Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն իր ծրագրային դրույթների ընդունման պարագայում չի բացառում կառավարությանը մաս կազմելը


Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ որոշ ժամանակ հետո Դաշնակցությունը մտնի կառավարություն, եթե տեսնի, որ ընթացքում իրականություն են դառնում իր համար կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրային յոթ դրույթները:

Ինչպես այսօր պարզաբանեց Ռուստամյանը, ընթացող բանակցություններում Սերժ Սարգսյանն այդպես էլ հստակ երաշխիքներ չի տվել, որ Դաշնակցության մատնանշած դրույթները իրականացվելու են, այդ պատճառով Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարում է, որ կառավարություն չի մտնում:

«Անորոշ են պատասխանները, այսինքն ոչ լիարժեք մերժում են, ոչ էլ հիմնավոր հաստատում են, որ ընդունվում են այդ մոտեցումները որպես սկզբունք քաղաքականություն մշակելու և կառավարության ծրագրի հիմքում դրվելու առումով։ Այս անորոշությունները հանգեցրել են նրան, որ մեզ պետք են երաշխիքներ, որ մեզ ասած ուղղությամբ ընթացքը հստակ կարձանագրվի։ Իշխանությունները, այս կամ այն կերպ չմերժելով, ասում են՝ ինչ-որ ձևեր գտնում են, որ կարելի է այս յոթ կետերի հետ ինչ-որ ձևով համաձայնել։ Իրենք չեն մերժել յոթ կետերը։ Դրա համար սրանով մենք տալիս ենք այդ հնարավորությունը իշխանություններին, որպեսզի երաշխավորեն՝ այդ յոթ կետերը կիրականացվեն, թե՝ ոչ։ Եթե գնահատենք, որ այդուամենայնիվ, իսկապես այդ յոթ կետերի հետ կապված իրական քաղաքական կամք է դրսևորվում, մենք կարող ենք համապատասխան ձևով մեր վերաբերմունքը դրսևորել»,- ասաց Ռուստամյանը։

«Մենք այս պահին էլ ենք ասել՝ եթե ամբողջությամբ ընդունեն, մենք ամբողջական պատասխանատվության պատրաստ ենք»,- պարզաբանեց նա։

Բացի արտաքին քաղաքականության հետ կապված խնդիրներից, այդ թվում՝ հայ-թուրքական արձանագրությունները, որոնց պատճառով Դաշնակցությունը 2009-ին դուրս եկավ կոալիցիայից, 100-ամյա կուսակցությունը խիստ կարևոր է համարում ևս երեք կետ, որոնք «ուղղված են քաղաքական համակարգի առողջացմանը»: Նախ Դաշնակցությունը պահանջում է փոխել պետության կառավարման համակարգը՝ կիսանախագահականից անցում կատարվելով խորհրդարանական համակարգի:

Ինչպես Արմեն Ռուստամյանը փոխանցեց, իշխանության հետ ամբողջական համաձայնություն այս հարցի հետ շուրջ դեռևս չկա: Բացի այդ Դաշնակցությունը պահանջում է ընդդիմությանը տալ վերահսկողական լծակներ և անցում կատարել խորհրդարանի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին:

Քանի որ իշխանությունը հստակ երաշխիքներ չի տվել, որ բոլոր այս պահանջները կատարվելու են, Դաշնակցությունը կառավարություն չի մտնելու, և ինչպես նշվում է այսօր տարածած պաշտոնական հայտարարության մեջ, հետևելու են իշխանության և կառավարության գործողություններին, նրանց հանդեպ վերաբերմունքն ու գործակցության ձևաչափն էլ պայմանավորելու են իրենց առաջարկած փաթեթի իրագործման աստիճանով։

Դաշնակցությունն իր հայտարարության մեջ իշխանափոխության կամ Սերժ Սարգսյանի հրաժարականի որևէ պահանջ չի ներկայացնում, միայն նշում է, որ շարունակելու է գործել ընդդիմադիր դաշտում` փորձելով երկիրը զերծ պահել ցնցումներից ու անկայունությունից:

Արմեն Ռուստամյանին հարցրեցինք, թե արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Դաշնակցությունը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ չի դնում, ինչի շուրջ քառյակի ուժերին փորձում է համախմբել Հայ ազգային կոնգրեսը: Գերագույն Մարմնի ներկայացուցիչը ընդգծեց, թե իրենց յոթ կետերից բաղկացած պահանջները դրված են ոչ միայն իշխանության և այլ քառյակի մյուս ուժերի առջև, իսկ քառյակում բոլորը չէ, որ համաձայն իրենց ծրագրային դրույթների հետ։

«Մենք չենք գնա այնպիսի իշխանափոխության, որտեղ հայտնի չէ նոր եկողը ինչ է անելու։ Մեզ համար շատ կարևոր է, որ նոր եկողը այնպիսի երաշխիքներ տա, որ իսկապես նույնը չի լինի, ինչ նա, ումից ուզում ենք հրաժարվել։ Այս երաշխիքները մենք տեսնում են յոթ կետերի կատարման մեջ։ Եթե չեն ընդունում յոթ կետերը մեր մյուս գործընկերները, մեզ համար միևնույն է, թե ով չի ընդունում։ Ինչ տարբերություն՝ դա իշխանություններն են մերժում, թե մեր մյուս գործընկերները։ Ես այդտեղ խնդիր եմ տեսնում։ Ուրեմն խնդիր կա միայն մարդափոխությամբ բավարարվել, անունը դնել իշխանափոխություն, բայց իրականում կգան նոր մարդիկ, սակայն նույն համակարգը կպահպանվի և այդ իշխափոխությունը չի ծառայի ժողովրդին»,- ասաց Ռուստամյանը։

Ի դեպ, քանի որ ոչ իշխանական ուժերի շարքերը ընդլայնվում են, ընդդիմության շարքերն անցնելու մասին հայտարարել է «Օրինաց երկիրը», Ռուստամյանին հարցրեցինք, թե արդյոք ՕԵԿ-ին նույնպես կընդգրկե՞ն քառյակի կազմում՝ այն վերածելով հնգյակի։

«Օրինակ, մենք հիմա արտահերթ նիստ գումարելու նախաձեռնություն ենք անում, որտեղ պիտի կուտակայինի հարցը քննարկենք, եթե ՕԵԿ-ը գալիս, ասում է՝ ես էլ եմ միանում ստորագրահավաքին, ինչ է, ասելո՞ւ ենք՝ չէ, մի ստորագրի։ Թող Հանրապետականն էլ ստորագրի»,- ասաց դաշնակցական գործիչը։
XS
SM
MD
LG