Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն մեկ բառով չի կարող ասել՝ իշխանափոխություն ուզում է, թե՝ ոչ


ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյան
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյան
Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) մեկ բառով չի կարող պատասխանել, թե արդյոք իշխանափոխություն ուզո՞ւմ են, թե՞՝ ոչ:

Վերջին շրջանում խորհրդարանի ոչ իշխանական ուժերը՝ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), ԲՀԿ-ն, Դաշնակցությունն ու «Ժառանգությունը» համատեղ խորհրդակցություններ են անցկացնում՝ փորձելով իշխանությունների դեմ պայքարում միասնական ճակատ ձևավորել:

Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած քաղաքական ուժը չի թաքցնում, որ կուտակային համակարգի դեմ պայքարից բացի, ոչ իշխանական 4 ուժերը քննարկում են նաև իշխանափոխության հարցը: Կոնգրեսի համոզմամբ՝ երկրում որևէ խնդիր չի լուծվի, մինչև որ իշխանափոխություն չլինի:

Մինչդեռ իշխանություններին անխնա քննադատող ԲՀԿ-ն առայժմ իշխանափոխության անհրաժեշտության մասին չի բարձրաձայնում: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան, թե իրենք ի վերջո ուզո՞ւմ են իշխանափոխություն, թե՝ ոչ, հետևյալ պատասխանը տվեց.- «Դուք ուզո՞ւմ եք մեկ բառով պատասխանեմ, թե շատ տարողունա՞կ... Մեկ բառով չի լինի պատասխանել՝ կողմ է, թե դեմ է»։

Մելքումյանի փոխանցմամբ՝ ԲՀԿ-ն հստակ դեմ է վարվող քաղաքականությանը, և կարծում են, որ մեկ ուժն այլևս անկարող է երկիրը ճահճային իրավիճակից դուրս բերել: Անհրաժեշտ է հասնել նրան, որ տեղի ունենա քաղաքական և հանրային լայն համախմբում, իսկ դրա համար դեռ պետք է ճանապարհ անցնել, «պետք է ավելի շատ ուժեղանալ»։

«Այսօր ուղղակի կոչ անել, որ իշխանափոխություն և վերջ, այդպես չենք ասում։ Մենք ասում ենք, որ պետք է քայլ-քայլ աշխատենք, ավելի շատ ուժեր համախմբվեն, ավելի շատ հանրային աջակցություն [լինի], և կարծում եմ՝ այդ ընթացքում իշխանությունը, ըստ էության, պետք է կարողանանք այնպես անել, որ փոխի իր քաղաքականությունը։ Ես ասացի՝ շատ խորհրդակցի, շատ լսի, համատեղ քննարկումներ անենք և հասնենք ճիշտ լուծումների։ Մենք պետք է ճանապարհ անցնենք, ուժեղանանք, հետո կյանքը արդեն բերելու է այդ հանգուցալուծմանը։ Այսօր մերկապարանոց հայտարարել, թե «սենց եմ ուզում, կամ նենց եմ ուզում», հարցի լուծում չէ»,- ասաց ԲՀԿ պատգամավորը։

Չնայած ԲՀԿ-ն անխնա քննադատում է Տիգրան Սարգսյանին և նրա կառավարությանը, սակայն կարծում է, որ Սարգսյանի փոփոխությամբ երկրում իրավիճակ չի փոխվի: Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժի ներկայացուցչի համոզմամբ՝ նախ և առաջ անհրաժեշտ է քաղաքական որոշումների վրա ունենալ իրական ազդեցություն:

«ԲՀԿ-ն ինչո՞ւ դուրս եկավ կոալիցիայից... ունենալ երեք նախարար, երկու մարզպետ և այլն, սա չէ խնդիրը։ Պետք է քաղաքական որոշումների ընդունման վրա ունենալ ազդեցություն։ Եթե մենք չունենք այդ ազդեցությունը, ուզում ես վարչապետ փոխի, ուզում ես մի փոխի, դրանից ի՞նչ է փոխվում։ Պետք է իրավիճակ փոխել, և քաղաքական իրավիճակ փոփոխելու արդյունքում լինի այդ լայն համախմբումը, որտեղ նոր խաղի կանոններ կլինեն»,- ասաց Մելքումյանը։

Անդրադառնալով ԲՀԿ-ի հասցեին հնչող այն քննադատություններին, որ այս ուժը հակասական քաղաքականություն է իրականացում, քանի որ մի կողմից սուր քննադատում է իշխող Հանրապետականին, բայց իշխանափոխություն չի պահանջում, իսկ ԲՀԿ ղեկավարն էլ հոտնկայս խմում է գործող նախագահի կենացը, Մելքումյանն ասաց, թե որևէ հակասականություն չկա, իրենք լավին լավ են ասում, վատին՝ վատ։

«Ինչքան մարդու քաղաքական կշիռը բարձր է, այնքան ինքը պետք է հավասարակշիռ քաղաքականություն վարի։ Եթե Գագիկ Ծառուկյանը Ազգային անվտանգության խորհրդի անդամ է, ինքը արարարողակարգային միջոցառումներին պետք է մասնակցի։ Մենք լավին լավ ենք ասում, վատին՝ վատ, սրանից պարզ բան չկա, ախր»,- ասաց պատգամավորը։

Դիտարկմանը, թե այսինքն նորմա՞լ է և կենացը խմել, և քննադատել, Մելքումյանը արձագանքեց.- «Կենացը ի՞նչ խնդիր է, որ մեկնաբանենք»։
XS
SM
MD
LG