ԲՀԿ-ում Ծառուկյանի նկատմամբ «ճնշման փորձ» են համարում «Արարատցեմենտ»-ի շուրջ զարգացումները

«Արարատցեմենտ» գործարանի շուրջ վերջին զարգացումները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում (ԲՀԿ) որակում են Գագիկ Ծառուկյանին «ճնշելու փորձ»։

Կուսակցության ղեկավար անդամ, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ազատության» հետ զրույցում անմիջական կապ է տեսնում ԲՀԿ-ի փետրվարի 15-ի համագումարում հնչեցված հայտարարությունների և Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ»-ի աշխատանքը խոչընդոտելու փորձերի միջև։

Համագումարում իր ելույթում Ծառուկյանը հայտարարելով, որ ժողովրդի առաջ լուրջ խնդիրներ են ծառացած հանրապետությունում իրականացվող տնտեսական ու սոցիալական «անպտուղ» քաղաքականության պատճառով, հավաստիացրել էր.- «Ես պատրաստ եմ ցանկացած զարգացման, ցանկացած սցենարի: Ես չեմ կարող դիտորդի պես հետևել, թե ինչպես է իմ երկիրն օրեցօր թուլանում»։

Համագումարին հաջորդած ճեպազրույցում էլ կուսակցության ներկայացուցիչները սուր քննադատության ենթարկեցին իշխանությունների վարած քաղաքականությունը։ Համագումարից մի քանի օր անց գիշերով փակվել և դրոշմվել է «Արարատցեմենտ» գործարանին և հարակից բնակավայրերին ջուր մատակարարող ջրանցքի պոմպակայանը։ Գործարանը ջրազրկվել է և չի կարողացել աշխատել, իրենց հերթին կորուստներ են կրել այդ ջրից սնվող ձկնաբուծարաններն ու տնտեսությունները։

«Սա աշխատաոճ չէ, սա գործելաոճ չէ»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը.- «Ակնհայտ է մեկ բան, որ համագումարում հնչած որոշ ձևակերպումներ, որոշ ելույթներ ուղղակիորեն նման հակազդեցություն են առաջացրել, և այո, ես համաձայն եմ այն վերլուծաբանների հետ, որոնք «Արարատցեմենտ»-ում տեղի ունեցածը համարում են «դեղին քարտ»՝ ցույց տված Գագիկ Ծառուկյանին։ Ի դեպ, դա չեն էլ հերքում նաև իշխանության սպասարկու լրատվամիջոցները, որոնք իրենց վերլուծություններում հենց այդ ձևակերպումն էլ ներկայացրել էին, որ այո՛, սա «դեղին քարտ» էր ցույց տված Ծառուկյանին, որ, ինչպես իրենք էին ձևակերպել, «շատ չխորանա իր համագումարում արած հայտարարությունների մեջ» ։ Ճնշելու փորձեր են... գիտեք երբեմն ինձ մոտ տպավորություն է, որ իշխանության խորհրդատուները կամ իսկապես դիլետանտ են իրենց մասնագիտության մեջ, կամ աշխատում են հենց իրենց տերերի դեմ»։

Արարատ «Ազատություն» ռադիոկայանի այցելության ժամանակ պոմպակայանը մասամբ բացվել էր, գործարանն աշխատում էր, բայց, ինչպես ցույց տվեց պոմպակայանի աշխատակից Հովհաննես Ասլանյանը, ջրի մնացած մասը զուգահեռ ջրանցքով հոսում էր դեպի Ադրբեջանի տարածք։ Ասլանյանը ապշած էր, թե ինչպես կարելի էր ողջ տարածքը, այդ թվում շրջակա չորս գյուղերը զրկել ջրից։

«Գյուղացիք այս ջրով են սնվում, գետը որ ջուր չեղավ՝ վերջ... մեր կողմը լրիվ փակել էին, գետինն երևում էր։ Փակել էին, որ մեր ժողովուրդը սոված մնա»,- ասաց նա.- «52 տարի այս գործի մեջ եմ, առաջին անգամ նման դեպք եղավ, առաջին անգամ, որ ջուրը կտրեն, ժողովրդին ջուր չգնա։ Կոմբինատը կանգնեց, 1300 հոգի բանվորները մնացին»։

Թե ովքեր էին եկել և պոմպակայանը փակել, Հովհաննես Ասլանյանը չգիտեր, ասաց՝ գիշերվա 2-ին արթնացել, տեսել է՝ ջուր չկա։ Հետո մեծ աղմուկից ու բողոքից հետո բացել են, բայց ոչ ամբողջ ծավալով։

«Ինչի՞ համար ջրի մեծ մասը գնա էնտեղ, մեղք չի՞ մեր ժողովուրդը։ Շա՞տ է ջուրը, տվե՛ք մեզ, հայերը թող օգտագործեն, ինչի՞ եք թուրքերին տալիս։ Տեսեք, գնում է Նախիջևան։ Ախր ո՞նց կարելի է նման բան»,- դժգոհում էր նա։

Նույն օրերին ոստիկանության ու բնապահպանության տեսչության աշխատակիցները ստուգումներ են անցկացրել «Արարատցեմենտ»-ում, բայց Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ, գործարանը որևիցե խնդիր ու ջրօգտագործման համար ոչ մի լումա պարտք չի ունեցել, հակառակը՝ գերավճարներով է աշխատում։

Թե ինչո՞վ են պայմանավորված ստուգումները, ոստիկանությունից ու գլխավոր դատախազությունից փոխանցեցին, որ Արարատի մարզի ջրային ընդերքի օգտագործման կանոնները խախտելու հատկանիշներով հարուցված քրեական գործ կա, հնարավոր չարաշահումները հայտնաբերելու համար ստուգումներ են իրականացվում ողջ մարզի տարածքում, և փաստաթղթերն ուսումնասիրելու համար իրավապահներն այցելել են նաև «Արարատցեմենտ»։ Բայց վստահեցրեցին, որ ջրանցքի պոմպակայանը փակելու հետ իրավապահ մարմինները որևէ կապ չունեն։ Բնապահպանության նախարարությունը դեռ որևէ կերպ չի մեկնաբանում կատարվածը։

Մինչդեռ Նաիրա Զոհրաբյանը համոզված է, որ սա Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին հակադարձելու «փնթի» փորձ է։

«Քաղաքական մշակույթը պահանջում է, որ եթե դու ինչ-որ մեկի հետ ինչ-որ հարցում համաձայն չես և ունես «երկաթյա» հակափաստարկներ, ապա դա կարող ես ներկայացնել բաց, հրապարակային։ Մենք պատրաստ ենք ցանկացած հակափաստարկ բաց քննարկել, մենք պատրաստ ենք ցիվիլ, կոռեկտ բանավեճի։ Բայց երբ որ դու խուսափում ես հստակ, ցիվիլ բանավեճից և անցնում ես ահա այսպիսի մեթոդների, սա մեկ բանի մասին է խոսում, որ քո հակափաստարկները հիմնավոր չեն, որ քո հակափաստարկները թույլ են»,- ասաց ԲՀԿ ղեկավար անդամը.- «Երբ որ տեսնում են, որ երկիրը այսպիսի ծանր վիճակում է, երբ որ տեսնում են, որ գնում է լուրջ կոնսոլիդացիա քաղաքական ուժերի միջև, երբ որ լուրջ հետևություններ չեն անում, ապա այսպիսի քայլերի են դիմում»։