հենց այդ հարցադրումը իրենց մեջ լինի, արդեն պատերազմ կսկսվի»: